Последние новости

ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել ենթադրյալ նոր փաստաթղթի հարցն է (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որը նախաձեռնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, և որին միացել է նաև ԲՀԿ-ն, տեղեկացնում է News.am:

 


Օրակարգում հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցն է։

Նրանք ԱԺ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որ վերնագրված է. «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին»:

Ստորև ներկայացնում ենք ԱԺ հայտարարության նախագիծը.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝

- 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 3-րդ մասերի՝

Ազգային ժողովը վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին, ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:

Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:

- 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝

Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում:

Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է:

Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին և իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր տեղի է ունենում:

Հնարավոր ճնշումների կամ ազատ կամքի արտահայտումը բացառող ցանկացած դրսևորման արդյունքում հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հղի է ազգային և պետական շահի ստորադասման, ինչպես նաև Արցախի Հանրապետության սահմանների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ անբարենպաստ և անդառնալի հետևանքերի առաջացմամբ, հայ ժողովրդի ապագա սերունդների համար ծանր բեռ առաջացնելու և միջազգային իրավունքով երաշխավորված արդարության վերականգնման իրավունքից զրկելու վտանգով:

Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաև ազգի ապագային»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ