Последние новости

Գյումրիյում սպառնում են փակել այլ կառույցների մուտքեր

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները Շիրակի մարզպետարանի մուտքերը շարունակում են փակ պահել. Մինչև կեսօր ժամանակ են տվել կառավարությանը։ ՀՀ վարչապետը պետք է անձամբ գնա մարզ՝ հստակ պատասխան տա հարազատներին՝ իրենց որդիների վերադարձի գործընթացի վերաբերյալ, հակառակ դեպքում կփակվեն նաև այլ կառույցների մուտքերը։

«Մարզպետարանի դռները չեն բացվել։ Մեկ ժամ ժամանակ ենք տվել, որ պատասխան տան, թե Փաշինանը երբ է հանդիպման գալու Շիրակի մարզ։ Մենք՝ ոչ մեկս էլ ցանկություն չունենք գալու Երևան, երեք անգամ եկել ենք հանդիպման, ինքը մեզ չընդունեց, հիմա էլ մենք ենք պահանջում, որ ինքը գա էստեղ։ Եթե չեկավ, ուրիշ կառույցներ էլ կփակենք, սրանով չենք սահմանափակվի։ Հոգիներիս են հասցրել»,- «Փաստինֆո»-ին հայտնեց գերեվարված շիրակցիների հարազատներից մեկը։

Զինծառայողների հարազատները հայտնեցին, որ Փաշինանն ասել է, թե հարազատներին կընդունի Երևանում, ծնողները, սակայն, պատրաստ չեն կրկին մայրաքաղաք գալ։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ երեկոյան մարզպետարանում աշխատող կանայք տուն են գնացել, իսկ այսօր առավոտան տղամարդիկ ևս լքել են մարզպետարանը։

«Այս պահին մարզպետարանը չի աշխատում։ Իրենց լարվածությունը բոլորիս համար հասկանալի է։ Եթե աջակցութուն չլիներ՝ գերեվարվածների հազարազտները մի ամբողջ օր մարզպետարանում չէին անցկացնի, ուղղակի մուտքը սկզբից կփակվեր։ Ամենօրյա ռեժիմով իրենք մարզպետարանում են ու բոլորս իրենց անհատապես ճանաչում ենք, այլ բան մարզպետարանը չի կարող անել, իրենց որևէ կերպ չենք խոչընդոտում։ Խնդիրը դրված է իրենց հարգալից վերաբերվելու և աջակցելու հոգեբանորեն, այլ կերպ մարզպետարանը այս պահին իրավիճակ փոխել չի կարող»,- ասաց Արաքսյա Կիրակոսյանը։

Հարազատները նշեցին, որ մարզպետարանը չպետք է աշխատի, տղամարդկանց առավոտյան են թույլ տվել լքել շենքը, որովհետև իրենք աշխատակիցների հետ որևէ խնդիր չունեն, կառավարությունից են պատասխան ակնկալում։

Ավելի վաղ տեղեկացրել էր, որ գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողները փակել էին Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը: Երեկ ուշ երեկոյան Շիրակի մարզպետարանում լարված իրավիճակ էր: Ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և գերեվարված շիրակցի կամավորների ու զինծառայողների ծնողների միջև: Ոստիկանները փորձել են ծնողներին դուրս հրավիրել մարզպետարանի շենքից, ինչի հետևանքով ընդհարում է եղել: Ըստ ծնողների՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել, որի ժամանակ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին: Գերեվարված անձանց հարազատների հետ բանակցելու են եկել ԱԱԾ աշխատակիցները: ՀՀ ԱԱԾ Շիրակի ՄՎ պետ Կամո Ներսիսյանը նրանց հորդորում էր դուրս թողնել մարզպետարանի աշխատակիցներին։

«Ոստիկանները երեկ նման բան չպետք է անեին գերեվարված զինծառայողների ծնողների հանդեպ։ ԱԱԾ-ից էլ նորմալ եկել շփվել են, բանակցութունների մեջ էին, որ բացվի դուրս գան աշխատողները»,- հայտնեց հարազատներից մեկը։

Գերեվարված շիրակցիների հարազատները պնդում են, որ արդեն չորս ամիս շարունակ իշխանությունները իրենց հորդորել են լռել, համբերել, կտրուկ գործողությունների չդիմել, սակայն իրենք այլևս չեն կարող սպասել և պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ գա Շիրակի մարզ և հանդիպի իրենց հետ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ