Последние новости

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը պահանջեց դադարեցնել քրեական հետապնդումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պահանջեց դադարեցնել քրեական հետապնդումը:

Փաստաբանն իր պահանջը, միջնորդության էությունը բարձրաձայնել է ապրիլի 2-ի նիստում: Խափանման միջոցի փոփոխմանը և քննչական մարմնի կողմից ներողությանն առնչվող մնացած պահանջների քննարկումը փաստաբանը վերապահեց դատարանի հայեցողությանը: Ալումյանը շեշտեց, թե քանի որ ՍԴ-ն չեղարկել է բուն 300.1 հոդվածը, ապա չկա նաև հանցագործություն:

Խափանման միջոցի վերաբերյալ հստակեցնող հարցին փաստաբանը պատասխանեց, որ իրենք միջնորդում են չեղարկման կամ գոնե գրավի չափը բազմակի նվազեցնելու մասին:

Միջնորդությանը միացան փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Հովհաննես Խուդոյանը:

Համանման միջնորդություն ներկայացրեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկություններ ներկայացրեց՝ հղում կատարելով Սահմանադրության մի շարք հոդվածների, այդ թվում՝ արդարացի պաշտպանության իրավունքին և դրան նպաստող օրենսդրությանը: Այնուհետև դատախազը փայլեց խորագիտակությամբ և սկսեց ներկայացնել եվրոպական օրենսդրության դրույթները: Այդ պահին փաստաբան Վարդևանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ դատախազն, ըստ էության, փորձում է ներկայացնել իր միջնորդությունը: Դատավորը դատախազին թույլ տվեց շարունակել:

Դատախազը շարունակեց օրինակներ բերել, որոնց էությունը հանգում էր տուժողների իրավունքների պաշտպանությանը և արարքի որակման փոփոխության հնարավորության անհրաժեշտությանը: Օրենսդրության մեջ սահմանափակումներ կան, երբ քրեական հետապնդման դադարեցման համար հիմնավորում հայտնվեց, բայց արարքում կան տարրեր, որոնք քրեորեն պատժելի են, արձանագրեց դատախազը: Ըստ էության դատախազն առաջարկում է սպասել ՍԴ որոշման կատարման հարցում՝ օրենսդրության բարեփոխման ակնկալիքով:

Թվարկածից ելնելով՝ դատախազն առաջարկում է մերժել միջնորդությունը, չեղարկել Խաչատուրովի և Օհանյանի խափանման միջոցը և դիմել ՍԴ: Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի առումով, Բաղդասարյանը կարծում է, որ խափանման միջոցը չի կարելի չեղարկել: Պետրոս Պետրոսյանը համաձայնվեց գործընկերոջ հետ:

«Մեր պաշտպանյալը մեղադրվում էր հոդվածով, որը ՍԴ որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և չեղարկվել է: Դատախազները մեկ շաբաթ հետո պահանջում են մերժել մեր միջնորդությունը: Այսինքն՝ հոդվածը չկա. պատկերացրեք միայն տեղի ունեցողի մասշտաբները: Այս ո՞ւր ենք հասել»,- վրդովվեց փաստաբանը: «Այսինքն՝ հետապնդումը շարունակում եք գոյություն չունեցող հոդվածով»,- ամփոփեց Ալումյանը:

Պրոֆեսիոնալ դատախազները նման բան են ասում, ասաց Արամ Վարդևանյանը: Էրիկ Ալեքսանյանը դատարանի ուշադրություն հրավիրեց նրան, որ դեռևս մեկ տարի առաջ բարձրացրել է մեղադրանքի որակավորման հարցը և խնդրել մեղադրող կողմին բացատրել, թե ինչու են նախկին պաշտոնյաներին մեղադրում հենց սահմանադրական կարգի տապալման մեջ: Դատախազ Բաղդասարյանը հայտարարեց, որ 300.1-րդ հոդվածը չի կարող կլանվել 309-րդ հոդվածով, սակայն այսօր հակառակն էր հայտարարում: Բաղադասարյանը հայտարարեց, որ նման բան չի ասել:

Փաստաբան Արամ Օրբելյանը նկատեց, որ դատախազությունը փորձում է իրեն դրսևորել հետևյալ կերպ՝ «չի ստացվում այս մեղադրանքով, կփորձենք մյուսով», և դատախազության այդ փորձերը հակասում են Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքին, որի համաձայն մարդը չի կարող երկու անգամ դատվել մեկ հանցանքի համար, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ