Последние новости

Փաստաբան․ Սա Հայաստանի պետականությանն ուղղված պրոցեսներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու որոշումների դեմ բողոքի քննությանը դատարանը լսեց Հատուկ քննչական ծառայության քննիչի և դատախազի դիրքորոշմանը։

 

Դատախազ Կորյուն Սերոբյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է քրեական գործ հարուցելը մերժել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով։

«Քրեական հետապնդումը բացառող այս հանգամանքի հիմքում օրենսդիրը նախատեսել է պարտադիր պայման՝ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշումը պետք է վերաբերի նույն անձին, այդ որոշումը պետք է կայացված լինի նույն մեղադրանքի սահմաններում։ Նկատի ունենալով որ սույն բողոքի քննության ընթացքում, ըստ էության, բողոքաբերները վիճարկում են կայացրած որոշման ոչ բավարար չափով պատճառաբանված, ուստի չեմ ցանկանում այլ վերլուծություններ կատարել»,- ասաց դատախազը։

Դատախազն ասաց, որ ՀՀ վարչապետի կողմից կատարված մի շարք գրառումների և հայտարարությունների վերաբերյալ ներկայացված հաղորդումներով վարույթն իրականացնող մարմինը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ նախկինում առկա են նույնաբովանդակ, նմանատիպ հանցագործության մասին հաղորդումներ, որոնք վերաբերյալ կայացվել են վերջնական որոշումներ։

«ՀՀ վարչապետը 2020 թվականի նոյեմբերի 10-ի, 16-ի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ նախկինում ներկայացվել են հանցագործության մասին հաղորդումներ, որոնց կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է կատարել, նման բռնությունը հրապարակային արդարացրել, քարոզել կամ անձամբ կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով կազմակերպված խումբ, բանդա է ստեղծել, այդպիսի խումբ է ղեկավարել կամ տապալել է սահմանադրական կարգը, կամ իշխանությանը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգի բռի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել, արդարադատության խոչընդոտելու նպատակով ցանկացած ձևով միջամտել է դատարանի գործունեությանը կամ դատավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք է տվել կամ չարաշահել է պաշտոնեական դիրքը, կամ կատարել է պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցավոր արարք։ Վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ ՀՀ ՔՕ 222-րդ, 226.2-րդ, 300.1-րդ, 308-րդ, 332-րդ և 347-րդ կամ այլ հոդվածով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել և որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ հացագործության դեպքի բացակայության հիմքով»,- ներկայացրեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի կողմից՝ դատարանների մուտքերն արգելափակելու մասին հայտարարության վերաբերյալ նախկինում ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը՝ դատախազը նշեց, որ սույն նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նաև այդ փաստի առթիվ նախկինում նախապատրաստվել են նյութեր և կրկին առկա է չվերացված որոշում. «Այդ գործողությունների ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ ներկայացված հաղորդմամբ նյութեր նախապատրաստելու ընթացքում հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով»։

Դատախազի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշումը բավարար չափով պատճառաբանված է և փաստաբանների կողմից ներկայացված բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման։

Հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Կոստանդյանն էլ անդրադառնալով Փաշինյանի՝ առաջնագծի զինվորներին արված կոչի վերաբերյալ ներկայացված հաղորդմանը՝ նշեց, որ նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել է նաև ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը. այդ ժամանակ էլ մերժվել է քրեական գործի հարուցումը։

«2020 թվականի նոյեմբերի 16-ին վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ նա պատասխանել է լրատվամիջոցների հարցերին, ներկայացրել է պարզաբանում իր գրառման կապակցությամբ։

Դիտարկմանը, որ այդ գրառման մեջ առկա է քաղաքացիական պատերազմ հրահրելու կոչ, ապա զինվորներից շատերը զորացրվում և վերադառնում են իրենց ընտանիքներ, շատերը, նույնիսկ առանձին ջոկատներ նրան հանդիպելու ցանկություն են հայտնել»,- նշեց ՀՔԾ քննիչը։

ՀՔԾ քննիչի և դատախազի որոշման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանից ժամանակ խնդրեց՝ վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերին ծանոթանալու։

«Համակարծիք եմ, որ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հիմքը քրեական գործի հարուցումը մերժելու, եթե արդեն իսկ կա համանման որոշում։ Համակարծիք եմ, որ մեր դատական պրակտիկայի համաձայն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով ցանկացած դատավարական ակտ պետք է ունենա պատշաճ մակարդակի պատճառաբանվածություն։ Սակայն համակարծիք չենք, որ մեզ տրամադրված որոշումը պատճառաբանված է։ Առնվազն ձևական կողմով վստահ եմ, որ իրավունքի խախտումն առկա է»,- ասաց Խուդոյանը։

Դատական նիստի ավարտից հետո փաստաբան Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս գործընթացները Հայաստանի Հանրապետության պետականությանն ուղղված պրոցեսներ են և արձագանքը, ըստ նրա, պետք է լինի ճիշտ։

Ըստ փաստաբանի՝ քննիչն իր ելույթով ապացուցեց, որ որոշումը պատճառաբանված չէ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին, ժամը՝ 10։00-ին։

Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Օրբելյանը ՀՔԾ հաղորդում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։

Փաստաբանն պահանջում էր քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը), 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը) 332-րդ հոդվածի (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը), 344-րդ հոդվածի (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը) հատկանիշներով, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ