Последние новости

Երբ միասնական ենք, կարողանում ենք հաղթել․ ՀՀ նախագահը ուղերձ է հղել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ ուղերձ է հղել, որը հրապարակվել է նախագահի կայքում։

«Առաջին հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո: Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ միասնական ենք, կարողանո՛ւմ ենք հաղթել», - գրել է նա։

Սարգսյանի խոսքով՝ այսօր հայությունը կանգնած է բարոյականության ու արժանապատվության Սարդարապատի շեմին, ճակատամարտ, որի միայն հաղթական արդյունքը կարող է երաշխավորել ամուր պետականություն և զարգացման հեռանկար:

«Այսօր կարիք ունենք սթափ դատողության ու առողջ մտածողության, կարիք ունենք պատմության դասը սերտելով՝ նորովի գիտակցելու, որ Հայրենիքը որպես իրականություն կարող է ապրել միայն անկախ պետականության տեսքով, որ անկախ պետականությունը ձեռք է բերվում և պաշտպանվում դժվարությամբ, որ շատ ժողովուրդներ այսօր էլ երազում են դրա մասին», - նշել է նախագահը։

Նրա խոսքով՝ մենք պետք է կարողանանք ոչ միայն հաղթել, այլև խորությամբ հասկանալ, թե ինչպես վարվել այդ հաղթանակի հետ:

«Պետք է կարողանանք սթափ վերլուծել մեր անհաջողությունների պատճառները, այդ թվում՝ Առաջին հանրապետությունից ցայսօր, և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր: Ես հավատում եմ, որ կարո՛ղ ենք հասնել այնպիսի ձեռքբերումների, որոնք դեռ երեկ անհնարին էին թվում, կարո՛ղ ենք իրականությունը համապատասխանեցնել մեր ցանկությանը, կարո՛ղ ենք կյանքի կոչել այն երազանքը, որն առաջին հայացքից թվում է անհասանելի», - շեշտել է Սարգսյանը։

Նախագահը նշել է, որ թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, կախված է յուրաքանչյուր քաղաքացուց։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ այցելել էր Սարդարապատի հուշահամալիր, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ