Последние новости

Վարդան ԱՐԱՄՅԱՆ․ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱԳ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ

6 ամսվա ընթացքում Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկելու նախադրյալներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆինանսների նախկին նախարար, ֆինանսական կառավարման ոլորտի միջազգային փորձագետ Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով Հայաստանի էկոնոմիկայի նախարարի` Իրանի հետ առևտրի ծավալների ընդլայնման մասին հայտարարությունը:

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իրան կատարած այցից հետո հայտարարեց, որ երկու երկրների իշխանությունները պայմանավորվել են առաջիկա 6 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը ներկայիս 400 միլիոն դոլարից հասցնել 1 միլիարդ դոլարի:

«Կյանքում անհնարին բաներ չեն լինում, բայց միշտ պետք է հաշվի առնել առկա գործոնները: Երբ էկոնոմիկայի նախարարն ասում է` մենք կրկնապատկելու ենք ապրանքաշրջանառությունը, պետք է նրան հարցնել` ի՞նչ գործոնների հաշվին: Ես նման գործոններ այս պահին չեմ տեսնում», - ասաց նա:

Ըստ Արամյանի ՝ ապրանքաշրջանառության աճը ենթադրում է ներմուծման ու արտահանման ծավալների աճ: Իսկ որպեսզի Հայաստանում Իրանից ապրանքների ներմուծումը կտրուկ աճի, նախ դրանց նկատմամբ պահանջարկը պետք է ավելանա, սակայն երկրի տնտեսությունն այժմ այն վիճակում չէ, որ հնարավոր լինի նման արդյունքի հասնել:

«Դրա համար ՀՀ-ում նախադրյալներ չկան, առավել ևս շուրջ 8%-անոց տնտեսական անկումից հետո միանգամից սպասել, որ այդպիսի մեծ պահանջարկ է լինելու, փոքր-ինչ դժվար է», - նշեց Արամյանը:

Նա նշում է ևս մեկ գործոն` փոխարինման էֆեկտը, որը կարող է մեծացնել Իրանից Հայաստան ներմուծվող ապրանքաշրջանառության ծավալները։

«Այստեղ էլ պետք է առաջնորդվենք ըստ ապրանքատեսակների, թե որ ապրանքները կարող են արդյունավետ փոխարինվել իրանականով։ Այսինքն` ռուսական կամ եվրոպական ապրանքների փոխարեն ներմուծելու ենք իրանական ապրանքներ»,- պարզաբանեց նախկին նախարարը։

Հարցին, թե իրանական ապրանքները կարո՞ղ են փոխարինել թուրքական ապրանքներին, Արամյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրել այդ երկրներից ներմուծվող ապրանքների դասակարգիչները:

Արամյանը նկատում է` նույնիսկ այստեղ գործ ունենք «փոխարինման առաձգականության գործակցի» հետ, որը կարող է տարբեր լինել. հնարավոր չէ մի երկրի արտադրանքը միանգամից մյուս երկրի արտադրանքով փոխարինել:

«Այնպես չէ, որ թուրքական ապրանք սպառողը անմիջապես կանցնի իրանականի: Գնի, որակի և այլնի խնդիրներ կան», - ընդգծեց Արամյանը:

Եթե խոսք է գնում հայկական ապրանքների արտահանման ավելացման միջոցով ապրանքաշրջանառությունն ավելացնելու մասին, ապա պետք է առաջնորդվել այն սկզբունքով, թե հատկապես ո՞ր ապրանքատեսակների արտահանումը կարելի է եթե ոչ 2 անգամ, ապա գոնե 50%-ով ավելացնել:

Մեկնաբանելով Նախիջևանի տարածքով Երևանից Թեհրան երկաթգիծ կառուցելու հնարավորությունը և առևտրաշրջանառության վրա դրա ազդեցությանը՝ նախկին նախարարը նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ տնտեսական իրավիճակն այդքան արագ չի փոխվում, տնտեսական զարգացումներն այդքան արագ չեն ընթանում, առավել ևս ներկայիս իրավիճակում, երբ սպառողները չեն շտապում գնումների, իսկ արտադրողներն էլ`ներդրումներ անելու, իրենց արտադրական ծավալներն ընդլայնելու։

«Դրա հիմքում պետք է լինեն որոշակի գործոններ: Տնտեսագիտական գրականության մեջ վարքագծերի համար պարտադիր պայման են անվտանգության 4 հենասյուները` դա հարկաբյուջետային, ֆինանսական, քաղաքական և անվտանգության հետ կապված կայունությունն է», -ասաց Արամյանը:

Նրա խոսքով` մեզ մոտ այս 4-ից համեմատաբար լավ վիճակում է գտնվում ֆինանսական կայունությունը, բայց, եթե այդ կայունությունն ապահովող մյուս երեք հենասյուները մոտ ապագայում չկարգաբերվեն, դա բացասաբար կանդրադառնա նաև ֆինանսական շուկայի վրա:

Նախկին պաշտոնյան համոզված է, եթե պատասխանատու անձանց խոսքերը մնան հայտարարությունների մակարդակում, ապա տնտեսվարող սուբյեկտները հաջորդ անգամ նույնիսկ իրատեսական հայտարարությունների դեպքում այլևս համարժեք չեն արձագանքի դրանց:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ