Последние новости

Վարդևանյան․ Ինչ կլինի, եթե ՍԴ-ն որոշի, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, այդ հոդվածով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ այս պահին ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննում է Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Վարդևանյանի խոսքով` եթե դիմումի քննարկումն անցներ բանավոր ընթացակարգի շրջանակներում, ինքը պատրաստվում էր շատ պարզ ներկայացնել վերոհիշյալ հոդվածի` Սահմանադրությանը հակասելու փաստն այնպես, որ որևէ մեկի մոտ կասկածներ չմնային։

«ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի` նիստը հրապարակային անցկացնելու միջնորդությունը հիմնավոր էր։ Ես ինքս 15 օր առաջ նման միջնորդություն էի ներկայացրել ՍԴ։ Ինչևէ, հակափաստարկներ` գրավոր ընթացակարգով դիմումն այսօր քննելու վերաբերյալ, ես այդպես էլ չլսեցի»,–ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով` օրենքով նախատեսված է` եթե գործը հանրային հնչեղություն ունի, ապա այն պետք է բանավոր ընթացակարգով քննվի։ Վարդևանյանը հռետորական հարց հղեց` այս գործը հանրային հնչեղություն չունի՞։

Բացի այդ, նրա խոսքով` 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, քանի որ նախ որոշակիության դեֆիցիտ կա, այսինքն` գործ ունենք մի հոդվածի հետ, որը հստակ և հասկանալի չէ, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ