Последние новости

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են Վաղարշակ Հարությունյանի հետ

Անհետ կորած զինծառայողների հարազատներին հաջողվել է մարտի 11-ին հանդիպում ունենալ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Հիշեցնենք, որ նրանք մի քանի ժամ փակ էին պահել ՊՆ բոլոր մուտքերն ու ելքերը։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ուշ երեկոյան մանրամասներ է հայտնել հանդիպումից։ Ըստ նրա՝ որոշվել է, որ այսօր պատվիրակություն է մեկնելու է Արցախ՝ գերիների հետ կապված գործընթացի իրականացման համար։

«Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի։ Խոստացել են, որ ամեն ինչ իր հունով գնալու է, սա մեր գործողությունների արդյունքն է»,- նշել է նա ու ավելացրել, որ եթե կրկին թերացում և անտարբերություն նկատեն, ապա նորից կդիմեն ծայրահեղ քայլերի՝ ավելի մեծ խնդիրներ կստեղծեն։

Ղուկասյանը նախարարի հետ հանդիպմանն անձամբ չի եղել, ինքը շարունակել է փակ պահել ՊՆ մուտքերը։

Ներկաները փոխանցել են, որ քննարկմանը խոստացել են նաև շատ արագ, փուլ առ փուլ զինծառայողներին, որոնք Արցախում են գտնվում, տեղափոխելու են Հայաստան։ Ղուկասյանը տեղեկացրել է , որ ինքն էլ է մեկնելու Արցախ, հույս հայտնել, որ հանդիպումներ կլինեն և դրանց արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնի։

«Չեմ ուզում առաջ ընկնել, բայց Աստված տա այսօրվա մեր հանդիպումը արդյունք ունենա, ու էդ որ ասում էին՝ նախնական պայմանավորվածություն կա, որ 30 գերի հետ կվերադառնա, հուսով եմ, որ գոնե կիմանանք, որ 30 տան մեջ ուրախություն է մտնելու»,- եզրափակել է Ղուկասյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ