Последние новости

Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԱՂԵՏԸ

Նիկոլ Փաշինյանն իր «անհավատալի արկածներով» ուղղակիորեն շարունակում է հայկական մեծ աղետը, և այն կանգնեցնել չի հաջողվում: «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Կարեն Բեքարյանն իշխանության այն պնդումները, որ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի գործընթացները քննադատողները պատերազմ են ուզում, որակել է որպես մանիպուլյացիա: «Անգամ այս իրավիճակում, այս գահավիժման մեջ մենք ունենք չլուծված խնդիրներ, որոնց լուծումը մեջքն ուղղելու, վաղվա օրվա տեսլական ունենալու հնարավորություն է տալիս», - նշել է նա:

Վերլուծաբանի պնդմամբ՝ մոսկովյան եռակողմ հանդիպման օրակարգում պետք է լինեին հայկական կողմերի համար ամենակարևոր խնդիրները՝ կապված Ադրբեջանի կողմից նոյեմբերի 10-ի զինադադարի խախտումների հետ, երբ նա առաջխաղացում իրականացրեց Հադրութի և Շուշիի շրջանի գյուղերի և բնակավայրերի ուղղությամբ, երբ Պաշտպանության բանակից պահանջվեց հանձնել դիրքերը Կուբաթլուի և Զանգելանի շրջաններում՝ չնայած եռակողմ համաձայնությամբ կողմերը պետք է մնային հրադադարի պահին ունեցած դիրքերում:

Օրակարգում պետք է լիներ հայ-ադրբեջանական սահմանների դեմարկացիայի խնդիրը: «Նոյեմբերի 10-ի փաստաթղթում չկար որևէ պայմանավորվածություն հայ-ադրբեջանական սահմանների վերաբերյալ, սակայն ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սկսեցին հայտնվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում և պահանջել, որ հայկական զինված ուժերը հետ քաշվեն», - նշել է նա:

Օրակարգում, ըստ Կարեն Բեքարյանի, պետք է դրված լիներ նաև նորանկախ շրջանում արդեն երրորդ անգամ ռազմական ագրեսիայի դիմելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը, Ադրբեջանի և Թուրքիայի հռետորաբանությունը, որը որևէ կերպ չի տեղավորվում տարածաշրջանում լարվածության թուլացման տրամաբանության մեջ:

Բնականաբար մոսկովյան հանդիպման օրակարգում ամենաառաջնային խնդիրը ռազմագերիներին և պահվող անձանց վերաբերվող հարցը պետք է լիներ: «Ադրբեջանը ոչ միայն չէր կատարել մեր ռազմագերիների, պահվող անձանց՝ այդ թվում նաև քաղաքացիական անձանց, հանձնելու պարտավորությունը, այլև նոյեմբերի 10-ից հետո շարունակել էր գերեվարելու պրակտիկան», - ընդգծել է նա:

«Խնդիր կա որևէ կերպ այս գործընթացը դադարեցնելու, ֆիքսելու նրա անթույլատրելիությունը, նրա հետևանքների հետ կապված հասնելու ինչ-որ արդյունքների», - նշել է վերլուծաբանը:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ տրամաբանական կլիներ, որ հայկական կողմն այս բոլոր նշված հարցերի հետ կապված խորհրդակցություններ սկսեր իր ռազմավարական գործընկերոջ, դաշնակցի և գործընթացի միջնորդ Ռուսաստանի Դաշնության հետ՝ փորձելով Մոսկվայում հասնել իր համար լավագույն արդյունքին:

«Ի՞նչ արեց հայկական կողմը՝ ի դեմս «վարչապետ» կոչվող Փաշինյանի: Այն ժամանակահատվածում, երբ դու պետք է փորձես ռուսական կողմի հետ բանակցություններով քո ազգային, պետական շահերից բխող կարևորագույն խնդիրներն առաջ բերել և հասնել լուծման, դու անում ես լրիվ հակառակ քայլը. տալիս ես սուտ տեղեկատվություն, որի ներքո կա հակառուսականության շատ մեծ ազդակ», - նշել է նա՝ ընդգծելով, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանն անձնապես ստացավ հերթական ապտակը, որը վերաբերում Հայաստանի Հանրապետությանը՝ որպես պետություն:

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ