Արամ Ա կաթողիկոսի ուղերձը
Բացվող նոր տարվա սեմին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից քրիստոնեական ջերմ սիրով և հայրապետական օրհնությամբ ողջունում ենք մեր ժողովրդի սիրելի զավակներին։ Այս մասին իր հայրապետական պատգամում ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա վեհափառը։
«Տագնապալից տարի էր 2020 թվականը համայն մարդկության և հատկապես մեր ժողովրդի համար։ Կորոնավիրուսին ու տնտեսական ճգնաժամին առընթեր, Արցախի պատերազմն իր պատճառած տարածքային կորստով ու ավերումով, զոհերով ու վիրաւվորներով խոր ցնցում առաջացրեց ամբողջ հայության կյանքում։ Վտանգվեց Արցախի անկախությունը, նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ահավոր վտանգներով և անկանխատեսելի հետևանքներով լի ճգնաժամային այս կացության առջև ճիշտ չէ անտարբեր մնալը, ճիշտ չէ նաև հուսալքվելն ու ընկճվելը, հատկապես ճիշտ չէ պարտված լինելու հոգեվիճակին գերին դառնալը։ Արդ, անհրաժեշտ է անհատապես և ազգովի ամրացնել մեր հավատքը, ամրապնդել մեր հույսը, զորացնել մեր կամքը և դուրս գալ մեր ներուժը ջլատող ու մեզ դեպի նահանջ առաջնորդող ներկա անորոշ վիճակից։ Հայաստանում ու Արցախում անհրաժեշտ է հեռու մնալ ներքին բևեռացումներ ծավալող ու անկայունությունը խորացնող քայլերից և վերանորոգ հավատքով ու հույսով շաղախված նոր էջ բացել մեր հավաքական կյանքում։ Սա՛ է այս պահի հրամայականը։ Արդարև, Արցախում տեղի ունեցածը չի կարելի մոռացության փոշու տակ ծածկված պահել ու շարունակել մեր կյանքի բնական ընթացքը։ Մեր ժողովուրդը հաշվետվություն է պահանջում։
Հայրենիքի տերը անձերից ու իշխանություններից առաջ ու վեր ժողովո՛ւրդն է. նրա ճակատագիրը, ներկան ու ապագան որոշողը նույնպես ժողովո՛ւրդն է։ Հետևաբար, մեր ժողովուրդը մերժում է ներսից, թե դրսից պարտադրված որևէ որոշում կամ համաձայնագիր, որը վտանգում է իր գոյության ու ինքնության հիմքերը, իր հայրենիքի անկախությունը։ Մեր սրբերի աղոթքով ու նահատակների արյունով թրծված Արցախի ու Հայաստանի հողերը, մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը չեն կարող քաղաքական սակարկության և աշխարհաքաղաքական շահերի զոհը դառնալ։ Ցեղասպանությունից վերապրած հայ ժողովուրդը իր վերանկախացած հայրենիքով, իր վիրավոր, բայց կանգուն Արցախով, իր հզոր Սփյուռքով «ո՛չ» է ասում պարտվողականությանն ու հուսահատությանը։ Մենք հաղթանակի ժողովուրդ ենք. մենք Քրիստոսի հավատքով զորացած, խաչով հարություն կերտած ու կերտող ժողովուրդ ենք։
Հետևաբար, սգի քողը թող վերանա մեր կյանքից և մեր նահատակների արյունով շաղախված հույսի ու սիրո ծիածանը թող կամար կապի հայ կյանքի երկինքի վրա։ Սգի թափորի փոխարեն մենք կոչված ենք հաղթանակի երթ կազմակերպել և քալել առաջ կողք-կողքի, սիրտի-սրտի՝ հայրենիքն իր գերագույն արժեքներով ու ձգտումներով դավանելով ամեն բանից վեր, մեր ազգի անբեկանելի իրավունքները նկատելով մեր կյանքին առանցքն ու նպատակը։ Հայ ազգը այլ ճանապարհ չունի։ Եկեք, սիրելի հայորդիներ, աղոթենք միասին, որ Աստծո օրհնությամբ բացվող նոր տարին մեր ազգի ու հայրենիքի համար դառնա երկնային բարիքներով լի օրհնաբեր տարի։ Թող Աստված մեր բանակի նահատակ հերոսներին երկնային խաղաղություն պարգևի, վիրավորներին և բոլոր հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում, սգավոր ընտանիքներին՝ մխիթարություն, Հայաստանին ու Արցախին՝ անվտանգություն և մեր ազգի բոլոր զավակներին՝ առողջություն, հաջողություն ու երջանկություն։ Շնորհավոր Ամանոր»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա հայրապետը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 22:22
"Слишком много внимания заставляет осла думать, что он лев", поделился сентенцией на своей странице в соцсети Facebook политолог Ален Гевондян и призвал политизировать изречение.
-
2024-12-25 22:20
Все структуры Минской конференции: Минская группа, группа планирования высокого уровня, пост личного представителя действующего председателя ОБСЕ по карабахскому урегулированию подлежат роспуску. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-12-25 22:18
Президент России Владимир Путин лично пригласил лидеров СНГ на торжества по случаю 80-летия Победы в Москве в 2025 году.
-
2024-12-25 22:16
25 декабря католики всего мира отмечают Рождество. Папа Франциск в своем рождественском послании призвал к всеобщему примирению и миру, пишет Аль-Арабия.