Последние новости

Հաջորդ հանրահավաքը կկայնա փետրվարի 20-ին

«Հայրենիքի փրկության շարժման» վեց լիդերները երեկ հանդիպում են ունեցել։ Հանդիպել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե շարժումը ավելի մեծ թափով շարունակելու է իր աշխատանքները։

«Ակտիվացնելու ենք փողոցային պայքարը», - նշեց նա։

Սոս Հակոբյանի խոսքով՝ շարժումը բացառում է իշխանության հետ համագործակցությունը։

Քննարկվել է արդյոք վարչապետի թեկնածուի փոփոխության հարց, նա ասաց, թե նման թեմայով քննարկման մասին տեղեկություն չունի։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց՝ չի եղել նման քննարկում, որ փոխվի ընդդիմության վարչապետի թեկնածուն։

«Շարժումը շարունակելու է իր գործունեությունը՝ հասնելու մեր ժողովրդի համար բաղձալի հաջողության, այն է՝ իշխանության հեռացում, Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ մեր վարչապետի թեկնածուն», - ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ այս ռեժիմի հետ, բացի հրաժարականից, այլ օրակարգ քննարկել չեն պատրաստվում։

«Այսօր «Հայրենիքի փրկության շարժման», պետության ճակատագրով մտահոգված քաղաքացիների հիմնական խնդիրը պետք է լինի հեռացնել Նիկոլ Փաշինյանին, մնացած օրակարգերն առաջնային չեն», - ասաց նա։

Արտահերթ ընտրությունների թեման օրակարգում չկա։ Շարմազանովը նշեց՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, խոսել արդար մրցակցությունից, խոսել գաղափարական մրցակցությունից, աբսուրդ է։

«Որովհետև այդ մարդու ամեն ժամ իշխանության ղեկին մնալը նոր արհավիրք է մեր պետության համար», - ասաց նա։

Շարմազանովը վստահ է՝ ժողովրդի հետ միասին հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

«Հանրության, ազգի հետ հասնելու ենք նրա հրաժարականին, Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունի, նա կտրվել է իրականությունից։ Սա իշխանության պայքար չէ, մանդատի պայքար չէ, պայքար է հայրենիքի փրկության։ Պիտի ասենք՝ «արթնացիր, հայ մարդ, եթե ունես արժանապատվություն»։ Այսօր Նիկոլ Փաշինյանին չի թողնում հրաժարական տա երկու ուժ՝ թուրքական ու ադրբեջանական, որովհետև ինքը նվեր է թուրքերի ու ադրբեջանցիների համար։ Մենք ստանալու ենք նորանոր պատերազմներ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է», - հավելեց Էդուարդ Շարմազանովը։

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, թե իրենց օրակարգում ոչինչ չի փոխվել. ինչ-որ հայտարարել են՝ ուժի մեջ է, իսկ Վազգեն Մանուկյանի թեկնածության փոփոխության հարց ընդհանրապես չի քննարկվել։

Սաղաթելյանի խոսքով՝ երեկ չեն քննարկել արտահերթ ընտրությունների գնալու հարցը։

«Խոսել ենք երկրում ստեղծված իրավիճակից ու այս դավաճան իշխանությանը հեռացնլու ծրագրերից։ Մեր օրակարգում, այո, առաջնայինը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Լայն, ժողովրդական ճշնման արդյունքում հասնելու ենք նրա հեռացմանը», - ասաց Սաղաթելյանը։

Նա ասաց, թե որոշվել է՝ փետրվարի 20-ին հանրահավաք են հրավիրելու։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ