Последние новости

Արա Սաղաթելյանի պաշտպանները կբողոքարկեն դատարանի որոշումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չկա մի փաստական տվյալ, որով հաստատվի, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը ինչ-որ անձանց հետ պայմանավորվել է խումբ ստեղծել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպաններից Հակոբ Ենոքյանը։

 

Նշենք, որ քիչ առաջ դատարանը Սաղաթելյանին կալանավորելու որոշում կայացրեց։

«Չեմ պատկերացնում՝ ինչ պետք է նշված լինի դատարանի որոշման մեջ, որովհետև քննարկման ընթացքում այնպիսի հիմքեր, փաստական տվյալներ են եղել, որոնք ընդամենը վառ երևակայության ենթադրություններ են։ Բոլորս էլ կարող էինք այդ հավելվածից օգտվել և մենք էլ այդ IP հասցեի օգտատեր լինեինք։ Դուրս է գալիս, որ հազարավոր մարդիկ կարող են մեղադրվել այդ կեղծ կամ իրական օգտատիրոջ ղեկավարը լինելու մեջ։ Միակ բանը, որ «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջը կապել Արա Սաղաթելյանին, այն էր, որ երկուսն էլ օգտվել էին VPN սերվերի IP նույն հասցեից»,- նշեց Ենոքյանը։

Նա ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

Անդրադառնալով հարուցված քրեական գործին՝ պաշտպանն ասաց, որ քննչական մարմինը մեղադրանքն այնպես է ձևակերպել, որ խուսափի անհատականացնելուց. «Այսինքն՝ այնտեղ արհեստականորեն որակվել է որպես կազմակերպված խումբ, որպեսզի չասեն՝ Ավագյանն ինչ է արել, Սաղաթելյանն ինչ է արել։ Այնտեղ հարց բարձրացվեց՝ կոնկրետ որ հրապարակումը որ մեղադրանքին է վերաբերում, քննիչներն ասացին, որ բոլոր հրապարակումները բոլոր մեղադրանքներին վերաբերում են։ ՀՀ ՔՕ 226-րդ և 226.2 հոդվածի դիսպոզիցիաներն այնպիսին են, որ մեկը մյուսին բացառում է. այսինքն՝ 226.2 հոդվածով նախատեսված արարքը կարող է առկա լինել, եթե բացակայում են 226-րդ հոդվածով նախատեսված հատկանիշները։ Այդ հանգամանքին դատարանն ընդհանրապես ուշադրություն չի դարձրել։ Հիմնավոր կասկածը վիճարկվում է նաև այն մասով, որ մեղադրանքն անհստակ է, արհեստականորեն ծանրացվել է»։

Ենոքյանը նշեց, որ ՀՀ ՔՕ 307.4-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածի հետ կապված խնդիր կա. «Որպեսզի այդ հոդվածով քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառվի, պետք է լինի համապատասխան բլանկետային նորմ։ Եթե չեմ սխալվում դեկտեմբերի 2-ից այդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչում։ Եթե դա ապաքրեականացվում է, այլևս այդ նորմով քրեաիրավական ներգործության միջոցներ հնարավոր չի կիրառել, այդ թվում՝ անձին մեղադրանք առաջադրել։ Քննիչներն ասում էին՝ եթե դա ապաքրեականացվել է՝ ինչո՞ւ է մնացել օրենսգրքում, ասեմ՝ ինչու, որովհետև կարող է էլի Հայաստանում ռազմական դրություն հայտարարվել, նոր բլանկետային նորմ ընդունվի, և այդ նորմի հիման վրա այս հոդվածով քրեաիրավական ներգործության միջոցներ իրականացնելու անհրաժեշտություն առաջանա։ Այդ պարագայում այդ հոդվածը պետք է մնա Քրեական օրենսգրքում»։

Ենոքյանն ասաց, որ Սաղաթելյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը վարույթն իրականացնող մարմնին բացարկ է հայտնել։

«Դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին իրավաչափ է, այնինչ բացարկի հիմքով քննիչը զրկվում էր որևէ դատավարական ու քննչական գործողություն կատարելուց։ Այսինքն՝ մեղադրանք առաջադրման ընթացակարգ տեղի չի ունեցել, մեղադրյալի իրավունքներ չեն պարզաբանվել, որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման էությունը չի պարզաբանվել և դրան որպես հետևանք՝ որպես խափանման միջոց կիրառելու որոշումը կայացրել է այն քննիչը, որն այդ պահին իրավունք չուներ այդպիսի որոշում կայացնել։ Այս պրոցեսը խուզարկություն կատարելու սկզբից, երբ առանց դատարանի որոշման խուզարկություն էր կատարվել անձնական աշխատասենյակում, ի սկզբանե կառավարվել է մի կենտրոնի կողմից։ Մենք կարող ենք գնահատել, որ Հայաստանում այս քրեական գործով իրավաբանություն տեղի չի ունենում, այլ կոնկրետ որոշ անձանց քմահաճույքի պատճառով որոշ անձինք պետք է հայտնվեն անազատության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին։

Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է, իսկ Մհեր Ավագյանն ազատ արձակվել։

Նրանք ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ