Последние новости

Գարեգին Բ․ Հավատում ենք, որ ժողովուրդն ուժ կգտնի դուրս գալու նաև ներկայիս փորձությունից

Հավատում ենք, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև ներկայիս փորձությունից։ Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում այս մասին ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։ Առաջին Հանրապետությունը թեև երկար չգոյատևեց, սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան, որի ներշնչումով կերտվեցին վերազարթոնքի հետագա հաղթանակները մեր ժողովրդի»,–ասված է ուղերձում։

Նրա խոսքով` ավելի քան 100 տարի առաջ Ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան հատվածը և իր գոյությունը պաշտպանելու մեծ մարտահրավերների առջև, սակայն չընկրկեց և միասնաբար պայքարեց մայիսյան հերոսամարտերում՝ վերականգնելով հայրենի պետականությունը։

Գարեգին Բ-ն նշում է, որ այսօր ևս մտահոգ ենք հայրենի երկրի առջև ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի նկատմամբ շարունակական ոտնձգություններով։ Կաթողիկոսի ուղերձում նշվում է` թող Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ