Последние новости

Կաթողիկոս․ Պառակտումներն ու սերմանվող ատելությունը նոր ցնցումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրը

Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, շարունակվող քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստվերելով նաև հայրենանվիրումի ու ազգասիրության վեհ գաղափարները։ Այս մասին ասվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ այսօրվա պատգամում, տեղեկացնում է News.am:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»

(Շարական Հարության)։

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Այսօր Սուրբ Հարության հրաշափառ տոնն է, տոն՝ վերհառնումի, մեղքի ու մահվան հանդեպ հաղթության։ Քրիստոս հարություն է առել, բացվել է գերեզմանի դուռը, հրեշտակները կյանքի լուսեղեն ավետիսն են բերել, առաքյալները զորացել և ոգեշնչվել են հարուցյալ Փրկչի հայտնությամբ։ Սքանչելախորհուրդ Հարությամբ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մարդկությանը պարգևեց գողգոթաներից հառնելու, մահին հաղթելու և հավիտենական կյանքը ժառանգելու երկնային շնորհը։ Մենք այդ վստահությամբ ենք քաջալերվում, նաև գոտեպնդվում նեղությունների ու վշտերի, մահվան ահասարսուռ իրողության հանդիման` ունենալով հաստատուն հավատը, որ Քրիստոս հարություն է առել և նորոգել է կյանքը, դուրս բերել մարդկությանը մեղքի ու չարիքի խավարից, հաշտություն հաստատել մարդու և Աստծո միջև։ «Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այդ` այն կյանքն է, որ Նրա Որդու մեջ է»,- ասում է առաքյալը (Ա Հովհ. 5.11): Քրիստոսի Հարությամբ բացվել է օրհնյալ կյանքի, հույսի, սիրո, խաղաղության ու համերաշխության լուսավոր ուղին։ Այս կենարար ճանապարհից շեղումը հարության փոխարեն մահ ու ավեր է սփռում, փրկության փոխարեն՝ դատապարտություն և կործանում, կյանքը դարձնում ատելության, բաժանումների հորձանուտ՝ լի չարի փորձություններով ու վտանգներով։

Սիրելիներ, անցյալ տարի մեր ժողովուրդը Փրկչի նմանությամբ վերստին կրեց խաչելության տառապանքը։ Պատերազմի դժոխային հնոցում չարչարանաց գողգոթա անցնելով զոհվեցին հազարավոր մեր սիրասուն զավակներ, կորցրեցինք Արցախի՝ հարազատ հայրենիքի զգալի մասը։ Ինչպես պատերազմից առաջ, այնպես և հետպատերազմյան շրջանում մեր կյանքում հաստատուն չեղան տերունապատվեր սիրո և համերաշխության նախանձախնդրությունը, Աստծո պատգամների համաձայն կենսակերպը։ Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, շարունակվող քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստվերելով նաև հայրենանվիրումի ու ազգասիրության վեհ գաղափարները։ Իսկ հայրենիքի անվտանգության չփարատվող մտահոգությունը, հայրենական կյանքի տեսլականի բացակայությունը, հիասթափությունն ու հուսախաբությունը անորոշության խավարով են մթագնել ապագայատեսիլ մեր հույսերը։ Ոչ մի հանգամանք, ոչ մի նպատակ, ոչինչ չի կարող արդարացնել ազգի ու հայրենիքի մասնատումն ու տկարացումը, ազգային և հոգևոր մեր արժեքների, նախնյաց ավանդների ոտնահարումը, նոր սերնդի ապազգայնացումն ու բարոյազրկումը, ազգի արժանապատվության ու պատվի նսեմացումը։ Մեր առջև ծառացած քաղաքական, տնտեսական, սոցիալական բարդ հիմնախնդիրների հանդիման, ճգնաժամային դժվարին հանգամանքներում թաղման անձավի մեջ մնալով, իրավիճակից դուրս ելնելու անհրաժեշտ գործողություններում հապաղելով` մեր խաչելությունը չի պսակվի հարության կենարար զորությամբ։ Հարությունը չի կայանում մերժելի ատելությամբ ու թշնամանքով, բաժանումով ու քայքայումով, այլ սիրով և հայրենյաց սիրո շուրջ համախմբումով, նեղություններն ու դժվարությունները միասնաբար հաղթահարելով։ Մեր ժողովրդի կյանքը ի հայրենիս և ի սփյուռս սպասում է վշտերի անհապաղ սփոփման, չարչարանքներից հառնումի և հաղթական հարության։ Քրիստոսի պարգևած փրկության և հարության լույսը, սիրելիներ, ճառագում է զոհողություններ ստանձնելու առաքինության միջոցով, զոհողություններ մեկս մյուսի հանդեպ, զոհողություններ ի սեր ողջ ժողովրդի։ Այս լույսի ներքո է, որ եսապաշտությունն ընկրկում է աստվածապաշտության առջև, մահաբեր ընթացքը շրջվում է դեպի կենսատու Աստված, տառապանքների մատնող գործողությունները փոխակերպվում են հարուցյալ կյանքի արարումների՝ առաջնորդելով փրկության ու հավիտենության։ Մեր երկիրն ու ժողովրդին պատուհասներից վեր հանելը, Արցախի կյանքը ավերներից բարձրացնելը և հայության ու հայրենիքի վերածնունդը հրամայական հանձնառություն են՝ իրագործելի ազգի բոլոր զավակների, քաղաքական կուսակցությունների, մասնավորապես մեծագույն պատասխանատվությունը կրող իշխանությունների կողմից։ Հայրենաշեն ջանքերը կպսակվեն հաջողությամբ օրհասական իրավիճակից պետականությունը փրկելու նախանձախնդրությամբ, անձնական հավակնություններից հրաժարվելով, պետության ու ազգի շահը գերադասելով։ Այս ոգով հաղթական հանգրվանի պիտի հասցնենք մեր ցավագին կորուստների վերականգնման, մեր ազգային իրավունքների պաշտպանության, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման մեր նվիրական ձգտումները։

Սիրելիներ, Քրիստոս հարություն է առել և մեզ պարգևել զորությունը նորոգելու մեր հոգիները, մեր կյանքը։ Չհուսալքվենք ու թևաթափ չլինենք մեզ պաշարած փորձությունների հանդիման։ Զորացյալ մնանք հարության հավատով։ Հարության հրաշքը կենսագործենք մեր երկրում ու կյանքում։ Ջերմ իղձերով փարված մնանք մեր հարազատ բնօրրանին՝ մեր հողին, ջրին, մեր օջախին, կանխելու համար արտագաղթը հայրենիքից և հզորացնելու մեր պետությունը։ Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք մեր կյանքի դառնություններն ու արհավիրքները՝ հասնելով մեր հույսերի ու տեսիլքների իրագործմանը և հարուցյալ նոր կյանքի կերտմանը։

Հոգենորոգ այս օրը աղոթք բարձրացնենք, որ Փրկիչ մեր Տիրոջ օրհնությունն ու շնորհները սփռվեն մարդկանց սրտերում՝ խաղաղություն և բարօրություն բերելով աշխարհին, իմաստություն քաղաքական գործիչներին՝ պետական ու հասարակական կյանքը կարգավորելու և բարեկեցության առաջնորդելու պատասխանատվության մեջ։ Աղոթենք պատերազմում վիրավորված մեր զավակների առողջության, գերիների և անհայտ կորածների վերադարձի, մեր զոհված քաջորդիների և համավարակից մահացածների հոգիների հանգստության համար՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի մխիթարությամբ. «Ես իսկ եմ hարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11.25)։ Թող Սուրբ Զատկի հուսառատ ավետիսը հայրենաշեն երազների իրագործման զորությունը պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Եվ թող Հարության արշալույսով զարդարվի երկնակամարը մեր ազգային-եկեղեցական կյանքի, և խաղաղ ու ապահով մնա մեր հայրենիքը՝ Հայաստան ու Արցախ աշխարհը, հավատքով ամուր, սիրով ու միասնական՝ մեր ժողովուրդը, այսօր և միշտ և հավիտյան. ամեն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТГ-канал: ЕСЛИ БЫ ЕРЕВАН ПОВЕЛ СЕБЯ ИНАЧЕ, ТО МОГ БЫ РАССЧИТЫВАТЬ СЕГОДНЯ НА ДВА ЯДЕРНЫХ ЗОНТИКА
      2024-11-22 10:44

      При голосовании за антииранскую резолюцию в Совете управляющих МАГАТЭ голос Армении оказался в числе 12 воздержавшихся. Поддержали Иран всего трое - Россия, Китай, Буркина-Фасо. 19 – начиная с США, Британии, Франции, Германии и заканчивая Грузией - одобрили резолюцию.

    • СМЕХ - УНИКАЛЬНЫЙ ИНСТРУМЕНТ, СПОСОБНЫЙ И ОБЪЕДИНЯТЬ, И ДИСТАНЦИРОВАТЬ
      2024-11-22 10:13

      Смех — это универсальный язык, который помогает нам налаживать контакты, выражать эмоции и даже сглаживать конфликты. Но что на самом деле скрывается за этим простым и знакомым проявлением человеческой природы? Психологи из University of Virginia (США) утверждают: смех — это не всегда признак радости, а сложный социальный инструмент с множеством оттенков, сообщает Royal Society Publishing.

    • НОВЫЙ НАЛОГОВЫЙ КОДЕКС АРМЕНИИ БУДЕТ ДЕРЖАТЬ ОБЩЕСТВО В ПОСТОЯННОМ СТРАХЕ: ЭКСПЕРТ
      2024-11-22 10:10

      Нынешний Налоговый кодекс Армении даже более неудачный, чем об этом заявляет премьер-министр Никол Пашинян, назвавший его "антигосударственным". Однако проблема в том, что даже после инициированных властями законодательных изменений новый Налоговый кодекс сохранит все тот же "антигосударственный" характер. Такое мнение высказал в беседе со Sputnik Армения председатель Палаты аудиторов Наири Саркисян. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что действующее налоговое законодательство не учитывает интересы страны и даже антигосударственное, так как не позволяет собрать нужные налоги.

    • ВЕЛИЧИНА ОТКРЫТИЯ СТАНОВИТСЯ ОЧЕВИДНОЙ ЛИШЬ НА ИСТОРИЧЕСКОЙ ДИСТАНЦИИ
      2024-11-22 10:04

      Конференция «50 лет холодному слиянию» в Ереване Международная конференция физиков под названием «50 лет холодному слиянию» проходит в эти дни в Ереване. Она организована Национальной академией наук Республики Армения и Объединенным институтом ядерных исследований (ОИЯИ, Дубна). Для участия в конференции собрались ученые из Европы, Азии и Америки.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ