Սերժ Սարգսյանը ևս մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանին
Մայիսի 1–ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև։ Տեղեկությունը ILur.am-ի միջոցով հայտնել է առաջին նախագահը` հավելելով, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր առաջարկի կտրուկ մերժումից հետո, ինքը Սերժ Սարգսյանին առաջարկել է ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
«Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում հանրությանը ներկայացնել նաև այդ հայտարարության տեքստը»,–գրել է Տեր–Պետրոսյանն ու կրկին հրապարակել հայտարարությանը տեքստը:
ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հայտարարության տեքստը.
Նկատի ունենալով՝
- պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,
- ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,
- իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,
- ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը,
- ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,
«Հայտարարում ենք, որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։
Երկրի քաղաքական կյանքում անձամբ մեր երկուսի ապագա դերակատարությունը պատկերացնում ենք բացառապես միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտներում վարչապետի կողմից հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կարգավիճակում»,–ասված է նախատեսված հայտարարության մեջ։
Լևոն Տեր Պետրոսյանը նշել է, որ թե՛ եռակողմ, թե՛ երկկողմ հայտարարությունների գաղտնազերծմամբ ինքը հետապնդել է ընդամենը մեկ նպատակ. այն է՝ հասարակական ճնշում բանեցնել երկրորդ և երրորդ նախագահների վրա` իր պատկերացրած դաշինքի իրականանալիությունը դեռևս բացառված չհամարելով: «Դատելով իմ նախորդ հրապարակման արձագանքներից` ես համարում եմ, որ մասամբ հասել եմ իմ նպատակին: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, մտավորականներ, որոնք երբեք իմ համակիրը չեն եղել, ողջունել են այս նախաձեռնությունը: Վստահ եմ, որ նույնպիսի արձագանքի կարժանանա նաև այս հրապարակումը:
Անկարևոր չեմ համարում ուշադրություն հրավիրել նաև մի ուրախալի երևույթի վրա: Առաջին անգամ մեր երկրում մենք ականատես ենք դառնում իրական քաղաքական բանավեճի, ինչին ինձ չհաջողվեց հասնել 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի պարագայում»,–արձանագրել է առաջին նախագահը:
Լևոն Տեր–Պետրոսյանը կրկին ընդգծել է, որ փաշինյանական հանցավոր և ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ: Նրա խոսքով` այլապես մեզ սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը Հայաստանի և Արցախի համար կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը:
«Վերջում, ուզում եմ արձագանքել իմ հասցեին հնչող մի բարոյական կշտամբանքի, թե ես, գաղտնազերծելով նման փաստաթղթեր, խախտել եմ խորհրդապահության պայմանը: Հայտնում եմ, որ նախ՝ չհրապարակելու պայմանավորվածություն չի եղել, և երկրորդ՝ որպես սկզբունք, ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել»,–գրել է նա:
Առաջին նախագահը նաև տեղեկացրել է, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ոգևորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով և մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.