Последние новости

Պաշտպան․ Ինչո՞ւ է 400 և ավելի անձանցից ընտրվել Արա Սաղաթելյանը

Ակնկալիքներս նույնն են, ինչ որ Հայաստանի Հանրապետությունում գործող յուրաքանչյուր արդար և օրինական դատարանից, որովհետև գործն այնքան անհիմն է, կալանավորելն այնքան ապօրինի է, որ ցանկացած անձ փաստերը դիտարկելիս տվյալ եզրահանգմանը կգա։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, տեղեկացնում է News.am։

Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։

Հարցին, որ մի քանի օր շարունակ նրան ազատելու վերաբերյալ ստորագրահավաք է անցկացվել, արդյոք դա կարո՞ղ է ազդեցություն ունենալ որոշման կայացման վրա, պաշտպանը պատասխանեց, որ իրենց հիմնական շեշտն այն է, որ Արա Սաղաթելյանին կալանավորելու պայման չկա «Այսինքն՝ պարոն Սաղաթելյանը որևէ հանցագործության հետ առնչություն չունի, և նրան կալանավորելը անօրինական է։ Ինչ վերաբերում է ստորագրություններին, դրանք միմիայն կարող են հաշվի առնվել այն պարագայում, եթե հաստատվի, որ պարոն Սաղաթելյանը առնչություն ունի որևէ հանցագործության, սակայն չի թաքնվի, քանի որ այդքան անձ պատրաստակամություն է հայտնել ստորագրությամբ իրեն ազատ արձակելու դիմաց երաշխավորել պատշաճ վարքագիծը, դա չեմ կարծում, որ դատարանի վրա պետք է մեծ ազդեցություն ունենալ, դա չի լինելու մեր պնդումների հիմնական մեխը»։

Ինչ վերաբերում է Սաղաթելյանի քաղաքական բանտարկյալ լինելու կարծիքներին, Միհրան Պողոսյանն արձագանքեց «Կան 400 և ավել անձինք, որոնք թե պատահական, թե դիտավորյալ տվյալ IP հասցեից օգտվել են,թե ինչո՞ւ է 400 և ավելի անձանցից ընտրվել պարոն Սաղաթելյանը,պետք է բացատրի վարույթն իրականացնող մարմինը Եթե չենք ստանում բացատրությունը, ապա հասկանալի է, որ սա պարոն Սաղաթելյանի դեմ ուղղորդվող քրեական հետապնդում է»։

Նշենք, որ Սաղաթելյանը կալանավորվել է փետրվարի 21-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։

Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։

Դատարանն արձանագրել էր, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Նշենք, որ այդ գործով մեղադրյալ կարգավիճակ ունեն Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաև Արամ Սարգսյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ