Последние новости

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ քրեական գործով գլխավոր դատախազը դիմել է ՍԴ

ՀՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ապրիլի 1-ին դիմել է Սահմանադրական դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

Դատախազը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանությունը։

Նշվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքում նկարագրված բազմաթիվ հանցակազմեր ունեն ընդհանուրի և հատուկի, մասի և ամբողջի հարաբերակցություն։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ է գալիս հատուկ հանցակազմը բացառող որևէ հանգամանք (օրինակ՝ տվյալ հանցակազմը նախատեսող նորմն ուժը կորցրել է քրեական օրենսգրքից հանվելու կամ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պատճառով), անձի արարքը պետք է որակվի ընդհանուր հանցակազմի շրջանակներում։

Բացի այդ, ըստ դատախազության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի (Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները) վերլուծությունը վկայում է, որ մեղադրանքի իրավական տարրը՝ իրավաբանական որակումը, ինքնուրույն՝ առանց փաստական հանգամանքների փոփոխության, երկրորդ ռեժիմի գործադրմամբ ևս փոփոխվել չի կարող:

Մի կողմից` տուժողի իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրվում է, որ տուժողն արդար դատաքննության իրավունք ունի, ինչը ենթադրում է, որ իրեն հասցված վնասը վերականգնվի, իրեն վնաս պատճառած արարքի հանգամանքները լրիվ բացահայտվեն ու դրանց տրվի ճիշտ քրեաիրավական որակում, իր նկատմամբ հանցանք կատարած անձը դատապարտվի և նրա նկատմամբ նշանակվի արդարացի պատիժ։

Մյուս կողմից, Սահմանադրության 75-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի հիմնական իրավունքները, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգեր:

Այնինչ, գործող իրավակարգավորումների պայմաններում հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ տուժողը` զրկվել արդար դատաքննության իրավունքից միայն այն պատճառով, որ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածը չի նախատեսում միայն արարքի իրավաբանական որակումը մեղադրողի կողմից փոփոխելու հնարավորություն։

Իսկ ահա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը և 366-րդ հոդվածի 2-րդ մասը (արդարացման դատավճիռ կայացնել 35–րդ հոդվածի կետերով նախատեսված հիմքերից մեկի առկայության դեպքում) պարտադրում են քրեական հետապնդում չիրականացնել, մեղադրանքից հրաժարվել և քրեական հետապնդումը դադարեցնել առանց որևէ վերապահման` այն դեպքում, երբ թեև հանցագործությունը սահմանող քրեաիրավական նորմը վերացվել է, բայց անձի արարքը համապատասխանում է այլ հանցակազմի հատկանիշներին:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է քրգործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, մասնավորապես, երբ բողոք, հանցակազմ չկա, երբ անձը մահացել է և այլ դեպքեր։ 4-րդ մասը սահմանում է, որ մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, հայտարարում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասի, ինչը դատարանի համար գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է: 5-րդն էլ սահմանում է, որ դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ