Последние новости

Արցախի ՄԻՊ-ի 2020թ. տարեկան հաղորդումը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Տեղեկությունը հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։

«2020 թվականին պաշտպանի աշխատակազմը ստացել է 377 դիմում 481 անձի կողմից` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարության, սեփականության, ընտրական և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ: Հարկ է նշել, որ նշված դիմումների ընդհանուր քանակի մեջ ներառված չեն պատերազմական գործողությունների ընթացքում ստացված հարյուրավոր դիմումները, քանի որ իրավիճակի դժվարություններով պայմանավորված` պատշաճ վիճակագրություն վարել հնարավոր չէր»,-նշված է հաղորդագրության մեջ:

Պատերազմի ընթացքում և պատերազմից հետո քաղաքացիների դիմումները վերաբերել են զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքին ու առողջությանը, անհայտ կորածների մասին տեղեկություններ ստանալուն, քաղաքացիական անձանց տարհանվելուն, սոցիալական ապահովությանը, աշխատանքային և այլ իրավունքներին ու հարցերին:

Տարեկան հաղորդման մեջ մանրամասն ներկայացված է նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով պաշտպանի նախաձեռնած փաստահավաք առաքելության արդյունքները և դրանց հիմքով պատրաստված զեկույցները:

«Հաղորդմամբ պաշտպանն իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների վրա (սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, առողջության պահպանման իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի, երեխաների իրավունքի, հաշմանդություն ունեցող անձանց իրավունքների, ազատազրկված անձանց իրավունքների և մի շարք այլ ոլորտների)` հանդես գալով կոնկրետ առաջարկներով այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Արցախի ՄԻՊ-ն իր պատրաստակամությունն է հայտնում մատնանշված խնդիրների լուծման նպատակով համագործակցել պետական լիազոր մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հաստատությունների հետ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ