Последние новости

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամեն մեկը կարող է մտածել, որ սա եղել է նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմի

Անցած ժամանակահատվածում էլի մի շարք բացահայտումներ եղան, որոնք ավելի մեծ կասկածներ առաջացրեցին, թե ինչու մենք այսպիսի պարտություն ունեցանք։ Եվ դա գումարվեց այն հանգամանքին, որ այն ժամանակ հնչեցված փաստերին, որևէ ոսջամիտ բացատրություն մենք չենք ստացել։ Այս մասին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սևակ Հակոբյանի (Yerevan-today) և Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 


«Եվ սա՛ է ստեղծում այն մթնոլորտը, որի պատճառով քաղաքացիների շրջանում բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք անպատասխան են մնում պետական մարմինների կողմից։ Սա, իհարկե, մեծ պրոբլեմ է։ Այսպիսի մի դիլեմա է առաջանում յուրաքանչյուր մարդու համար վարչապետը, իշխանությունն արեցին ամեն ինչ պատերազմ ունենալու համար կամ չարեցին ոչինչ պատերազմը կանխելու համար։ Եվ երկրորդը վարչապետը, իշխանությունը արեցին ամեն ինչ պատերազմում պարտվելու համար և չարեցին ոչինչ պատերազմում չպարտվելու համար։ Երբ քաղաքացին այսպիսի դիլեմայի առջև է կանգնում, իհարկե, սա նորմալ վիճակ չէ, և քաղաքական դիսկուրսը երկրում, քննակումները գնում են այն ուղղությամբ, թե ինչ չափով է այդ կասկածը պրեյոկտվում մեր իրավիճակի վրա։ Կրկնեմ՝ այն ժամանակվանից բազմաթիվ հարցեր ավելացան, որոնք մնացին անպատասխան», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Դուք ունե՞ք պատասխանը, հարցին, ՀՀ նախկին նախագահն ասել է այնքան շատ են սխալները, որ ինքը կարծում է՝ մեկ մարդու համար, մեկ պատերազմի համար դրանք չափից դուրս շատ են։

«Ես կառաջարկեի այդ հարցին նայել այլ անկյան տակ իսկ ինչն է ճիշտ արվել, որպեսզի չունենանք պատերազմ և չպարտվել այդ պատերազմում։ Այս 2,5 ամսվա մեջ որևէ մեկը չի ասել, թե ինչն է ճիշտ արել այս վարչապետը, այս իշխանությունը այս վիճակում չհայտնվելու համար։ Ասում է՝ 30 տարի, և այլն, և այլն, բայց կոնկրետ այս ընթացքում ի՞նչն է ճիշտ արվել։ Եվ սա ուղղակի ապշեցնում է։ Գիտեք, կյանքում չի լինում, որ ենթադրվող բազմաթիվ քայլերից, նույնիսկ պատահաբար դու մեկ ճիշտ քայլ չես անում։ Ուղղակի հիշեցնենք մեր ժողովրդին, խոսքը մի շարք բաների մասին է դիվանագիտական ձախողում, գործընթացը փակուղի մտցնել, հրահրել Թուրքիային, Ադրբեջանին, քայլերով միավորել նրանց մեր դեմ, պատերազմի ժամանակ մարտական ճանապարհ անցած փորձառու հրամանատարների չեզոքացում, կանոնավոր բանակից անցում ջոկատների, այս ամենը քննարկվել է և շարունակում է քննարկվել մինչև օրս։ Եվ կրկնեմ, օգնեք ինձ ասել՝ ո՞ր քայլն է եղել ճիշտ, այս վիճակում չհայտնվելու համար», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Դավաճանությո՞ւն էր, թե՞ անպարաստության, անփութության հետևանք, հարցին ի պատասխան, ՌՔոչարյանն ասել է

«Փաստացի ի՞նչ ունենք մենք այսօր ձայնագրությունից նկատելի է, որ այդպիսի թեմա եղել է (նկատի ունի Լուկաշենկոյի կողմից Սերժ Սարգսյանին Ալիևի կողմից 5 մլրդ դոլար առաջարկելը Արցախի անվտանգության գոտուց հրաժարվելու դիմաց՝ News.am), քննարկումներ եղել են, մերժում եղել է։ Հայտնի դարձավ նաև, որ այս նոր իշխանությունը այս կարգի խոսակցության մեջ մտել է Ադրբեջանի հետ, հայտնի պաշտոնյա, հանդիպում Դուբայում, փաստացի եղել է։ Եվ մենք չգիտենք՝ այդ առաջարկն ընդունվե՞լ է, թե՞ մերժվել։ Մենք ունենք այդպիսի խոսակցություն, որը հաստատված է և անհերքելի, և ունենք արդյունք, խոսքը տարածքների դիմաց 5 միլիարդի մասին էր, ունենք կորցրած տարածնքեր, որոնց մասին խոսվում էր՝ 5+2, հիմա մի բան էլ ավելի կորուստ ունենք։ Հիմա ես չունեմ փաստեր՝ հայտնաբերելու, ապացուցելու համար այդ կապը, հետևանքի և առաջարկի միջև, բայց մենք ունենք իրավապահ մարմիններ, եթե ունենք պետություն, ապա այդ կապը պետք է կամ հերքվի կամ հաստատվի։ Դա կարելի է անել լայնածավալ և պրոֆեսիոնալ հետաքննությամբ։ Իսկ քանի որ իշխանությունը մերժում է որևէ նույնիսկ ուսումնասիրություն, մերժում է փաստահավաք խմբի ձևավորումը, ուրեմն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, այնքան ժամանակ, քանի դեռ դա չի հերքվել։ Պարզ է, որ այս իշխանության օրոք դա հնարավոր չի անել, իշխանությունը պետք է փոխվի, և քաղաքացիները իմանան՝ ինչ է կատարվել իրականում»։

Դա այն հարցերից մեկն է, որի պատասխանն այսօր չկա, ասել է երկրորդ նախագահը անդրադառնալով հարցին, որ ԶՈՒ ԳՇ պետը պատերազմի չորրորդ օրը զեկուցել է պատերազմը շարունակելու անհնարինության մասին, իսկ պատերազմը հաջորդող օրերին այդպես էլ չի կանգնեցվում։

«Դա առաջացնում է մեծ կասկածներ, որ եղել է նման գործարք, եղել են ստվերային պայմանավորվածություններ, և մարդիկ իրավունք ունեն կասկածներ ունենալ։ Եվ նրանց արձագանքից էլ կարելի է դատել, թե ինչ վերաբերմունք ունեն վարչապետի նկատմամբ/ եթե համակրում է, ասում է՝ չի եղել գործարք, իսկ ովքեր չեն համակրում, իսկ մեծ մասն այսօր նաև ատում է, հավատում է այդ ամենին։ Սա նորմալ վիճակ չէ, որ հանրությունը պետք է ապրի այսպիսի մտորումներով։ Ստեղծվում է տպավորություն, որ ամեն մեկը կարող է մտածել, որ սա եղել նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմ։ Այդպիսի ողջամիտ կասկած փաստերի այսպիսի համադրումով, առաջանում է», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Եթե Հայաստանի վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ կաներ այն ամենը, ինչ արվել է

Մեծ ջանասիրությամբ, ոգևորությամբ, հետևողականորեն արվել է ամեն ինչ, պառակտել են հասարակությունը սև ու սպիտակի, հարուստի-աղքատի, ռուսամետ-հակառուս բաժանարար գծեր ենք մտցրել մեր հասարակության մեջ,- ասաց Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, որ տպավորություն կա, որ Հայաստանի ղեկավարը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին։

«Ես ստիպված եմ Ձեր հարցին անուղղակի պատասխանել։ Սովորաբար ի՞նչ է անում մեկ պետությունը մյուսի դեմ, եթե համարում է, որ այդ պետությունն իր համար սպառնալիք է կամ խանգարում է ինչ-որ բաներում, կարճ ասած՝ թշնամի համարվող պետության դեմ։ Կա դասական փաթեթ. առաջինը՝ պառակտել հասարակությունը։ Անում են դա, և մենք պատմությունից բազմաթիվ օրինակներ ունենք՝ նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ինչպես էին բոլշևիկներին ֆինանսավորում Ռուսաստանում հեղափոխություն կազմակերպելու համար։ Երկրորդը` թուլացնել բանակը և անվտանգության հետ կապված բոլոր համակարգերը, երրորդը՝ անվստահություն սերմանել պետական իստիտուտների նկատմամբ և չորրորդը՝ փչացնել հարաբերությունները դաշնակիցների և բարեկամ պետությունների հետ։ Հիմա հակառակից գանք, այդ չորս գործողություններից ո՞ր մեկը չի արել ՀՀ վարչապետը, օգնեք ինձ։ Մեծ ջանասիրությամբ, ոգևորությամբ, հետևողականորեն արվել է ամեն ինչ, պառակտել ենք սև ու սպիտակի, հարուստի-աղքատի, ռուսամետ-հակառուս բաժանարար գծեր ենք մտցրել մեր հասարակության մեջ, քայքայել ենք բանակը, սկսել ենք դա «Մարտի 1-ի» քրեական գործով, գեներալ-գնդապետների մեղադրանքներով, բազմաթիվ այլ ճանապարհներով փորձել ենք վարկաբեկել մարտական ուղի անցած մեր հերոսներին, անվտանգության համակարգը հանձնարարություն էր ստանում սատանա փնտրել, ՀԴՄ կտրոններ ստուգել, այլ ոչ թե թշնամու գործակալական ցանցը հայտնաբերել Հայաստանում»,-ասաց նա։

Երկրորդ նախագահի խոսքով` մենք պատերազմի օրը չգիտեինք, որովհետև այդ համակարգում, որտեղ աշխատում են նորմալ մարդիկ, հանձնարարված էր սատանա փնտրել և փնտրում էին։

«Հիշում եք՝ կառավարության նիստում այդ հայտնի արտահայտությունները։ Անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնալ պետական ինստիտուտների նկատմամբ։ Խոսքը ոչ միայն այս 44 օրվա ստերի մասին է, այլ մոտ 3 տարվա ստերի։ Այս ամբողջ դասական փաթեթն իրականացվել է Հայաստանում։ Ես չեմ կարող ասել, որ այս իշխանությունները թուրքական գործակալներ են, բայց կարող եմ ասել մի բան եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանի Հանրապետությունում, պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե՞ չհասկանալով ինչ-որ քայլեր էին արվում, դա մեծ հարց է, և դա ևս պետք է պարզել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ այո, այստեղ կա լրջագույն խնդիր, որը պետք է բացահայտել»,- հավելեց նա։

Պատերազմի ժամանակ ամենից անվտանգ տեղը նախագահականի շենքի շուրջն էր, շենքի վրա ոչ մի հրթիռ չընկավ, ինչո՞ւ

Պատերազմի օրերին Արցախի նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել. ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը. ես այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ ոտքով էի քայլում,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«Պատերազմի օրերին ես երկու շաբաթ եղել եմ Ստեփանակերտում։ Արանքում 4-5 օր ընդմիջում եղավ դատական նիստի համար, վերադարձա, հետո գնացի. դա էլ մի այլ աբսուրդ է։ Երկրորդ շաբաթը Ստեփանակերտը դաժան ձևով ամբողջ օրը գնդակոծվում էր, շատ դաժան էր։ Դա եղավ, երբ Գյանջան հրթիռակոծվեց, չգիտեմ՝ որն էր ավելի շուտ, հուսով եմ, որ մենք արձագանքել ենք իրենց ռմբակոծմանը։ Մի հետաքրքիր բան. նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել, դա նույնիսկ մամուլում եղավ»,- ասաց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը պատմեց, որ 1992-94 թվականներին Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ եղած ժամանակ իր նստավայրը եղել է Կառավարության շենքը, որը մոտ 12-13 անգամ գրադով հարված է ստացել. «Շենքի վերջին հարկը գրեթե չկար, վերևից կարծես կրծած լիներ։ Շենքի վրա մեկ ապակի չէր մնացել, ամբողջը ցելոֆանով էր փաթաթված, շենքի շուրջն էլ ոնց որ մարտական դաշտ լիներ։ Այն ժամանակ այդ բարձր ճշգրտության զենքերը չկային, բայց մենք թիրախ էինք։ Երկու տարի այդ պայմաններում նստել ենք, և ես երբեք գոնե մեկ անգամ բունկեր չեմ իջել։ Հիմա ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններն էին հավաքված, երկու ճշգրիտ հարվածով հողին են հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ զոհվել է, կրկնակի ավելի մարդ վիրավորվել է։ Ինչո՞ւ էր նրանց հետաքրքում Ջալալի գրասենյակը, երբ հրթիռով ուղղակի հարվածել են այդ գրասենյակին, ինչո՞ւ էր նրանց հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին, մեր հրամանատարական կետերն Աղդամում, Մարտունիում, Հադրութում, Ջալալի մեքենան՝ մոտ 60 կմ/ժ արագությամբ գնալուց կամ Լաչինի կամուրջը, որը երկու հրթիռով ուղղակի քանդեցին մոտ հարյուր քանի կիլոմետր տարածության վրա։ Այդ շենքի մի պատուհան չի ջարդվել, բոլոր ապակիները տեղում էին։ Ուրախ եմ, որ խնայել են շենքը, բայց հարցեր առաջանում են»։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պատերազմի այդ օրերին նախագահական շենքում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամոտ թիմակիցները. «Պատերազմի առաջին օրից այդ նախագահական շենքում իր ամենամոտիկ թիմակիցներն էին նստած, իրար հերթափոխում էին, միշտ մարդ եղել է հենց այդ շենքում։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին, վերջը ինքը հայտարարեց, որ Գյանջայի կրակելու հրամանն ինքն է տվել։ Իմ տպավորությունն այն է, որ խնայում էին այն մարդկանց, որոնք նստած էին այդ շենքում, և շատ հավանական է, խնայում էին, որովհետև այդ մարդիկ այլ խնդիր ունեին, որ մենք հանկարծ այս պատերազմը չհաղթենք, ամեն ինչ գնա այնպես, ինչպես պլանավորած է։ Նույնիսկ Ղարաբաղում եղած ժամանակ մարդկանց հետ խոսում, ասում էին՝ էս ի՞նչ էր, որտեղից այս սերը այն շենքերի նկատմամբ, որոնք անցած պատերազմում եղել են հիմնական թիրախներից մեկը»։

Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները

Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները, սակայն հնարավոր է ինչ-որ բան փրկել,- ասաց Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ ունենք Արցախի պետականությամբ մասով և ինչ վտանգներ կան նաև Հայաստանի պետականության մասով։

«Ամենից ցավոտ հարցն է։ Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները։ Հնարավո՞ր է ինչ-որ բան փրկել, հնարավոր է։ Հնարավո՞ր է դա անել այս գործիքակազմով և նույն մարդկանցով, միանշանակ ոչ։ Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը։ Ինձ ասում են՝ սահմանադրությունը թույլ չի տալիս։ Արցախի սահմանադրությամբ Արցախը 12,5 հազար քառակուսի կիլոմետր է, հիմա 25 հազարն է մնացել, ի՞նչ սահմանադրության մասին է խոսքը։ Շատ պրագմատիկ ձևով պետք է այդ համակարգը փոխել, անել դա խորհրդարանով և ստեղծել մի համակարգ, որը կկարողանա զբաղվել Արցախի պաշտպանական հարցերով, այսօր խայտառակ ծանր վիճակ է։ Այսօր մենք Սյունիքի մասին գիտենք, բայց Արցախում ամեն օր տարածքների կորուստ ենք ունենում, չկա բնագիծ, մեկ դիրքից մյուսը չափազանց մեծ տարածություններ են, ֆիքսված չէ, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ էր կանգնած, որտեղ ուզում են՝ առաջ են գնում, և դիմացն առնող չկա։ Հնարավոր չէ այս ճանապարհով նույնիսկ այդ բեկորները պահել և փորձել դրանցից հավաքել մի միավոր, որը ուղղակի կդիմակայի այս մարտահրավերներին։ Դա ես այսօր չեմ տեսնում: Ես չեմ ասում՝ դա հնարավոր չէ»,-ասաց նա։

Քոչարյանը հավելեց, որ այն ժամանակ իրենք գտան կառավարման մոդել. «Չենք ասել՝ սահմանադրություն կա-չկա, սովետի օրենքը այսպես էր, այնպես էր։ Ուղղակի պետք է ստեղծել կառավարման մոդել, որն ադեկվատ է ստեղծված իրավիճակին։ Պետք է գնահատել իրավիճակը և ասել՝ այս խնդիրների լուծման համար մեզ ինչ է պետք։ Հիմա նստեք խորհրդարանում, օրենքներ մշակեք, ընդունեք, ո՞ւմ համար, եթե դու պարզագույն հարցերի լուծումը չես կարող տալ։ Բոլորս պետք է լծվենք այդ աշխատանքին, ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմությունը, բայց այն, ինչ ես տեսնում եմ Արցախում, ես տեսնում եմ, որ մենք քայլ առ քայլ, ամեն օր պարտվում ենք»։

Սյունիքում կատարվողն ուղղակի խայտառակություն է, դուք պետությո՞ւն եք, թե՞ ինչ-որ թափառախումբ

Այն, ինչ կատարվում է Սյունիքում, ուղղակի խայտառակություն է։ Այնտեղ կան հատվածներ, որոնցով ադրբեջանցին կարող է իր մեքենայի համարը փոխել, քշել մինչև Երևան, պտտվել և հետ գնալ, և ոչ մի տեղ նրան չեն կանգնեցնելու և հարցնեն, թե դու ով ես, ինչ նպատակներով ես դու այստեղ,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«Սա նորմալ չէ, դա կառավարության առաջին գործառույթն է, սահմանադրությամբ ամրագրված։ Նաև պարտավորություն է։ Չկա պետություն, որն իր երկրի սահմանները չի պաշտպանում։ Երբ սահմանների պաշտպանությունը փաստացի դրվում է գյուղապետերի վրա, նորմալ երևույթ չէ։ Երբ այն ժամանակ գյուղապետերը զանգում էին և պաշտոնյաներից հարցնում էին՝ ի՞նչ անենք, եկել է ադրբեջանցի զինվորականը և մեգաֆոնով ասում է՝ պետք է հետ գնաք այդ դիրքերից, չենք ուզում հետ գնալ, վտանգավոր է, այդ բարձունքը կարևոր է, ասում էին՝ եթե կարող եք, պահեք։ Կարծես պետությունը կապ չունենա, կարծես դու կողքից ինչ-որ երկրպագու ես։ Գյուղապետերն էլ հանկարծ որոշեին, որ պահում են, հետո կոտորվեին, դրա պատասխանն ո՞վ է տալու։ Մի՞թե մեր սահմանների պաշտպանությունը օրենքներով, օրենսդրությամբ դրված է գյուղապետերի վրա։ Շուռնուխում, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանի հետ վարչապետի բանավոր պայմանավորվածությամբ ինչ-որ տներ պետք է հանձնեն, ոչ թե պետք է ադրբեջանցին գա այդ գյուղացուն ասի՝ քեզ 24 ժամ ժամանակ, այլ մեր պաշտոնյան պետք է գնա չոքի այդ գյուղացու առաջ, ներողություն խնդրի, մեր պետությունը պետք է իրենց տեղափոխի, կրկնում եմ՝ չոքած պետք է ներողություն խնդրի, ի վերջո, մարդը տան վկայագիր ունի՝ պետության կողմից։ Դուք պետություն ե՞ք, թե ինչ-որ թափառախումբ։ Ո՞վ եք դուք։ Սյունիքը բացահայտեց այսօրվա ուղղակի խայտառակ վիճակը, որում գտնվում է ՀՀ-ն»,– նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Այժմ Սյունիքի ամենամեծ կոմբինատը հայտնվել է փակվելու վտանգի առաջ, տնտեսապես մարզը թուլացնլու միտումներ են նկատվում, արդյոք այստեղ չկա՞ Սյունիքը հայաթափելու հեռահար նպատակ, հարցին ի պատասխան ՀՀ 2-րդ նախագահը նշել է

«Հետո էլ ասեն՝ դժգույն, դժբախտ Սյունիքն ում էր պետք։ Ամեն ինչ սպասելի է այս իշխանությունից։ Երբ նպատակները, քայլերն անկանխատեսելի են, և չես կարողանում քո ազգային շահերի տեսանկյունից այդ տրամաբանական շղթան կառուցել, ամեն ինչ հնարավոր է։ Բայց նաև չեմ ուզում այդ կոնսպիրոլոգիայի դաշտ մտնել, երբ կասկածամտությունը մարդու գլխի մեջ է մտնում, սկսում է որդի պես անընդհատ քայքայել։ Իսկ եթե ազգի գիտակցության մեջ է դա սկսում մտնել, ուղղակի ազգն է քայքայելու։ Եվ տպավորություն է, որ սա մեր հայ ժողովրդին քայքայելու ևս մեկ գործիք է։ Չբացատրել, տրամաբանական շղթա փնտրողներին այնպիսի վիճակի մեջ դնել, որ մարդիկ տարակուսում են՝ այս ինչ է կատարվում, ինչի համար է այս քայլն արվում կամ այն քայլն արվում, և կասկածամտության այդ որդը մտցնում են մարդկանց ուղեղի մեջ։ Դա նույնիսկ ավելի վտանգավոր բան է, քան պատերազմում ինչ-որ բան թաքցնելը։ Երկարատև առումով, սա ազգը քայքայելու գործոն է դառնում»։

Հարցին, որ Սյունիքից հանձնվել են միայն այն հատվածերը, որոնք գրավել էին Քոչարյանը և մինչև 2018-ը հերոս համարվողներն էին գրավել Ադրբեջանից, բայց Սյունիքից ոչ մի միլիմետր չի հանձնվել, երկրորդ նախագահն ասել է

«Բրավո եթե այդ մարդիկ կարողանում են արտահայտվել նման կերպ, հետո հանգիստ փողոց դուրս գալ, աշխատանքի գնալ, շփվել հարևանների հետ, հարցազրույցներ տալ, ուրեմն մենք՝ որպես ազգ, գոյատևելու, ուժեղանալու ներքին ռեսուրս չունենք։ Կարող են լինել մարդիկ, որ այդպիսի մտքեր են արտահայտում, բայց նրանք այս երկրում պետք է լուսանցքում հայտնվեն։ Մարդիկ ուղղակի պետք է մերժեն նման կարգի մտածելակերպն ընդհանրապես։ Մենք շագրենի կաշվի պես ուղղակի փոքրանալու ենք»։

Այս իշխանության արածի կեսի կեսը աներ յուրաքանչյուր նախկին իշխանություն, Արևմուտքը նրանց ուղղակի կուտեր

Եթե նկատել եք այս 2,5-3 տարվա ընթացքում այս իշխանությանը ներվում էր ամեն ինչ Արևմուտքի կողմից, ինչ ասես՝ անում էին, Սահմանադրական դատարանը քանդելով, դատարանների ճնշումներով, մեկը բերանը չէր բացում,- ասաց Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս ամենը պլանավորված է եղել 10 տարի առաջ:

«Կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնց ուժեղ Հայաստանը, որը նաև դաշնակից է Ռուսաստանի հետ, խանգարում է։ Սա փաստ է, և չեմ կարծում, որ որևէ մտածող մարդ կարող է այն հերքել։ Եվ հետևաբար, այո, աշխատանք միշտ էլ գնում էր այդ ուղղությամբ։ Հիմա դա եղել է 2007-2008 թվականներին, թե ավելի ուշ կամ շուտ, չեմ ուզում դրա վրա կենտրոնանալ, որովհետև ես նման ապացույցներ չունեմ։ Միայն վերլուծությամբ և փաստերը համադրելով կարող ենք գալ նման եզրակացության։ Բայց իմ տպավորությունը, այո, այդպիսին է։ Ես միշտ այդ վերաբերմունքը տեսել եմ։ Եթե նկատել եք՝ այս 2,5-3 տարվա ընթացքում այս իշխանությանը ներվում էր ամեն ինչ Արևմուտքի կողմից, ինչ ասես՝ անում էին, Սահմանադրական դատարանը քանդելով, դատարանների ճնշումներով, մեկը բերանը չէր բացում։ Դրա կեսի կեսի կեսը աներ յուրաքանչյուր նախկին իշխանություն, ուղղակի կուտեին։ Եվ սա լավագույն ցուցիչն է, թե ով ինչ շահեր է հետապնդում»,-ասաց նա։

Ադրբեջանը գերիներին չի տալիս, որովհետև ուզում է կասեցնել Արցախի բանակի համալրումը

Սա մյուս խայտառակությունն է, որ մենք այսօր ունենք,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ռազմագերիների խնդրին։

«Համոզված եմ, որ առանց գերիների հարցի լուծման՝ մենք որևէ շփում պետք է չունենանք։ Դա պետք է լինի նախապայման բոլոր մյուս քայլերն անելու համար։ Այդպիսի մի հարյուր «ինչու» կա, թե ինչու չեն գնում այդպիսի քայլերի, որոնց պատասխանը մենք չունենք։ Ժողովրդական լեզվով ասած՝ բոլոր ատամները քաշած իշխանություն ունենք, ատամ չկա։ Հիմա, ինչ է նշանակում պետական գաղտնիք։ Եվս մեկ հարց է առաջանում՝ ումի՞ց, կարո՞ղ է Ադրբեջանը չգիտի՝ ինչքան գերի ունի։ Մեր ժողովրդի՞ց։ Ընդհանրապես, պետական գաղտնիք համարվում է այն ինֆորմացիան, այն թվերը, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից պետք են մեր թշնամիներին։ Հիմա այդ թիվը մեր թշնամին մեզանից լավ գիտի։ Ումի՞ց ես թաքցնում։ Պետական գաղտնիքի գաղափարը գլխիվայր շուռ են տվել։

Սա այն հարցն է, որի շուրջ մենք աջակցություն կարող ենք ունենալ բոլորից։ Սկզբունքային լինելու դեպքում ոչ մեկը մեզ չի կարող ասել, թե ինչու ես այդպես անում։ Սկզբունքային հարց է, պետք է վերադարձնել։ Եռակողմ հանդիպումը, ընդհանրապես նման կարգի հանդիպումները նախապես պատրաստվում են։ Թող այդ եռակողմ հանդիպումը լիներ 3 օր ուշ, մեկ շաբաթ ուշ, մեկ ամիս ուշ։ Մինչև եռակողմ հանդիպումը կամ այդ հանդիպման ժամանակ գերիների հարցը պետք է լուծված լիներ։ Այս մարդիկ այն աստիճան են ծնկի իջած վիճակում, որ չեն կարողանում խոսել, չեն կարողանում պայքարել գերիների համար, մեր ազգային, պետական շահերի համար։ Ու չեն կարող պայքարել։ Հոգեբանորեն այդ կարգավիճակում չեն նրանք։ Հիմա նրանք խնդրելու են, թե տվեք գերիներին, թե չէ այստեղ ռևանշիստական ուժերը․․․ Նույնիսկ կարող են իմ գործոնն օգտագործել, ասել՝ տուր գերիներին, որ Քոչարյանը այդ մասին չխոսի։

Շրիշակից ցածր վիճակում ենք հայտնվել։ Եթե մեր ժողովուրդը դա հանդուրժում է, ուրեմն մենք արժանի ենք այս վիճակին։ Ինչո՞ւ Ադրբեջանը գերիներին չի տալիս. ուզում է կասեցնել Արցախի բանակի համալրումը։ Ասում է՝ ով հայտնվել է այնտեղ նոյեմբերի 9-ից հետո ռազմագերու կարգավիճակ չի կարող ունենալ։ Ինչո՞ւ է դա ասում գերիներին պահելն անշնորհակալ գործ է։ Ես Արցախի նախագահ եմ եղել, բազմաթիվ գերիներ ենք ունեցել։ Կարմիր խաչով վերադարձրել ենք, որովհետև, երբ դու գերի ես պահում, մշտական ճնշման տակ ես լինում։ Ես համոզված եմ, որ Ալիևը մշտական ճնշման տակ է գերիների հարցով։ Ինքը պահում է շատ կոնկրետ նպատակով այդ գործիքը պահում է Արցախի պետական համակարգի բեկորները քայքայելու համար։ Գերիներին հանձնելուց հետո էլի են վերցնելու, մինչև այստեղից վստահեցում չստանան, որ Հայաստանից որևէ զինվորական Արցախ չեն ուղարկելու։ Գինը դա է լինելու, և մեր իշխանությունը դրան գնալու է, որովհետև իրենց քթից բռնած տանում-բերում են», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Առաջարկեք, թող վարչապետը Շուշիի նույն սկզբունքով խոսի Երևանի մասին

Իմ տպավորությամբ պետք է օրենքով քրեական պատիժ սահմանել սուտ ասող պաշտոնյայի նկատմամբ, և շատ խիստ պատիժ,- ասաց Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է վստահությունը վերականգնել պետության նկատմամբ` հաշվի առնելով այն իրավիճակը, որ սուտ խոսողի դերում պետությունն էր, իշխանությունն էր:

«Եթե ուզում ես պետություն քանդել, պետք է վստահությունը ուղղակի քայքայես պետության նկատմամբ։ Հայաստանում արվել է ամեն ինչ դա ունենալու համար։ Երբ պետությունը, պետական մարմինները ֆեյք քշող մեքենա են դառնում իրենք իրենցով, դու չես կարող դա պետություն անվանել։ Իմ տպավորությամբ պետք է օրենքով քրեական պատիժ սահմանել սուտ ասող պաշտոնյայի նկատմամբ, և շատ խիստ պատիժ։ Եվ հիմնական սուտասանը դուք գիտեք՝ ով է մեր երկրում։ Սա քաղաքական մշակույթ է դարձել։ Մեկ-մեկ մտածում եմ՝ կարո՞ղ է ես 10 տարվա ընթացքում սխալ եմ ապրել, երբ նախագահ էի։ Դեպք չկա, որ մեկն ինձ ասի՝ այսինչ օրը այսպիսի բան եք ասել, հետո պարզվեց, չէ, սուտ է։ Այսօր մենք օրական հինգ դեպք ունենք պաշտոնյաների կողմից ստերի, և դա նորմալ է դարձել»,-ասաց նա:

Շարունակելով` Քոչարյանը հավելեց, որ ամենամեծ վտանգը նրա մեջ է, որ այնքան սովորական է դարձել պաշտոնյաների կողմից ստելը, որ դա նույնիսկ որպես արտառոց դեպք չի ընկալվում։

«Մենք չենք կարող ստերի աշխարհ ձևավորելով առաջատար երկիր դառնալ։ Ճ կլասի երկրից ավելի ցածր ենք դարձել։ 5-6 տարի առաջ Գերմանիան ուներ բավական խոստումնալից պաշտպանության նախարար, և բոլորը կանխատեսում էին, որ այդ պաշտպանության նախարարը պետք է փոխարինի Անգելա Մերկելին կանցլերի պաշտոնում։ Մի լրագրող նրա դիսերտացիայի մեջ հայտնաբերել է մեկ պարբերություն, որը կարող է նաև փնթիության պատճառով աղբյուրի հղում չուներ։ Այդ մարդը քաղաքական դաշտից կորավ, ոչնչացավ, ոչ մեկը էլ տեղը չգիտի, այնպիսի մի ամոթանք եղավ, այնպիսի պոռթկում եղավ, որ կուսակցությունը ինքնամաքրման համար ազատվեց նրանից։ Դա պատճառներից մեկն է, որ այսօր Գերմանիան Գերմանիա է, երկրորդ համաշխարհայինում պարտված երկիրը այսօր Եվրոպայի ամենահզոր երկիրն է և դրա տնտեսության շարժիչ ուժը։ Մենք ո՞նց ենք այս ստերի վրա երկիր կառուցելու»,-ասաց նա։

Երկրորդ նախագահ խոսքով`44 օր պատերազմի մասին ստեր ասած իշխանությունը մինչև այսօր իշխանություն է, դա զարմացնում է բոլորին։

«Մենք սովորել ենք դրան, օտարները շշմում են, ասում են՝ մենք չգիտեինք, որ հայերը կարող են այսքան հանդուրժող լինել ստերի նկատմամբ։ Սա նշանակում է՝ սուտը մեր կենցաղի մի մասն է դարձել։ Պետք է լինի խստագույն պատիժ, յուրաքանչյուր պաշտոնյա սուտը հայտնաբերվելու պարագայում ուղղակի պետք է պաշտոնից զրկվի և քրեական պատասխանատվության ենթարկվի»,- հավելեց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ երկրի փաստացի ղեկավարը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, մյուս կողմից գրավված տարածքները անվանվում են ադրբեջանական տարածքներ, արդյոք նման մթնոլորտում հնարավո՞ր է քաղաքական պրոցեսներ գեներացնել և փրկել պետությունը կործանումից, Քոչարյանն առաջարկեց վարչապետին Շուշիի սկզբունքով խոսել Երևանի մասին:

«Ես կառաջարկեմ նայել վիճակագրությունը, թե Երևանի բնակչությունը ազգային առումով ինչ համամասնություն ուներ 1913-14 թվականներին։ Նայեք, թե քանի հայ էր, քանի կովկասյան թաթար։ Կառաջարկեի՝ ուղղակի հրապարակեք դա, և թող վարչապետը նույն Շուշիի սկզբունքով խոսի Երևանի մասին, եթե դու միայն այդ պահի բնակչությամբ ես գնահատում։ Շուշիում այդ 90 տոկոսը արդյունք է եղել այնտեղ 1920 թվականի կոտորածի։ Ուրեմն դու ընդունում ես, որ այդ մարդկանց սպանելով, դեմոգրաֆիկ պատկերը փոխելով դու տիրանում ես այդ քաղաքին, այդ տարածքին։ Երևանում, ի դեպ, նման բան չի եղել։ Առաջարկեք, եթե մոտեցումը այսպես ունիվերսալ է, տեսնենք՝ վարչապետը ինչ կասի Երևանի մասին, և դա ինչքանով հաճելի կլինի լսել երևանցիների համար»,-ասաց նա։

Ռուսաստանի ռազմավարական դաշնակցից վերածվել ենք Ռուսաստանի պրոտեկտորատի

Պետք է քրտնաջան աշխատանքով նոր անվտանգության համակարգ ձևավորել Արցախում,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ կերպ է հնարավոր վերականգնել Հայոց բանակի մարտունակությունը։

«Մենք մոտավորապես 1996 թվականից ընտրել ենք մի մոդել, որի բանաձևը եղել է հետևյալը՝ երկու պետություն՝ մեկ բանակ։ Ըստ էության, Ղարաբաղի պաշտպանության բանակն այն ժամանակվանից լիարժեք ինտեգրված էր հայկական բանակի մեջ, հայկական բանակի մի մասն էր։ Պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում գրեթե կառույցներ չուներ, միայն զինկոմիսարիատներն էին։ Սա էր մեզ այդ ուժը տալիս։ Այն ժամանակ և Հայաստանի նախագահը, և Արցախի նախագահը՝ այն ժամանակ ես էի, ունեինք այն գիտակցությունը, որ միայն միասնական պաշտպանական համակարգով մենք կարող ենք դիմակայել, ստեղծվել է այդ համակարգը, և այդ միասնական բանակը 1994 թվականից համարվում էր տարածաշրջանի ամենից մարտունակ բանակը»,- ասաց երկրորդ նախագահը և հավելեց, որ հիմա վիճակը կտրուկ փոխվել է, այս մոդելը պետք է փոխել։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Ղարաբաղի բնակիչները բանակի մաս պետք է դառնան. «Պետք է ուսումնասիրել Իսրայելի փորձը, մարդիկ պետք է զենք ունենան, զենքը տանը պահեն, հագուստ ունենան։ Նույնիսկ եթե պետք լինի, ապա այդ մարդը պետք է իր աշխատանքի երկու օրը լինի դիրքերում։ Պետք է քրտնաջան աշխատանքով նոր անվտանգության համակարգ ձևավորել Ղարաբաղում։ Ես գիտեմ, որ Վիտալի Բալասանյանը շատ լավ հասկանում է, որ նման կարգի քայլեր պետք է անել և աշխատում են դրա շուրջ»։

Երկրորդ նախագահը նշեց, որ եթե Ղարաբաղի պետականության անվտանգությունը միայն ռուս խաղաղապահներն ապահովեն, ապա պետականության մասին չենք կարող խոսել.

«Ռուս խաղաղապահները պետք է ապահովեն խաղաղապահի միսիան, պետք է թույլ չտան բախումներ Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Այսօր իրենք նաև ոչ միայն այդ ֆունկցիան են կատարում, այլ, փաստացի, այսօր իրենք անվտանգության երաշխավորն են Ղարաբաղի Հանրապետության։ Պետականության տակ ինչ հասկացվում է` մենք չունենք»։

Անդրադառնալով պատերազմի հետևանքով մեր բանակի կորուստների թաքցնելուն՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ամենից լավ մեր կորուստների մասին գիտեն Ադրբեջանն ու Թուրքիան.

«Ո՞վ պիտի դա անի։ Ո՞վ այսօր գիտի՝ ինչ կորուստներ է ունեցել մեր բանակը։ Ամենից լավ մեր կորուստների մասին գիտեն Ադրբեջանն ու Թուրքիան, որովհետև խոցված ամբողջ տեխնիկան մնացել է այդ տարածքներում, որոնք այսօր իրենք են վերահսկում, այն, ինչը խոցվել է ավելի խորքում, նկարահանվել է։ Հիմա այդ գաղտնիքն ումի՞ց է։ Գաղտնիք պետք է լինի ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, ինչն ունենք. դա իսկապես պետք է լինի պետական գաղտնիք։ Բայց երբ ՀՀ պետական գաղտնիքին ավելի լավ են տիրապետում Ադրբեջանն ու Թուրքիան, քան սեփական Պաշտպանության նախարարությունը, ի՞նչ պետական գաղտնիք, ծաղրո՞ւմ եք ժողովրդին»։

Երկրորդ նախագահն ասաց, որ այս պատերազմում մենք առնվազն 3 միլիարդի վնաս ենք կրել՝ նյութական կորուստների ձևով. «Այս իշխանությունը խոստացել է 2 միլիարդ՝ բանակի մոդեռնիզացման վրա։ Մենք առնվազն 3 միլիարդի վնաս ենք կրել նյութական կորուստների ձևով։ Հիմա նոր կոնցեպտ է պետք, նոր հայեցակարգ, թե ինչպիսի բանակ մենք պետք է ունենանք։ Մենք պետք է համալրենք կորցրածը։ Եվ ո՞վ պետք է անի դա. այն մարդիկ, որոնք ջանասիրությամբ, մեծ եռանդով քայքայո՞ւմ էին բանակը։ Պետք է հաշվառել՝ ինչ կորուստներ ենք ունեցել, գնահատել, ազնիվ լինել մարդկանց հետ, ասել՝ այո, սա է։ Հիմա սրա համար մեկը պիտի պատասխան տա՞, թե՞ ոչ»։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մենք տարածաշրջանում ունեցել ենք ամենամարտունակ բանակը, այդ պատճառով եղել ենք Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, իսկ հիմա Հայաստանը Ռուսաստանի պրոտեկտորատն է.

«Մենք Ռուսաստանի հետ եղել ենք ռազմաքաղաքական դաշնակից։ Մենք պետք ենք եղել Ռուսաստանին նաև, որովհետև այսօրվա այս անկայուն աշխարհում մենք տարածաշրջանում ունեցել ենք ամենից մարտունակ բանակը. այդ միասնական բանակը գործուն էր։ Հիմա մենք այնքան ենք թուլացել, որ յուրաքանչյուր հարևան երկիր կարող է մեզ գրավել. մենք սահմանները չենք կարողանում կամ չենք ուզում պաշտպանել։ Գիտե՞ք՝ ինչ կարգավիճակ է ստանում երկիրը, որը չի կարողանում պաշտպանվել։ Մենք չենք կորցրել Սյունիքը մեկ պատճառով՝ Ռուսաստանի ռազմական բազայի և Ռուսաստանի հետ պայմանագրի շնորհիվ։ Նման երկրների անունը պրոտեկտորատ է։ Այսօր մենք, փաստացի, Ռուսաստանի պրոտեկտորատն ենք Հարավային Կովկասում, որովհետև մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը։ Այդ իշխանությունը հզոր երկրի ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից մեզ դարձրել է այդ երկրի պրոտեկտորատը։ Ճակատագրի հեգնանքը նրա մեջ է, որ դա արել են մարդիկ, որոնք Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույցեր էին անում՝ ռուսական բազան Հայաստանից հանելու համար։ Այսօր գեներալ Մուրադովն ավելի մեծ դերակատարություն ունի անվտանգության հարցերում, քան Հայաստանի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարը. սա նորմա՞լ է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վերադառնանք Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը»։

Ընտրություններին մասնակցելու ենք և կրելու ենք

Ընտրություններին մասնակցելու ենք, պայքարելու ենք և կրելու ենք,- ասաց Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ընթացիկ և ապագա գործընթացներին ինչպես են մասնակցելու։

«Ես կոչ եմ արել իմ կողմակիցներին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին գիտեմ, որ մասնակցում են։ Որոշ ներգրավվածություն ունեմ նաև ես հանդիպումների, քննարկումների, մտքերի փոխանակման ձևով։ Ինչի՞ համար ես նաև ավելի ակտիվ չեմ ներգրավվել։ Այստեղ պետք է ազնիվ լինենք. պատճառը հետևյալն է. «Իմ քայլը» խմբակցության համար ես մի մարդ եմ, որին իրենք երկու տարի պահել են բանտում, և իրենց մտածելով ինձ իշխանություն տալու դեպքում ես սուրը հանելու եմ և աջ ու ձախ վրեժխնդիր լինեմ իրենց հետ։

Մինչև այսօր նրանց դա են ասում, դա են ներարկում իրենց ուղեղի մեջ։ Վրեժխնդրությամբ ապրող մարդը ամեն օր թույն է խմում, մտածելով, թե սպանում է իր թշնամիներին։ Եթե չեմ սխալվում, Մանդելայի արտահայտությունն է։ Բայց այդ մարդիկ այդպես են մտածում, որովհետև իրենք այդպիսինն են հավանաբար։ Դա է նաև պատճառը, որ ես ինձ ավելի հեռու պահեցի այս գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ նույն 25-30 պատգամավորների վախեցնելու համար։ Հետագա պրոցեսներին, եթե լինեն ընտրություններ, նայած՝ ինչ ֆորմատով, ունենք քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ։

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիճակը հնարավոր լիներ կայունացնել և շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ, որովհետև այսօր արտահերթ ընտրությունները այս մթնոլորտում, այս հակասությունների, անորոշությունների, շատ զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում վտանգավոր է։ Ընտրություններին ես միանշանակ եմ մասնակցելու։ Բայց, այնուամենայնիվ, եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններ ավելի արագ, իսկ իրենք կարծես թե այդ ձայները ունեն խորհրդարանում, ապա այդ դեպքում ևս չեմ կարծում, թե ճիշտը չմասնակցելն է։

Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատել իրենց իշխանությունը։ Ես հասկանում եմ այս հարցի հետ կապված բոլոր խնդիրները՝ թերահավատությունը, որ կեղծելու են, որ լեգիտիմությունն են փորձում վերահաստատել, այս ամենը կա, և կիսում եմ այդ մտահոգությունը, բայց եթե չհաջողվի ունենալ երկրի համար այդ անհրաժեշտ լագը, եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար, և գնան այդ քայլին, ընտրություններում նրանց մենակ թողնել հանրության հետ չեմ կարծում, որ ճիշտ է։ Դրա համար, այո, մասնակցելու ենք, պայքարելու ենք և կրելու ենք»,-ասաց նա։

Վարչապետի լեգիտիմությունը կախված է ՌԴ նախագահի հետ խոսելուց, ի՞նչ ինքնիշխանություն

Ի՞նչ ինքնիշխանություն, երբ Հայաստանի վարչապետի լեգիտիմությունը կախված է նրանից, թե շաբաթը քանի անգամ կարող է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ, երբ քո անվտանգությունն ուղղակի կախված է Ռուսաստանից,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«Հայաստանի ներկայիս իշխանության ամենաշատ օգտագործած տերմինը եղել է «ինքնիշխանությունը»։ Նույնիսկ ասում էին, որ Հայաստանի ինքնիշխանությունը նախկինում զիջել են Ռուսաստանին։ Հիմա ինչ ունենք ինքնիշխանության մասով։ Մոտ մեկ տարի առաջ մի հայտնի հանրահավաքի ժամանակ ասում էին, որ նախկինները պետությունը հասցրել են «ճ կլասի» և օտարի սապոգ լիզողներ էին, ենթադրվում էր, որ օտարի սապոգը ռուսական էր։ Հիմա այդ ինքնիշխան լեզուն դարձել է կոշիկ մաքրելու խոզանակ. ի՞նչ ինքնիշխանություն»,- ասաց երկրորդ նախագահը։

Հարցին՝ Ռուսաստանին որքանո՞վ է թույլ Հայաստան պետք, երկրորդ նախագահը պատասխանեց. «Համոզված եմ, որ ձեռք չի տալիս։ Ընդհանրապես, դուք ձեր շրջապատում, երևի ամեն մեկն իր շրջապատում ունի, որն անընդհատ նվնվում է, անընդհատ բան է խնդրում, անընդհատ վնգսըում է. դուք որ այդ մարդուն տեսնում եք, չե՞ք ուզում ձեր փողոցը փոխել, նման մարդկանցից ձանձրանում ես։ Նույնը միջպետական հարաբերություններում է։ Եթե դու դաշնակից ես, դու չպետք է անընդհատ խնդրողի դերում լինես, ինքդ պետք է քեզանից արժեք ներկայացնես, և այդ դեպքում երկկողմ հարաբերությունները լինում են լիարժեք։ Մենք չպետք է ռուսական բյուջեի վրա ծանրություն դառնանք, երբեք ծանրություն չենք եղել ռուսական բյուջեի համար։ Մենք եղել ենք այս տարածաշրջանում ամենից վստահելի գործընկերը, մեր շահերը համընկնում էին, ունեինք ամենից մարտունակ բանակը»։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ Ռուսաստանին պետք է ուժեղ Հայաստան. «Հնարավոր է Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ աշխատել, և այստեղ մեր շահերն անկասկած համընկնելու են»։

Եռակողմ հանդիպմանը մեր վարչապետի նկարը դնեին, գուցե ավելի մեծ արդյունք կլիներ

Ես այդ հանդիպումը եռակողմ չէի համարի, այնտեղ եղել է երկուսուկես կողմ, կամ միգուցե 2 և մեկ քառորդ,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հունվարի 11-ի եռակողմ հանդիպման արդյունքների մասին հարցին։

«Մեր վարչապետի նկարը դնեին, գուցե ավելի մեծ արդյունք կլիներ, գոնե խորհրդավորության ինչ-որ տպավորություն կգործեր։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքներին կարգավորման բոլոր տարբերակներում ենթադրվում էր, որ կոմունիկացիաները պետք է բացվեն, շրջափակումը վերացվի։ Դա կարգավորման վերջին ակորդը պետք է լիներ։ Հիմա Ադրբեջանն ուժով լուծեց տարածքների հարցը, մի բան էլ ավելի, հիմա ոչ թե 7 շրջան, այլ 9։ Մենք, ըստ էության, չունենք ոչինչ, որի դիմաց ինքը պետք է կարգավիճակի հարց քննարկի։ Սա նշանակում է մեկ բան Ադրբեջանը համարում է հարցը լուծված, և մենք մտել ենք հարցի կարգավորման վերջին փուլի մեջ։ Եվ հայտարարելու են՝ ի՞նչ կարգավիճակ, ի՞նչ բան, մենք հարցը լուծել ենք։ Եվ փորձելու են այնպիսի իրավիճակներ ստեղծել Արցախի համար, որ կամ կհայաթափվի կամ մաս-մաս ինչ-որ ձևով ընդունի Ադրբեջանի իշխանությունը այդ տարածքում։ Եվ մենք, իհարկե, պետք է դրան դիմակայենք։ Բայց այն հայտարարությունը, և այն, որ Ադրբեջանը դրան գնում է, սա է ենթադրում։ Փորձում են ներկայացնել այդ ճանապարհի կարևորությունը, առաջինը՝ իհարկե, լավ է, որ ճանապարհը բացվում է, բայց տեսեք, Հայաստանում 1998-2008 թվականներին ես նախագահ եմ եղել, մեր տնտեսությունն աճել է տարեկան միջինը 10,5 տոկոսով, վերջին 7 տարին եղել է 12,5 տոկոս, մենք մտնում էինք աշխարհի ամենաարագ զարգացող երկրների տասնյակի մեջ, մի քանի տարի՝ հնգյակի մեջ, մեզ Համաշխարհային բանկն անվանում էր Կովկասյան վագր՝ այդ զարգացման տեմպերի համար, բայց ճանապարհը փակ էր, Թուրքիան մեզ ևս շրջափակում էր։ Հիմա թող մեզ հեքիաթներ չպատմեն, թե ճանապարհը բացվի՝ կսկսենք լավ ապրել, և այլն, և այլն։

Հիմա՝ ի՞նչ հետևանքներ կարող են լինել ճանապարհի բացման հետ կապված։ Նախ, մեծ հարց է՝ բացվելու է, թե ոչ։ Մեղրիի հատվածը հսկելու են ռուսները, մնացած 850 կմ-ը, որից 47 կմ-ն է Մեղրիի հատվածը, մենք ոչ մի ազդեցություն չենք ունենալու։ Ադրբեջանը կարող է այնպիսի սակագնային քաղաքականություն վարել, որ մեզ համար դրանից օգտվելը դառնա անիմաստ։ Ասում է՝ բացել եմ, օգտվեք, բայց քո վերահսկողության տակ չի գտնվում։ Այդպիսով, ստանում է ևս մեկ լծակ, իսկ մենք՝ հույս, որ դա կաշխատի, բայց չունենք լծակ այդ պրոցեսի վրա ազդելու համար տարբերությունը դրա մեջ է։ Այն ժամանակ շրջափակումը մեզ նույնիսկ օգնեց մեր գյուղատնտեսությունը և վերամշակող արդյունաբերությունը զարգացնելո համար։ Երկաթուղու աշխատանքի արդյունքում ինչ կարող է ստացվել, մեր գյուղատնտեսությունն ու վերամշակող արդյունաբերությունը մրցակցության մեջ է մտնում Ադրբեջանի հետ, որն ունի էժան վառելիք, իսկ Թուրքիան հսկայական ծավալներով սուբսիդավորում է գյուղատնտեսությունը։ Եվ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում սա հարվածելու է մեր գյուղատնտեսությանն ու վերամշակողին։ Սա պետք է մենք գիտակցենք։ Պետք են լինելու կտրուկ քայլեր մեր շուկան պաշտպանելու համար։ Այս իշխանությունն ընդունակ չէ նման քայլերի։ Մենք այնպիսի խոչընդոտներ էինք ստեղծում թուրքական ապրանքների համար, որ մեզ օգնեց իմպորտի փոխարինման գործընթացում, սննդի արդյունաբերությունը ծաղկում ապրեց, որը գյուղատնտեսության շարունակությունն է։ Ամեն ինչ չէ, որ անում էինք հրապարակային։ Այնպես չէ, որ ճանապարհների բացվելը վատ է, բայց հստակ քայլեր են պետք, այլապես բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ կկորցնեն իրենց իմաստը։ Եթե հանդիպեք մաքսային նախկին ղեկավարների հետ, նրանք ձեզ կպատմեն, թե ինչպես ենք քայլ առ քայլ զարգացրել այդ ոլորտը»,– ասել է Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ 2-րդ նախագահը պատմել է, որ Քի Վեսթի բանակցություններով Ղարաբաղը միջանցքով միացվում էր Հայաստանին, ընդ որում, միջանցքը նույն կարգավիճակը պետք է ունենար, ինչ Արցախը, իսկ Ադրբեջանը ստանում էր միայն սուվերեն ճանապարհ դեպի Նախիջևան։

Եթե մի քիչ նամուս և ամոթ ունենային՝ ներողություն կխնդրեին ժողովրդից և կհեռանային

Ժամանակը խնայելու համար չեմ թվարկի, թե ինչ խոստումներով այս իշխանությունը եկավ ո՞ր խոստումն է կատարել՝ զրո։ Թռիչքաձև աճը դարձավ թռիչքաձև անկում, ինքնիշխանությունը տրանսֆորմացվեց պրոտեկտորատի, դատարանների հետ տեսաք ինչ եղավ, և այնուամենայնիվ, մնում են իշխանության, և հույս ունեն վերընտրվել,- Այս մասին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«Ժողովրդավարության, ընտրությունների իմաստը ո՞րն է, երբ մի քաղաքական թիմ խոստումներ է տալիս, գալիս է, հետո ժամանակի ընթացքում ստուգարք է հանձնում, եթե չեն հանձնում, գնում են, ուրիշն է գալիս։ Ընտրությունների գաղափարն ընդհանրապես վարկաբեկվում է, հիմա կարող ես խոստումները չկատարել, հետո վերընտրվել։ Յուրաքանչյուր հաջորդ իշխանություն, այս օրինակն աչքի առաջ, կմտածի, որ կարելի է ոչ մի բան չանել, պետությունը քայքայել, հողեր հանձնել, զոհեր տալ հազարավոր, բայց մնալ աթոռին ու վերընտրվել։ Այսօր այն փաստը, որ նրանք մնում են իշխանության, որ ստերը շարունակվում են և հանրությունը դա հանդուրժում է, որ մենք արդեն մասամբ ունենք այդպիսի քաղաքական մշակույթ։ Մարդկանց կյանքը չի լավանալու, որովհետև այն մոտիվացիան, որ պետք է իշխանության վերնըտրվելու համար, չկա, կարող ես ամեն ինչ ձախողել և մնալ աթոռին», ասել է երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը չի համարում, որ 16 ուժերը չեն հաջողել, նրա խոսքով՝ ամեն ինչ դեռ առջևում է, հարցն այն է՝ իշխանափոխությունը լեգիտիմ ճանաարհով էր լինելու, թե հեղափոխությամբ։

«Եթե նրանք մի քիչ նամուս ունեին և ամոթ՝ ներողություն պետք է խնդրեին ժողովրդից և հրաժարական կտային։ Ընտրությունը դրա մեջ է՝ գնալ հերթական հեղափոխության, թե՞ լեգիտիմ ճանապարհով։ Եթե 20-25 պատգամավոր ունենային գոնե մի քիչ հայրենասիրական զգացում, պետք է դուրս գային խմբակցությունից և միանային ընդդիմությանը՝ 16 ուժերին։ Սա է մեր գործող քաղաքական էլիտայի որակը բոլորին մեղադրում էին պաշտոնների ձգտելու համար, բայց իրենց սուպերսոսնձով կպցրել են աթոռին։ Եվ իշխանությունը պետք է շատ ուրախ լինի, որ այպիսի քաղաքական պրոցես կա, քանի որ մյուս ճանապարհը․․․ երկրում կա 200-300 հազար մարդ, որ կցանկանային նրա հետ վարվել Ռուբեն Գևորգյանի պես։ Հեղափոխությունը լավ տեղ չի տանում, պետք է գնալ լեգիտիմ ճանապարհով։ Ընդդիմության համար գայթակղությունը մեծ էր գնալ լեգիտիմ ճանապարհով, որովհետև պետք էր հավատալ, որ կգտնվեն այդ ֆրակցիայից մարդիկ, որ գոնե մի քիչ սիրում են այս երկիրը, ամոթի զգացում ունեն, պարզվեց՝ այդպես չէ», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ընդդիմությունն առաջադրում է իր թեկնածուին, որը չի մասնակցելու ընտրություններին, վարչապետն ասում է՝ անենք արտահերթ ընտրություններ, բայց ես մնամ, բայց նա որ մի խոտումն է կատարել մինչև հիմա, ասել է նախկին նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, թե Հայրենիքի փրկության շարժումը ձախողվել է այսպես երկար չի կարող շարունակվել, եթե իշխանությունը խոսում է արտահերթ ընտրություններից՝ արդեն առաջընթաց է, ասել է նա։

News.am-ի նյութերով

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ