Последние новости

Թուրքին սպանած հային ազատ արձակելու որոշումը դուր չի եկել ԱՄՆ Պետդեպին

ԱՄՆ պետդեպարտամենտը հիասթափված է Կալիֆոռնիայում թուրք հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումից, որը կայացրել է Լոս Անջելեսի դատարանը։ Պետդեպն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել։

Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակը Հայ ազգային կոմիտեին հայտնել էր, որ այլևս չի բողոքարկելու դատարանի որոշումը։

«Պետդեպարտամենտը խորապես հիասթափված է Համբիկ Սասունյանին պայմանական վաղաժամկետ ազատելու որոշման կապակցությամբ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և հիշեցրել, որ Սասունյանը մեղավոր է ճանաչվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու համար։

Բլինկենի խոսքով՝ դիվանագետի վրա հարձակումը ոչ միայն ծանր հանցագործություն է կոնկրետ մարդու դեմ, այլև հարձակում հենց դիվանագիտության վրա։

Պետքարտուղարը նշել է` ԱՄՆ–ն հավատարիմ է մնում այն դիրքորոշմանը, որ նրանք, ովքեր սպանում են դիվանագետներին, պետք է ստանան առավելագույն պատիժ և այդ պատիժը կրեն առանց վաղաժամկետ ազատման իրավունքի։

«Մենք ևս մեկ անգամ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Արիկանի ընտանիքին և Թուրքիայի ԱԳՆ մեր գործընկերներին նրանց կորստի կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ