Последние новости

Գևորգ Կոստանյանը` իր դեմ գործով Ինտերպոլի փաստաթղթերի մասին

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր վերաբերյալ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած Ինտերպոլի փաստաթղթերի գոյության մասին այսօր է իմացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գևորգ Կոստանյանը անդրադարձավ Թովմասյանի` այսօր բացահայտած երկու փաստաթղթերին։

Նշենք, որ Թագուհի Թովմասյանը 2 փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որոնց Ինտերպոլը մերժել էր հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ` «Մարտի 1»-ի գործով նրան առաջադրված մեղադրանքը քաղաքական համարելով։ Ինտերպոլն այդ մասին դեռ 2020-ի ապրիլի 10-ին է գրություն ուղարկել ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Բացի այդ, Ինտերպոլն այլ երկրներում եղած իր ստորաբաժանումներին գրություն էր ուղարկել` ասելով, որ բազայից հեռացնեն Կոստանյանի վերաբերյալ նյութերը, այսինքն` նա ազատ տեղաշարժի իրավունք ունի։

«Ես միայն տեղյակ էի ՌԴ իրավապահ մարմինների դիրքորոշմանը, ըստ որի մերժել էին իմ հանդեպ հետախուզում հայտարարելը` այն ապօրինի համարելով։ Սակայն այն, որ Ինտերպոլը նույնպես գնահատել է, որ իմ դեմ իրականացվող հետապնդումն ապօրինի է և քաղաքական, իրականում տեղեկություն չունեի։ Ինձ համար Թագուհի Թովմասյանի հայտարարությունը հաճելի անակնկալ էր»,–ասաց Կոստանյանը։

Հարցին, թե արդյո՞ք նրա պաշտպանը դեպքի առնչությամբ քայլեր կիրականացնի` Կոստանյանը պատասխանեց, որ այս փաստաթղթերի առկայությունն ինքնին բավարար է պնդելու, որ իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որևէ հիմք չկա։ Նա նկատեց` եթե միջազգային իրավական մարմինը պնդում է, որ իր դեմ հարուցված գործն անհիմն է և բնույթով քաղաքական, ապա ցանկացած նորմալ իրավաբան պարտավոր է կարճել գործը, քանի որ այն որևէ ապագա չունի։

Կոստանյանն ասում է, որ հայաստանյան իրավապահ մարմիններին ուղղակի ձեռնտու չէր Ինտերպոլի այդ փաստաթղթերի գոյության մասին հայտարարելը, քանի որ դրանք կվկայեին` քրգործով տարածված «երկարուձիգ հաղորդագրությունները» կեղծ էին։ Նախկին գլխավոր դատախազը վստահ է` Ինտերպոլի փաստաթղթերը հայաստանյան իրավապահ մարմիններն ունեցել են, ուղղակի գաղտնի են պահել։

«Փաստորեն, բոլոր երկրները հրաժարվել են իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքով հետախուզում հայտարարել, բացի ՀՀ–ից։ Անկախ այս փաստից, ես դեռ առաջին իսկ օրվանից ասել եմ` իմ հանդեպ հետախուզումը վերացրեք, գամ Հայաստան, հրապարակային քննարկենք «Մարտի 1»-ի գործը, և եթե 1 ապացույց կներկայացնեն ինձ, կընդունեմ մեղքս։ Սակայն իմ բոլոր առաջարկությունները իշխանությունները մերժեցին, ուստի այս ամենից ելնելով ինքներդ արեք հետևություններ, թե ո՞րն էր իմ առաջարկությունները մերժելու նպատակը»,–ասաց Կոստանյանը` հավելելով, որ իր առաջարկը դեռ ուժի մեջ է։

Կոստանյանը վստահեցնում է` երբ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխեն, այդ իսկ պահին էլ կվերադառնա Հայաստան։

Նախկին գլխավոր դատախազը նշում է` ցանկացած իրավաբան կարող է փաստել, որ նման իրավական փաստաթուղթը հիմք է, որպեսզի իր դեմ հարուցված քրգործն ընդհանրապես կարճվի։ Այն հիմքերն ու ապացույցները, որոնք Հայաստանի դատախազությունն ու ՀՔԾ–ն ունեն և որոնցով մեղադրում են իրեն, դրանք Ինտերպոլն անհիմն և քաղաքական բնույթի է համարել։ Նա հավելեց` չի կարծում հայաստանյան իրավապահ մարմինները նման քայլի կգնան, քանի որ Հայաստանում իրականացվող քրեական արդարադատությունը որևէ առնչություն չունի միջազգային քրեական արդարադատության և քրեական իրավունքի հետ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ