Последние новости

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնք դատապարտում են Թուրքիային

Եվրախորհրդարանն ընդունել է «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մասին»(CFSP) և «Անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության մասին»(CSDP) բանաձևեր-տարեկան զեկույցներ, որոնցում հատուկ տեղ է հատկացված Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև դատապարտվում են Թուրքիայի միջամտությունը վերջին պատերազմին:

Նշվում է, որ Եվրախորհրդարանը «ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը մտահոգությամբ ընդգծում է հակամարտության մեջ երրորդ երկրների ռազմական մասնակցությունը և, մասնավորապես, Թուրքիայի ապակայունացնող դերն ու միջամտությունը կոչ է անում միջազգային հետաքննություն իրականացնել օտարերկրյա գրոհայինների ենթադրյալ ներկայության և կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ. կոչ է անում Եվրամիությանը և միջազգային մարմիններին ապահովել նրանց պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում արգելված զենք օգտագործելու համար. պնդում է, որ անհրաժեշտ է հումանիտար օգնություն մատակարարել, անհապաղ սկսել գերիների և վիրավորների փոխանակումը և պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը»:

Եվրախորհրդարանը առանձին պարբերությամբ խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խարխլում փխրուն կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում:

«Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ցանկացած միջամտությունից, այդ թվում` Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց, և ձեռնպահ մնալ ապակայունացնող գործողություններից ու ակտիվորեն նպաստել խաղաղությանը դատապարտում է Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից Լեռնային Ղարաբաղ, ինչպես հաստատում են միջազգային դերակատարները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները. ափսոսում է ԵԱՀԿ Մինսկի խումբն ապակայունացնելու նրա պատրաստակամության մասին, քանի որ նա հավակնում է հակամարտությունում ավելի վճռական դեր ունենալ»:

Նշվում է, որ Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը ամբողջական հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

Եվրախորհրդարանը «հուսով է, որ այս համաձայնագիրը կփրկի ինչպես խաղաղ բնակիչներին, այնպես էլ զինծառայողներին և ավելի պայծառ հեռանկարներ կբացի այս մահացու հակամարտության խաղաղ կարգավորման համար.

ափսոսում է, որ ստատուս քվոյի փոփոխությունը ձեռք է բերվել ռազմական ուժի, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով.

խստորեն դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունները և քաղաքացիական օբյեկտների ու երկրպագության վայրերի ոչնչացումը, դատապարտում է հակամարտության մեջ կասետային զինամթերքի օգտագործման մասին հաղորդագրությունները. վճռականորեն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին առանց հետաձգելու վավերացնել «Կասետային զինամթերքի մասին» կոնվենցիան, որն ամբողջությամբ արգելում է դրանց օգտագործումը. շեշտում է, որ տևական կարգավորում դեռ չի գտնվել, և որ տարածաշրջանի խաղաղության հասնելու և ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է ղեկավարվեն Մինսկի խմբի համանախագահների կողմից և հիմնված լինեն խմբի հիմնական սկզբունքների վրա.

ընդգծում է անհապաղ անհրաժեշտությունը` ապահովելու համար, որ մարդասիրական օգնությունը հասնի կարիքավորներին, ապահովվի հայ բնակչության և նրա մշակութային ժառանգության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև՝ որ ներքին տեղահանված անձանց և փախստականներին թույլատրվի վերադառնալ իրենց բնակության վայրեր.

կոչ է անում պատշաճ կերպով հետաքննել պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր պնդումները, և մեղավորներին պատասխանատվության ենթարկել.

կոչ է անում ԵՄ-ին ավելի կառուցողականորեն մասնակցել հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանի ճակատագիրը չթողնել այլ տերությունների ձեռքում»:

Նշվում է, որ ԵՄ-ին անհրաժեշտ անհապաղ է որոշել լավագույն աշխարհաքաղաքական և ընդհանուր ռազմավարությունը Թուրքիայի հետ իր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարաբերությունների համար, հատկապես ժողովրդավարությունից շարունակական նահանջի և Թուրքիայի արտաքին քաղաքականության աճող ճնշումների ֆոնին, ինչը նպաստում է լարվածության սրմանը և ապակայունացնող ազդեցությանը, որը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը արևելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ինչպես նաև Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում նրա դերի առնչությամբ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ