Последние новости

Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԱԽՈՂԵԼ ԵՆ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը այս պահի դրությամբ գերազանցում է 100-ը։ Այս մասին News.am-ին հայտնեց Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությունն իրականացնող իրավաբան Սիրանուշ Սահակյանը։

«Ստուգված, նույնականացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց թվաքանակն այս պահին անհամեմատ մեծ է»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28–ին Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ Հայաստան են տեղափոխվել 4 հայ գերիներ, որոնցից երկուսը քաղաքացիական անձինք են։

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ընդամենը 4 գերի է տեղափոխվել Հայաստան, մինչդեռ խոսվում էր շուրջ 40–ի վերադարձի մասին, իրավապաշտպան արձագանքեց.

«Կարծում եմ իշխանությունները ձախողել են սեղմ ժամկետներում գերիների վերադարձի շուրջ բանակցությունները։ Բանակցային գործընթացում հայկական կողմը չունի հեղինակություն, նրան լուրջ չեն վերաբերվում։ Հայաստանին չի հաջողվել իր ձեռքում պահել Ադրբեջանի վրա ներազդելու որևէ լծակ, արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները չարաշահվում են ի վնաս Հայաստանի և Արցախի քաղաքացիների շահերի»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ գերիների վերադարձի ձգձգումը պայմանավորված է ՀՀ իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճով։

«Տեսանելի աշխատանք, որի շնորհիվ հնարավոր կլիներ մինչև Ամանոր վերադարձնել հայ գերիներին, ըստ էության, իշխանությունները չեն արել։ Շուտով տոնական օրեր են և Ադրբեջանը այդ ժամանակահատվածը ևս կօգտագործի հայ գերիների վերադարձի պրոցեսն անհիմն երկարաձգելու համար։ Այս հարցում հաշվի է առնվելու նաև միջազգային կառույցների աշխատանքային գրաֆիկը, ինչը նշանակում է, որ տոն օրերը կօգտագործվեն ի վնաս Հայաստանի, իսկ Ադրբեջանում հայերի մնալը ռիսկային է, յուրաքանչյուր ավել օրը մարդկային կյանքեր կարող է արժենալ»,–նկատեց նա։

Դիտարկմանը, թե Հայաստանի և Արցախի իշխանությունները հավաստիացնում էին, թե Քարվաճառում սպանություններ և այլ ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ադրբեջանին հանձնելով երաշխիքներ են ստեղծում մնացած հայ գերիների վերադարձի համար, Սահակյանը պատասխանեց.

«Եթե իսկապես նման երաշխիքներ էին ստացել, ապա անարգել մեկ– երկու թռիչքների միջոցով գերեվարված անձինք պետք է վաղուց արդեն վերադարձվեին, մանավանդ, որ Ագրբեջանը Հայաստանի հանդեպ ունի հայ գերիներին անհապաղ վերադարձնելու պարտավորություն»,–ասաց նա։

Իրավապաշտպանը նկատեց, որ նմանօրինակ հավաստիացումները պարզապես նպատակ ունեն հուսադրելու գերիներին սպասող հարազատներին։

Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ նաև գերիների հարազատների շրջանում տարածված այն մտահոգությանը, որ եթե իրենք մասնակցեն քաղաքական որևէ գործընթացի, ապա դրանով կվտանգեն գերիների վերադարձի գործընթացը։

«Ես զգուշավորություն և հուսալքություն եմ նկատել նրանց մոտ, իսկ հուսալքության և սպասման մեջ գտնվող մարդիկ հեշտ են ընկնում ազդեցության տակ, նրանց հեշտ է մանիպուլացնելը։ Հաճախ նրանց էմոցիոնալ վիճակը չարաշահվում է, և նրանք դառնում են քաղաքական գործընթացների մաս։ Սակայն այդ մտահոգությունները տեղին չեն և որևէ կերպ չեն կարող ազդել գերիների վերադարձի գործընթացին։ Հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն այնքան խելամիտ կգտնվեն, որ վեր կդասեն իրենց երեխաների և ընտանիքի շահերը և նման մանիպուլացիաների չեն տրվի»,–ասաց նա։

Իրավապաշտպանը միաժամանակ նկատեց, որ շատ հաճախ գերիների անունից խոսում են մարդիկ, որոնք առնչություն չունեն նրանց հետ։

«Չկա որևէ ստուգված տվալ, որ այդ անձինք հանդիսանում են գերեվարված ընտանիքի անդամներ, սակայն հանրությանը ներկայանում են, որպես գերեվարվածի հարազատ և փորձում են այդ խմբի անունից հանրությանը մոլորեցնել, կեղծ ազդակներ հղել, ինչը վկայում է այն մասին, որ գործ ունենք ուղղորդված պրոցեսների հետ»,–շեշտեց Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ հայկական կողմը գաղտնի է պահում պատերազմում զոհվածների, գերիների և անհետ կորածների թիվը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ