Последние новости

Հայաստանը 3 նոր ազգային հերոս ունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր Թաթուլ Ղազարյանը, Հրաչյա Անդրեասյանը և Գուրգեն Դալիբալթայանը պարգևատրվել են «Հայրենիք» շքանշանով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,–ասված է նախագահի հրամանագրում:

Թաթուլ Ղազարյանի անցած ուղին

Հերոս հրամանատար Թաթուլ Ղազարյանը զոհվել է մարտադաշտում՝ իր վիրավոր զինվորներին փրկելիս։

Սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, այնուհետև՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2010-2012 թթ-ին սովորել էր ՌԴ Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում:

Նա ծառայել էր ՀՀ տարածքի տարբեր զորամասերում (Մեհրաբ, Վարդենիս, Կողբ): 2018թ.-ից եղել է Իջևանի զորամասի հրամանատար: Իր օրինակելի և հայրենանվեր ծառայության համար գնդապետ Ղազարյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների: 41-ամյա Ղազարյանն ընտանիքի օրինակելի հայր էր, նա երկու զավակ ունի՝ 17-ամյա Ամալյան և 16 -ամյա Նարեկը։ 2020թհոկտեմբերի 19-ին Թաթուլն իր զինակից ընկերների հետ, մինչև արյան վերջին կաթիլн անհավասար մարտ մղելով` նահատակվեց հանուն հայրենիքի: Գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Արմեն Սարգսյանի մյուս հրամանագրով «Ազգային հերոս» կոչմանն է արժանացել Հրաչյա Անդրեասյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,–ասված է նախագահի հրամանագրում:

Հրաչյա Անդրեասյանի անցած ուղին

Հրաչյա Հմայակի Անդրեասյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 29–ին Կրասնոդարում։ Ավարտել է Նովոչերկասկի Սուվորովի անվան, Թբիլիսիի հետևակի, Ֆրունզեի անվան և ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։

1952-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժեր Անդրկովկասյան, Լենինգրադյան, Կիևի, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգներում և ԳԴՀ-ում ու Չեխոսլովակիայում տեղակայված զորախմբերում՝ մոտոհրաձգային գնդի, դիվիզիայի, զորամիավորման հրամանատար, ռազմական խորհրդի անդամ: 1981 թ.-ից՝ գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ ԶՈւ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ, նույն օկրուգի զորահրամանատարի առաջին տեղակալ և Ռազմական խորհրդի անդամ: Հետագայում Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչն էր։ 1992-1994 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Անդրեասյանը մասնակցել է Քելբաջարի ռազմական գործողության պլանների մշակմանը, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Շուռնուխ-Խնձորեսկ-Տող ռազմաճակատային գծի ինքնապաշտպանական մարտերին։ Որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին:

Մասնակցել է Շուշիի և Լաչինի ազատագրման գործողությունների պլանների մշակմանը և իրականացմանը։

1994 թվականին զորացրվել և բնակություն է հաստատել Մոսկվայում։ Որտեղ և վախճանվել է: Թաղված է Դոնի Ռոստովում, որտեղ 2000 թվականին կանգնեցվել է նրա բրոնզաձույլ կիսանդրին։

Արմեն Սարգսյանի 3–րդ հրամանագրով հետմահու Ազգային հերոսի կոչմանն է արժանացել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,–ասված է նախագահի հրամանագրում:

Գուրգեն Դալիբալթայանի անցած ուղին

Գեներալ–գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը նշանավոր պետական և ռազմական գործիչ էր, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ։

Նա ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում: 1947-ին ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը: 1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. զինվորական համազորային ակադեմիայում: 1947-1991թ.թ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատարից մինչև Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, Բուդապեշտում խորհրդային զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի առաջին տեղակալ, Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով: 1971թ.–ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թ.-ին, նա եկել է Հայաստան և զինվորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին: Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով և փորձառությամբ օգնել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները:

1991թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ:

1991-1992թթ. զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, 1992թ. օգոստոսից մինչև 1993թ. սեպտեմբեր` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները:

1992թ. ՀՀ Նախագահի հրամանագրով Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի, իսկ 1996թ.-ին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում: Մահացել է 2015 թվականին։

Sputnik Armenia

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ