Последние новости

Վհուկների որս ՔԿ–ում. քննիչին ազատել են աշխատանքից՝ «հականիկոլական» նյութերով կիսվելու համար

Քննչական կոմիտեի՝ Սևանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանն օրեր առաջ աշխատանքից ազատվել է հակաիշխանական գրառումներով իր ֆեյսբուքյան էջում կիսվելու համար։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Փաստաբանը պատմեց, որ Անդրանիկ Անտոնյանի նկատմամբ ավելի վաղ ծառայողական քննություն էր նշանակվել՝ իր ֆեյսբուքյան էջում այսպես ասած՝ «հականիկոլական» նյութերով կիսվելու համար։ Մասնավորապես, խոսքը «տարածքների հանձնման, պատերազմում զոհվածների թվի, Նիկոլ Փաշինյանի դավաճանության» և այլ նմանատիպ բովանդակություն ունեցող գրառումների մասին է։

Անդրանիկ Անտոնյանը կիսվել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ փաստաբան Հովսեփ Սարգսյանի գրառմամբ։ Փաստաբանը մեջբերեց իր գրառումը. «Ա՛յ, այսպիսի մանիպուլյատիվ դեմագոգությամբ երկիրը տարավ կործանման չկայացած կոորդինատորը»։

«Ծառայողական քննության ժամանակ քննիչն ասել է, որ ինքը դիրքորոշում չի հայտնել, ընդամենը կիսվել է ինչ–որ մարդկանց գրառումներով և որևէ մեկնաբանություն չի տվել այդ գրառումներին։ Ծառայողական քննության նյութերը ներկայացվել է կարգապահական հանձնաժողովին։ Քննչական կոմիտեի նախագահն առաջարկություն է ներկայացրել քննիչին հեռացնել աշխատանքից, և կարգապահական հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը»,– ասաց փաստաբանը՝ նշելով, որ Անտոնյանին արդեն բանավոր հայտնել են, որ ինքն ազատված է զբաղեցրած պաշտոնից։

Անդրանիկ Անտոնյանին ազատելու հրաման դեռ չկա։ Թե երբ կլինի հրամանը, Հովսեփ Սարգսյանը չգիտի։

«Ես Անդրանիկին ասել եմ, որ ինքը դիմում գրի և պահանջի թե՛ հրամանը, թե՛ կարգապահական հանձնաժողովի արձանագրությունները, և թե՛ ծառայողական քննության նյութերը, որպեսզի մենք կարողանանք դիմել Վարչական դատարան և բողոքարկել նրան աշխատանքից ազատելու հրամանը։ Բողոքարկելու ենք այն հիմնավորմամբ, որ քննիչն ակնհայտ քաղաքական հետապնդման է ենթարկվել։ Քաղաքական հետապնդումը Նիկոլի ասած տարբերակով «պոզով–պոչով կենդանի՞ է», որ էդպես գան կանգնեն մեր առաջ, մենք էլ տեսնենք։ Քաղաքական հետապնդումը էլ ո՞նց է լինում։ Պետական պաշտոնյային այլ կերպ ինչպե՞ս են քաղաքական հետապնդման ենթարկում, եթե ոչ ֆեյսբուքյան գրառումներով կիսվելու համար։ Եթե նույնիսկ Անդրանիկ Անտոնյանը լինելով պետական պաշտոնյա, հարեր և սիրեր Հիտլերի նացիստական կուսակցությանը, բայց դա իր գործունեության հետ կապ չունենար, ապա էլի իրավունք չունեին Անդրանիկին աշխատանքից ազատելու։ Սահմանադրությունը, ինչպես նաև կոնվենցիոն դրույթները, նախադեպային իրավունքը նախատեսում են, որ անձն իր քաղաքական հայացքի համար չի կարող հետապնդման ենթարկվել, չնայած կրկնում եմ՝ քննիչը քաղաքական դիրքորոշում չի ունեցել»,– նշեց փաստաբանը։

Ըստ Հովսեփ Սարգսյանի՝ Անդրանիկ Անտոնյանը միակ քննիչը չէ, որ քաղաքական հետապնդման է ենթարկվել և աշխատանքից հեռացվել։

«Վհուկների որսն այս պարագայում մեղմ է ասված։ Պետք է տեսնեք, թե մեր գործերով դատարաններում ինչ է կատարվում, խայտառակություն է։ Օրեր առաջ քրեական գործերից մեկի շրջանակում պետք է կալանքի ժամկետը երկարացնեին, քննիչը չէր կարողանում բերանը բացել և քրեական գործի վերաբերյալ տվյալ հայտնել, դատավորի հարցերին չէր կարողանում պատասխանել, քննության առարկային չէր տիրապետում, չնայած դատավորը բարձրության վրա էր և կալանքի ժամկետը չերկարացրեց, ինչը եղավ մեր հաղթանակը, բայց սա դիլետանտություն է. փոխարենը ՔԿ–ն զբաղվի քրեական գործերի քննությամբ և հանցագործության դեմ պայքարով, զբաղված է քաղաքական հարցերով և վհուկաորս կատարելով»,– նշեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Փաստաբանը հավելեց նաև, որ Անդրանիկ Անտոնյանը մասնակցել է 2020թ. 44–օրյա պատերազմին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ