Последние новости

Վրաստանը բացել է ցամաքային սահմանները

Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի մարտից փակված Վրաստանի ցամաքային սահմանները հունիսի 1-ից բացվել են օտարերկրյա այցելուների համար։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, երկիր կարող են ժամանել COVID-19–ի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները (բացառություն են կազմում վերջին երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստան այցելած քաղաքացիները)։

Նշվում է, որ Վրաստանի կառավարությունը նաև երկրների ցանկ է կազմել, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան այցելել առանց պատվաստվելու, սակայն նախքան ժամանելը 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում։ Այդ պարագայում օտարերկրյա քաղաքացին ժամանելու երրորդ օրը ստիպված կլինի կրկնակի թեստ հանձնել սեփական միջոցների հաշվին։

Գործակալությունը հրապարակել է նաև այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն ու բնակիչները կարող են հատել Վրաստանի սահմանը բացասական ՊՇՌ թեստի առկայության պարագայում. ԵՄ երկրներ, Իսրայել, Թուրքիա, Շվեյցարիա, Նորվեգիա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն և Հյուսիսային Իռլանդիա, Սաուդյան Արաբիա, Կատար, ԱՄԷ, Բահրեյն, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղըզստան, Թուրքմենստան, Կանադա, Ճապոնիա, Քուվեյթ, Չինաստան, Հարավային Կորեա, Օման և Մոլդովա։

Վրաստան այցելողները պետք է հիշեն նաև երկրում գործող սահմանափակումների մասին։ Հակառակ դեպքում օրինախախտները ստիպված կլինեն մեծ տուգանքներ վճարել։

Եվ այսպես, Վրաստան այցելելիս պետք է հիշել, որ երկրի տարածքում գիշերային ժամերին` 23:00-05:00–ն ընկած ժամանակահատվածում, տեղաշարժվելու սահմանափակում է գործում (պարետային ժամ)։ Այս սահմանափակումը խախտելու դեպքում տուգանքի չափը 2 հազար լարի է կազմում (615 դոլար)։

Դիմակը պարտադիր է ինչպես փակ տարածքներում, այնպես էլ մաքուր օդին։ Առանց դիմակի չի թույլատրվում նաև օգտվել հասարակական տրանսպորտից։ Դիմակի բացակայությունը 20 լարի կարժենա։

Սահմանափակումներ են գործում միջոցառումների (հարսանիքներ, բանկետներ, ծննդյան տոներ, հուղարկավորություններ) անցկացման համար։ Տուգանքի չափը` 2 հազար լարի (615 դոլար)։

Տարբեր հաստատություններ և ժամանցային վայրեր մուտք գործելիս այցելուները պարտադիր ջերմաչափվում են։ Ամենուր ախտահանիչ նյութեր և տրանսպորտային միջոցների համար նախատեսված հատակի ախտահանող մակերևույթներ են տեղադրված։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահպանել, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ