Последние новости

Արա Սաղաթելյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի վաղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ մարտի 4-ին, ավարտվեց ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը։

 

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ 16։00-ին։

Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպաններից Հակոբ Ենոքյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքի անհեթեթությունն ապացուցելու նպատակով մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը դատական նիստի ընթացքում համակցվել է այդ VPN հավելվածին ու նույն IP հասցեով, որը վերագրվում է այս գործով անցնող 4 անձանց. «Պարզվեց, որ պարոն Պողոսյանն էլ այդ խմբի անդամ ու այդ անհեթեությունն առավել առարկայական դարձավ»։

Ենոքյանը նշեց, որ Դատախազությունը ներկայացրել է դիրքորոշում, որը համահունչ էր առաջին ատյանի դատարանի որոշմանը։

Ենոքյանն ասաց, որ Արա Սաղաթելյանը ներկա էր բողոքի քննությանը. «Նա իր դիրքորոշումը ներկայացրեց։ Նրա պատկերացմամբ՝ այս ամեն ինչն ուղղված է իրեն մեկուսացնելուն, ինչն էլ պայմանավորված է իր՝ հակաադրբեջանական գործունեությամբ»։

Հարցին՝ արդյոք Արա Սաղաթելյանն ընդունո՞ւմ է, որ օգտվել է այդ հավելվածից՝ պաշտպանն ասաց. «Պարոն Սաղաթելյանը ոչ միայն հայտարարել է, որ ինքն օգտվել է, այլև այնպիսի փաստական տվյալներ է ներկայացրել, որոնք քննության մտածելակերպին հակառակ են։ Նա ասել է, որ այդ ծրագիրը նա ձեռք է բերել գումարով, այսինքն՝ լիցենզավորված տարբերակը ձեռք է բերել իր անձնական քարտով»։

Նշենք, որ Սաղաթելյանը կալանավորվել է փետրվարի 21-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։

Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։

Դատարանն արձանագրել էր, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Նշենք, որ այդ գործով մեղադրյալ կարգավիճակ ունեն Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաև Արամ Սարգսյանը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ