Последние новости

Քարին Տակի ինքնապաշտպանության օրը 29 տարվա ընթացքում առաջին անգամ նշեցին Եռաբլուրում

Այսօր Քարին Տակի ինքնապաշտպանության օրն է: Վերջին 29 տարիների ընթացքում առաջին անգամ հաղթանակի տարեդարձը նշում են ոչ թե Շուշիի հարևանությամբ գտնվող գյուղում, այլ Երևանում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում գյուղն անցավ ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Քարինտակցիները, շուշեցիները ոչ մի կերպ չեն համակերպվում իրավիճակին, հարցեր են տալիս, պատասխաններ չեն գտնում, կասկածներ են հայտնում, փարատումներ չեն գտնում։

Շուշիի քաղաապետ Արծվիկ Սարգսյանն այսօր այլ արցախցիների հետ Եռաբլուրում էր՝ խոնարհվելու հերոսների շիրիմների մոտ։

«Ոչ մեկս չէինք պատեկարցնում, որ անառիկ բերդը պետք է հանձնվեր։ Ոչ մեկս։ Ես մտածում էի, որ ադրբեջանցիների ողնաշարը ջարդվելու է Քարին Տակում, երկրորդ անգամ արյունոտ ձոր է դառնալու այն իրենց համար։ Բայց զորքն անհասկանալի պատճառներով դուրս էր բերվել, մնացել էր 35 քարինտակցի։ Զոհեր են եղել։ Այնտեղ պետք է պաշտպանությունն ուժեղացվեր, հրետանին աշխատեր, մինչդեռ զորքը հանվել է, հրետանին դուրս բերվել։ Թե ինչ է եղել, անհասկանալի է։ Ես այսօր մտածում եմ, որ պետք է ամեն բան անել, որպեսզի անցնենք ազատագրման գործողությունների։ Քարին Տակում երբևէ ադրբեջանցի չի ապրել»,-ասում է նա ու նշում, այսօր ժողովրդի ոգին ամեն կերպ բարձրացնելու անհրաժեշտություն, պետք է իրար սիրել ու ձեռք ձեռքի տալ, բռունցք դառնալ։

Նրան հասած տեղեկություններով, թշնամու զիննվորներն ավիրում են Շուշիում, Քարին Տակում գյուղում ամեն բան՝ սրբավայրերը, գերեզմանները։

«Հունվարի 26-ի հաղթանակի առթիվ գյուղում հուշարձան կար կանգնեցված, քանդել են, ջարդել, լցրել փոսը»,-ասաց Սարգսյանը։1992 թվականի հունվարի 26-ին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում կայացել է ռազմական առումով անհավանական գործողություն: Հայ ժողովրդի պատմության մեջ 1992 թվականի հունվարի 26-ը ամրագրվել է, որպես Քարին տակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը, ելնելով նույն օրն ունեցած հարյուրավոր զոհերի քանակից և խայտառակ պարտությունից, 1992 թվականի հունվարն անվանել է ‹‹արյունոտ հունվար››, իսկ Քարին տակը՝ ‹‹արյունոտ ձոր››։

Քարին Տակը Շուշիին ամենամոտ գյուղն է: Շուշիի կիրճում՝ Կարկառ գետի ձախ ափին է ծվարած արծվաբույն Քարին տակը: Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ այս հայկական գյուղն 90-ական թվականներին իսկական պատուհաս էր դարձել ազերիների համար:

«Արցախպրես»-ը մանրամասնել էր, որ ազերիները բազմաթիվ սադրանքների էին դիմել իր սար ու քարին կառչած քարինտակցուն տեղահանելու համար: 1992 թվականի հունվարի 26-ին ազերիները, գյուղը չորս կողմից շրջապատելով, ցանկանում էին բնաջնջել իրենց ամենից շատ անհանգստացնող քարինտակցիներին: Քարինտակցիները մեկ մարդու պես ոտքի են կանգնել:

Մեծ ու փոքր, մահն աչքների առաջ, անհավասար մարտի են ելել ադրբեջանական ոհմակի դեմ և ութժամյա կատաղի դիմադրությունից հաղթող դուրս եկել: Շուշիից գլորվող քարե հեղեղն ու վառվող անվադողերը ոչ թե վախեցրել և խուճապի են մատնել քարինտակցիներին, այլ ինքնապաշտպանական ջոկատ և պաշտպանական դիրքեր ստեղծելու մտահղացման պատճառ են դառձել:

Արդյունքում՝ 1989 թվականին ստեղծվել է Քարին տակի ինքնապաշտպանական ջոկատը: Գյուղը մինչ 1992 թվականի հունվարյան հայտնի դեպքերը պարբերաբար ստուգումների է ենթարկվել խորհրդային բանակի զինվորների, հետագայում նաև օմոնականների կողմից՝ նպատակ ունենալով զինաթափել գյուղը, մինչդեռ գյուղացիները վարպետորեն կարողացել են թաքցնել տարբեր միջոցներով ձեռք բերված որսորդական, ինքնաշեն հրացանները, նռնակներն ու ինքնաձիգները: Գյուղի բնակիչները շատ լավ են հիշում հունվարյան այս օրը. 1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Քարին տակ գյուղում իրադրությունն անհանգիստ էր: Շուշիի սարահարթից հակառակորդն անցել էր նախադեպը չունեցող հարձակման:

1992թ. հունվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհթիևի անմիջական ղեկավարությամբ մշակվում է մարտական գործողությունների պլան, համաձայն որի՝ հաշված ժամերի ընթացքում պլանավորվում է հայաթափել գյուղը: Հակառակորդը, մինչև ատամները զինված երկու կանոնավոր գումարտակով՝ մոտ 600 զինվոր, սկսում է ռմբակոծել Քարին տակը:
Հակառակորդը, գյուղի մատուցներում թողնում է 150-ից ավելի զոհ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք և դիմում փախուստի: Հայկական կողմը նույնպես զոհեր և վիրավորներ է ունեցել այդ օրը: Զոհեր են եղել նաև խաղաղ բնակիչներից, ովքեր մինչև վերջ գտնվելով գյուղում' օգնել են հայ տղաներին: Արցախյան ազատամարտի տարբեր ռազմագործողություներում իրենց կյանքն են զոհել 45-ից ավելի քարինտակցիներ:

Արցախյան տարեգրության մեջ հունվարի 26-ը կոչվել է Քարին տակի հերոսամարտ: Քարին տակի հերոսամարտում զոհվել է գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար, Գերագույն խորհրդի պատգամավոր Վաղարշակ Առուշանյանը:

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ