Արցախցի պատգամավոր․ Դավաճանն Արցախի նախագահն ու իր հայաստանյան գործընկերն է
Արցախցիները ինձ գրում, զանգում էին, որ նախագահը եկել է Մարտունի, էլի նույն տեքստն ասել, որ ինքը մեղավոր չի, մեղավոր են բոլորը, մեղավոր են ներքին դավաճանները։ Չգիտեմ՝ ովքե՞ր են այդ ներքին դավաճանները, ամբողջ ազգը գիտի, որ դավաճանները հենց ինքն ու իր հայաստանյան գործընկերն է, հիմա ո՞ւմ վրա է մեղքն ուզում բարդել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահի՝ Կարմիր Շուկայի վերաբերյալ արված հայտարարությանը։
«10-ից 12 օր առաջ եմ եղել Կարմիր Շուկայում և այնտեղ անվտանգություն չեմ տեսել։ Ինքս ուզում եմ, որ մեր բնակչությունը վերադառնա և ապրի իր բնակավայրերում, և մենք ամեն բան անում ենք դրա համար։ Երբ գնացել էինք Թաղավարդ, մարդիկ զարմացել էին, ասում էին՝ դուք առաջինն եք, որ այցելել եք, երևի վախենում են մնացածը այցելել։ Ես այնտեղ անվտանգություն չնկատեցի, իսկ ճանապարհին մեզ հանդիպեց ադրբեջանական շարասյունը, որն անցնում էր և՛ Կարմիր Շուկայով, և՛ Սպիտակաշենով, և՛ Շոշով։ Դրա համար ես Արայիկ Հարությունյանի ոչ մի խոսքին չեմ հավատում»,– ասաց պատգամավորը։
Նշենք, որ Արցախի նախագահը նախօրեին այցելել է Մարտունի և մի շարք այլ համայնքներ, որտեղ խոսել է նաև Կարմիր Շուկայի մասին և ընդգծել, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել իրենց, թե իբր պատրաստվում են ինչ-որ գործարքներ իրականացնել։
«Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր և ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր Շուկան: Չեմ ուզում ասել, թե այդ օրերին քանի անգամ եմ եղել Կարմիր Շուկայում, և օրական քանի անգամ էի կապվում Կարմիր Շուկայի պատասխանատուների, Արցախի հերոս Արարատ Մելքումյանի հետ»,– բնակիչների հետ հանդիպմանն ասել էր Արցախի նախագահը։
«Նա հերթական շանտաժն է անում, ինչպես անում էր պատերազմի ժամանակ, որ մարդկանց շեղեր։ Նա է հենց գլխավոր ապատեղեկատուն և 44 օր շարուակ մենք դրա ականատեսն ենք եղել։ Նույնիսկ մեր՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ նա ճշմարտությունը չէր ասում։ Այն ժամանակ, երբ հասկացավ, որի չի կարողանում ստելով պահել իր բռնած գիծը, ուղղակի սկսեց մեզ հետ չհանդիպել։ Նույն ոճով հիմա է շարունակում, որովհետև արդեն մարդիկ բացահայտ են ըմբոստանում իր դեմ, չեն ընդունում, եթե առաջ ավելի զուսպ էին արտահայտվում, հիմա շատ ավելի բացահայտ, և բնականաբար նա անհանգստանում է։ Եթե մարդիկ չզգային, որ խնդիր կա անվտանգության հետ կապված, որը ոչ մի կերպ չի կարգավորվում, ու նա ինչպես եղել է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, հիմա շարունակում է, իրենք բնականաբար սոցիալական խնդիրների պատճառով չէին ըմբոստանա, կգիտակցեին, որ ամեն դեպքում պատերազմից հետո շատ խնդիրներ են լինելու։ Բայց հասկանում են և տեսնում են, որ ինչպիսի կեղծիք, որ եղել է 3 տարիների և պատերազմի ընթացքում, այդ կեղծ տեղեկատվությունը, իրական լուրերի բացահայտ սուտ հերքումը բնականաբար մարդկանց մոտ մեղմ ասած խուճապ է առաջացնում»,– նշեց Մետաքսե Հակոբյանը։
Արայիկ Հարությունյանը նշել էր նաև, որ իրենց մեղադրում են Կարմիր Շուկան հանձնելու մեջ, մինչդեռ իրենք այնտեղ 150 տուն են կառուցում։
«Արայիկ Հարությունյանը ուղղակի Նիկոլ Փաշինյանի սցենարով թատրոն է խաղում։ Իրենք ամբողջ հայ ազգի մոտ տպավորություն են ստեղծում, որ որևէ խնդիր չկա, ինչպես ինքն է ասում՝ նայում ենք դեպի առաջ, բայց նա երբեք չի ասում, թե առջևում ինչն են տեսնում, արդյոք մեր ազատագրված հայրենիքը, թե այդ 150 բնակարանը։ Դրանք խոսքեր են զուտ։ Որոշ ժամանակ առաջ մի տեղահանված գյուղի բնակիչները եկել էին, հանդիպում էին պահանջում, անձրև էր գալիս, սակայն որևէ մեկը ընդառաջ չէր գալիս այդ մարդկանց, ես եմ դուրս եկել, որ տեսնեմ՝ ինչ խնդիր ունեն։ Պարզվեց՝ այդ մարդկանց լուր են ուղարկել, որ իրենց համայնքը կիսելու են, և տներ են կառուցելու։ Նրանք ցանկանում էին իմանալ՝ ինչու են կիսում, եթե կարող են բոլորով մի տեղ լինել, և երբ ես սկսեցի զբաղվել այդ հարցով, պարզվեց, որ դա ընդամենը մարդկանց շեղելու համար է ասվել, տարիներ առաջվա ծրագրի մասին է խոսքը եղել, որը հիմա է իրականացվում»,– պատմեց արցախցի պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը փորձում է մեղքը բարդել բոլորի վրա, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, որպեսզի ինքը ջրից չոր դուրս գա։
«Ի՞նչ կեղծ հայրենասիրության մասին է խոսքը, եթե ես՝ որպես կին պատգամավոր, գնում եմ արդեն սահմանամերձ գյուղերը, որպես արցախցի ես չեմ էլ մտածում, որ այդ ճանապարհները անվտանգ չեն, բայց երբ խոսում ենք բնակիչների հետ, մարդիկ անհանգստացած են, նույնիսկ իրենց վաղվա օրը չեն պլանավորում։ Հետևաբար այսօր ոչ թե կեղծ կամ իրական հայրենասիրության դրսևորումներ են, այլ մարդիկ այսքան ստից, կեղծիքից հետո կարիք ունեն ճշմարտությունը լսելու։ Գոնե հիմա այս իշխանությունները հասկանան՝ այն կարճ ժամանակահատվածը, որ մնացել է, հասցնեն մաքրվել»,– հավելեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».