Последние новости

ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԳՈՌՈՒՄ-ԳՈՉՅՈՒՆԻ ՈՒ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

«Կարաբուլախ գյուղում հոգեկան հիվանդ տղայի գլուխը կտրել են հենց տեսախցիկի առաջ, հետո իրանին խոզի գլուխ հագցրել, և այդ ամենը՝ ամբոխի գոռում-գոչյունի տակ...». սա ֆեյսբուքյան օգտատիրոջ մեկնաբանություններից մեկն է այն գրառման տակ, որ Արցախում հերթական անգամ հայտնաբերել են քաղաքացիական անձանց աճյուններ: «Ինչո՞ւ մեր իշխանությունները չեն գոռում աշխարհով մեկ, ո՞վ է պատասխան տալու դրա համար, թե՞ աշխարհին հետաքրքրում է միայն խոջալու-մոջալուն»,- հարց է տալիս գրառման հեղինակը՝ ընդգծելով, որ խոսքը նույնիսկ ոչ թե զինվորականների, այլ քաղաքացիական անձանց մասին է, որոնք գազանաբար սպանվել են ադրբեջանցի զինվորների կողմից ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո՝ ընդհուպ մինչև վերջին օրերը։

Դրա հերթական օրինակը Արսեն Կարախանյանի սպանությունն էր՝ հունվարի կեսերին։ Մեկ այլ դեպք էլ, որի մասին հայտնի դարձավ օրերս, Ազոխ և Դրախտիկ գյուղերի իրենց տների բակերում սպանված հայտնաբերած երեք քաղաքացիական անձինք են։ 55 և 80 տարեկան երկու տղամարդիկ և 55-ամյա կին։ Նրանք բոլորը հրաժարվել են լքել հարազատ տները. կինը, ինչպես հաղորդվում է, հոգեկան հիվանդությամբ տառապող հաշմանդամ էր։ Ադրբեջանցի ճիվաղները սպանել են անօգնական ու անպաշտպան մարդկանց միայն այն բանի համար, որ նրանք հայ են, և սպանել են, ըստ ամենայնի, առանձնակի դաժանությամբ։ Նրանց նույնիսկ պատանդ չեն վերցրել. պարզապես սպանել են։ Դժբախտներին հագուստից ճանաչել են ազգականները։

Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, ԶԼՄ-ները հաղորդեցին Քարինտակի բնակչուհի Ալվարդ Թովմասյանի կրկին իսկ սեփական տան մոտ հայտնաբերված աճյունի մասին։ Հարազատների խոսքերով՝ 58-ամյա կինը մտավոր խնդիրներ է ունեցել և հրաժարվել լքել հայրենի գյուղը։ Թովմասյանի մարմնի վրա հայտնաբերվել են կտտանքների հետքեր, բացի այդ, նա անդամահատված էր. կտրել էին ձեռքը, ականջը, ոտքը։ Թե ինչպես անվանել նրանց, ովքեր կարող են նման բան անել, չգիտեմ…

Արցախում հայտնաբերված քաղաքացիական անձանց և զինծառայողների դիակների մասին հաղորդագրությունները հայտնվում են գրեթե նույն պարբերականությամբ։ Ադրբեջանի նախագահը ցինիկաբար ահաբեկիչ է անվանում Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև այլ երկրների հայազգի քաղաքացիներին, որոնք Արցախ են մեկնել իրենց Հայրենիքը պաշտպանելու. Ալիևն իրեն իրավունք է վերապահում դատել ու հետախուզում հայտարարել նրանց նկատմամբ, իսկ այդ ընթացքում իր հրոսակները հրեշավոր դաժանությամբ հաշվեհարդար են տեսնում խաղաղ բնակիչների հետ, որոնք տարբեր պատճառներով մնացել են բռնազավթված տարածքներում: Այսինքն իրենց պահում են ահաբեկիչների պես, այդ բառի ամենաճշգրիտ ընկալմամբ, և ԻԼԻՊ-ի, ինչպեսև, ասենք, սեփական ավանդույթներին լիովին համապատասխան. հիշենք և՛ Արցախյան առաջին ազատամարտի, և՛ Ապրիլյան պատերազմի իրադարձությունները…

Վերջին չորս ամիսների ողջ ընթացքում, գրեթե առաջին օրվանից ի վեր, ցանցը բառացիորեն հեղեղված էր հայերի՝ գերիների ու պատանդների, ծերերի և պատանիների, տղամարդկանց ու կանանց նկատմամբ դաժան հաշվեհարդարի զարհուրելի դաժան տեսանյութերով: Առ այսօր Բաքուն նպատակաուղղված կերպով հոգեբանական տեռոր է իրականացնում՝ պարբերաբար զետեղելով լուսանկարներ, տեսանյութեր և պարզապես տեղեկատվություն նման դեպքերի մասին։ Զուգահեռաբար ինտենսիվ աշխատանք է տարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ուր արդեն ուղարկվել են Ադրբեջանի բողոքները, ընդ որում՝ ոչ միայն գույքային բնույթի. Բաքուն բողոքում է Երևանի կողմից սեփական քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ։ Նույնքան նպատակաուղղված կերպով գործընթաց է տարվում քաղաքական մակարդակում. ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարբեր տեսակի մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին։ Հասկանալի է, որ Ալիևը, գերազանց իմանալով անձամբ իր ու իր ճիվաղների կատարած ոճրագործությունների մասին, ձգտում է որոշակի հավասարակշռություն ստեղծել և դրանով իսկ առավելագույնս քողարկել սեփական հանցագործությունները։

Վերջապես, հետեվողական աշխատանք է տարվում տեղեկատվական ճակատում. բացի վերջին պատերազմի հետ կապված թեմաներից, համաշխարհային մամուլում արդեն սկսել են հոդվածներ հայտնվել 1992 թվականի փետրվարի 26-ին Աղդամում տեղի ունեցած, այսպես կոչված, «Խոջալուի իրադարձությունների» մասին, բնականաբար՝ ադրբեջանական մեկնությամբ։ Օրինակ, բառացիորեն օրերս ստով ու կեղծիքով լի հոդված է հրապարակվել լեհական մամուլում։

Ի՞նչ է արվում այդ խորապատկերին Երևանում ու Ստեփանակերտում։

Համակարգված աշխատանք ընթանում է միայն իրավական մակարդակով. առաջին հերթին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ջանքերով, որն իր աշխատակիցների հետ միասին (ավելի վաղ՝ Արցախի նախկին օմբուդսմենի հետ սերտ կապի մեջ) հիրավի տիտանական աշխատանք է կատարում։ Ինչպես նաև ՄԻԵԴ-ում գերիների գծով աշխատող մի շարք իրավապաշտպանների և Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կողմից։ Վերջինս օրերս հայտնեց, որ պատրաստվում են ինչպես Հայաստանի գանգատը, այնպես էլ Բաքվի հայցի վերաբերյալ հակափաստարկները։

Դա անշուշտ շատ կարևոր է, բայց կա միանգամից մի քանի «բայց»։ Նախ՝ իրավական դաշտում տարվող աշխատանքը ոչ մի կերպ չի ամրապնդվում քաղաքական և տեղեկատվական ոլորտներում իրականացվող գործունեությամբ. այստեղ ակնհայտ ու բացարձակ զրո է։ Երկրորդ՝ աշխատանքի նման ծավալը հազիվ թե կարող է հաղթահարել միայն ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը, նույնիսկ իրավապաշտպանների աջակցությամբ. անհրաժեշտ է հատուկ ընդլայնված հանձնաժողով։ Երրորդ՝ լայնորեն հայտնի է, որ ՄԻԵԴ-ն իր մեխանիզմով ծայրաստիճան դանդաղկոտ կառույց է, և հայցերն այնտեղ դիտարկվում են շատ երկար, տարիներ և նույնիսկ տասնամյակներ շարունակ։

Ի դեպ, համարձակվենք ենթադրել, որ հենց դա է Կիրակոսյանի աշխատանքի նկատմամբ ներողամիտ վերաբերմունքի պատճառը Փաշինյանի կառավարության կողմից, որը պատերազմին հաջորդած երկուսուկես ամիսների ողջ ընթացքում ոչ մի բառ չի ասել Ալիևի ռեժիմի կողմից կատարված և կատարվող ռազմական հանցագործությունների մասին։ Ժամանակ առ ժամանակ հայտնվում են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունները, սակայն պետության առաջին դեմքեր համարվող անձանց լռության խորապատկերին այդ հայտարարությունները դիտվում են լոկ որպես թույլ փորձ՝ մեղմելու իշխանությունների փաստացի լռության հետ կապված խայտառակ իրավիճակը։

Երկուսուկես ամսվա ընթացքում քանի՞ անգամ են իշխանական խմբակցության պատգամավորները հանդես եկել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող գերիների ու պատանդների խոշտանգումների և սպանությունների վերաբերյալ հայտարարություններով: Իրեն խորհրդարանական մեծ դիվանագետ համարող Լիլիթ Մակունցը գոնե մեկ անգամ հանդե՞ս է եկել այս հարցի շուրջ որևէ միջազգային հարթակում։ Իսկ իրեն քաղաքական գործիչ համարող Լենա Նազարյա՞նը։ Իսկ ԱԺ նախագահ Միրզոյա՞նը, որին երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը համարում է թուրքական գործակալ: Այս հարցի վերաբերյալ եղե՞լ է արդյոք խորհրդարանական պատվիրակության գոնե մեկ հայտարարություն միջազգային որևէ միջոցառման ժամանակ, թեկուզ առցանց ռեժիմով։ Որևէ երկրում կամ միջազգային կազմակերպությունում հանդե՞ս է եկել դեսպանն այդ առնչությամբ, տարածվե՞լ է հայտարարություն: Գերիների վերաբերյալ քանի՞ անգամ է ելույթ ունեցել ինքը՝ իրեն վարչապետ համարող սուբյեկտը, կամ իր թիմակիցները. այնպես, որ լսելի լինի միջազգային մակարդակով։

Պատասխանը հետևյալն է. դեկտեմբերի 8-ի նիստից ու հայտարարությունից բացի, ՀՀ խորհրդարանը ոչ մի անգամ չի բարեհաճել քննարկել այս հրատապ խնդիրը և վերստին հրավիրել միջազգային գործընկերների ուշադրությունը: Իշխանական խմբակցության պատգամավորներն ու կառավարության անդամները, եթե անգամ ծպտուն են հանել թեմայի վերաբերյալ, ապա արել են դա խիստ հազվադեպ ու հարկադրված։

Մինչդեռ Ադրբեջանի հանցագործությունների, առաջին հերթին՝ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ գործած գազանությունների մասին պետք է խոսել ու գոռալ ամեն անկյունում, եթե պետությունն իրապես ձգտում է փրկել նրանց ու վերադարձնել։ Դա չի արվում. իշխանություններն ասես բերանը ջուր են առել ու ո՛չ խոսքով, ո՛չ գործով չեն դատապարտում և պատիժ չեն պահանջում ո՛չ Ալիևի, ո՛չ էլ նրա մարդակերների նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Արցախի իշխանություններին. նախագահ Հարությունյանն իրեն այնպես է պահում, ասես գազանաբար սպանվածները ինչ-որ այլ երկրի, այլ ոչ թե Արցախի քաղաքացիներ են։ Արտակ Բեգլարյանի հրաժարականից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն առ այսօր չի նշանակվել Մարդու իրավունքների նոր պաշտպան, թեև այդ ուղղությամբ անսպառ աշխատանք կա անելու

Առանձին խոսակցության է արժանի նաև լրատվական դաշտը։ Բաքվում հայերի ցեղասպանության 31-րդ տարելիցը, որը համեստ հիշատակվեց լոկ հասարակայնության կողմից, անցած բոլոր տարիներին ուղեկցվել է առնվազն ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներով, մինչդեռ այս անգամ «անցավ-գնաց» առանց այդ ամենի։ Հանցագործությունների այն առատությամբ հանդերձ, որ նախկինում կատարել է և շարունակում է կատարել Ադրբեջանը, համաշխարհային մամուլում չի հրապարակվել ոչ մի նյութ, այդ թվում՝ գերիների թեմայով: Եթե անգամ եղել են, ապա բնավ ոչ հայկական համապատասխան կառույցների ջանքերով։ Թե ինչով են զբաղված ՀՀ վարչապետին կից տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնում, որի մասնագետները նախկինում ակտիվորեն զբաղվում էին այդ հարցերով, մնում է միայն գուշակել։

Հենց միայն Մարալ Նաջարյանի՝ արդեն պատերազմից հետո գերեվարված Լիբանանի քաղաքացու ցավալի պատմությունը, որի մասին հայտնի դարձավ դեռևս դեկտեմբերի կեսերին, պետք է հեղեղեր համաշխարհային լրատվամիջոցների էջերը՝ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտման մասին վերնագրերով։ Այդ կնոջ ու նրա ուղեկցի՝ նույնպես լիբանանահայի մասին, որը Մարալի հետ Շուշի էր մեկնել իրերը վերցնելու, պետք է մեկը մյուսի հետևից հայտարարություններ ներկայացվեին տարբեր կառույցներին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, Եվրախորհրդարանին... Բայց այդ մասին ակնարկ անգամ չկա։ Ասես չկա նաև ինքը՝ գեղեցկուհի Մարալը, ինչպեսև տասնյակ ու հարյուրավոր հայեր, որոնք ամեն օր կտտանքների ու խոշտանգումների են ենթարկվում Բաքվի բանտերում…

Ասենք, Նիկոլ Փաշինյանի ու իր թնմակիցների համար, նրանք իրոք որ չկան։ Այս իշխանությանը վաղուց արդեն չեն հետաքրքրում ՀՀ քաղաքացիները և ընդհանրապես հայերը։ Ինչպես վերջերս հայտարարեց Լարիսա Ալավերդյանը, Փաշինյանը հանձնել է հողերը մարդկանց հետ միասին, և նրա համար դա անցած փուլ է, որի մասին իշխանությունը ցանկանում է հնարավորինս շուտ մոռանալ: Այդ մարդկանց ճակատագրերը նրան չեն հուզում, այդ հարցին նա անդրադառնում է լոկ հարկադրված, ինչպեսև իր թիմակիցները։ Այս իշխանությունը երբեք չի բարձրացնի Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցը նաև այն պատճառով, որ ինքը մեծապես մասնակից է դրանց. պատերազմի ժամանակ Հայրենիքին ու քաղաքացիներին դավաճանելով, իսկ պատերազմից հետո Հայրենիքն ու քաղաքացիներին՝ ինչպես զոհվածներին, այնպես էլ գերեվարվածներին մոռացության մատնելով։

Փաշինյանն ու Ալիևը ոճրակիցներ են, որոնք միմյանց չեն մատնում. դե, թերևս մեկը ամեն կերպ ծաղրում ու նվաստացնում է մյուսին, իսկ այդ մյուսը լուռ կուլ է տալիս ոչ միայն անձամբ իրեն, այլև ողջ երկրին հասցեագրված այդ ծաղրն ու նվաստացումները։

Դրա համար նույնպես վճարվա՞ծ է։

Հ.Գ. ԵԽԽՎ պատգամավորների հրաժարումը՝ ձմեռային նստաշրջանում քննարկելու հայ գերիների հարցը, իշխանությունների հերթական ձախողումն է։ Հարց է ծագում. ինչո՞ւ էր պետք մեկնել այնտեղ մի ողջ պատվիրակությամբ, ներկա պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ նախընտրեցին հեռավար մասնակցությունը։ Իսկ եթե մեկնեցիք, ապա պետք էր ամեն գնով հասնել հարցն օրակարգում ընդգրկելուն։ Եվ մերժման դեպքում՝ դուրս գալ, դուռը շրխկացնելով։

Հաշվի առնելով պատվիրակության կազմը՝ կասկածի տեղիք է տալիս նույնիսկ այն, թե առհասարակ փորձե՞լ են արդյոք նրանք օրակարգ մտցնել հարցը։ Թե՞ ուրախացած, որ վերջապես հաջողվել է թռնել Եվրոպա, մոռացել են այն գլխավոր նպատակի մասին, հանուն որի միայն արժեր մեկնել Ստրասբուրգ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВОЗМОЖЕН ЛИ ТЕРАКТ В ЕРЕВАНЕ? СЛУЖБА НАЦИОНАЛЬНОЙ (НЕ) БЕЗОПАСНОСТИ БЕЗМОЛВСТВУЕТ И БЕЗДЕЙСТВУЕТ
      2022-08-24 10:09
      1323

      Для МЧС молы и торговые центры являются объектами повышенного риска, заявил глава министерства Армен Памбухчян в ходе пресс-конференции, отвечая на вопрос о том, проводятся ли дополнительные проверки в аналогичных объектах после трагедии в ТЦ «Сурмалу». И добавил, что у МЧС есть планы на случай инцидентов по разным сценариям. О том, что предпринимается властями, чтобы эти «инциденты» не происходили, министр, судя по публикациям в прессе, не сказал ни слова. Да и не его это компетенция, если честно.

    • НОТА ПОЛКОВНИКУ ЗИМИНУ: КАК ВЫКОРМЫШ АЛИЕВА И ЗЕЛЕНСКОГО ПОПАЛ В БЕРДЗОР И АХАВНО?
      2022-08-20 10:53
      2151

       «Провокация рупора aлиeвcкoй пропаганды Фатуллаева, а на самом деле - тщательно подготовленная операция спецслужб Typции и Азepбайджaнa была направлена не столько против Арцаха, сколько против России и российского миротворческого контингента в Арцахе. Oголтелую антироссийскую пропаганду Эйнулла на своем ресурсе хаккин.аз ведет очень давно, и не думаю, что он не попал в поле зрение российских спецслужб, особенно после украинского зимне-весеннего турне и ряда антироссийских хаккиновских публикаций.

    • ЕСЛИ БЫ ДАДРЯН ЗНАЛ, ОН ВРЯД ЛИ ХОТЕЛ БЫ БЫТЬ ПОХОРОНЕННЫМ В АРМЕНИИ…
      2022-08-19 09:34
      1690

      На фоне трагедии в торговом центре «Сурмалу» как-то незамеченным прошло то, что в обычных условиях вызвало бы шквал возмущенных комментариев в соцсетях и обществе в целом. Речь – о записи в Фейсбук известного турецкого ученого историка Танера Акчама. Напомню, что Акчам один из первых турецких академиков, признавших Геноцид армян, исследователь и автор ряда книг и статей на тему Геноцида. В 1976 году был арестован и приговорён к 10 годам тюремного заключения, но сбежал, перебрался в Германию, где получил статус политического беженца. В настоящее время является профессором университета Миннесоты (США).

    • БЕЗ ПРИЧИНЫ: ПОЧЕМУ БАКУ ЗАПРЕЩАЕТ ПОИСК ОСТАНКОВ ПОГИБШИХ?
      2022-07-25 11:54
      1723

      Пресс-секретарь главы МВД Арцаха Унан Тадевосян сообщил изданию 168.am, что поисковые работы останков военнослужащих и гражданских лиц на оккупированных территориях приостановлены и уже долгое время не проводятся, поскольку азербайджанская сторона не позволяет. По его словам, при посредничестве российской стороны ведутся переговоры о возобновлении поисков, однако позитивных сигналов пока нет.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ