Последние новости

ԵԽ-ում Երևանին և Բաքվին կոչ են արել ականազերծման համար տեղեկատվության փոխանակում սկսել

Եվրախորհրդարանականները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել փոխանակել հասանելի տեղեկատվությունը՝ արդյունավետ ականազերծումը շարունակելու համար: Այս մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչովի և Ադրբեջանի հարցերով զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am:

Նրանք ափսոսանք են հայտնել հունիսի 4-ին երեք ադրբեջանցիների մահվան կապակցությամբ, որոնք մահացել են ականի պայթյունից Քարվաճառում, որը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է հայտնվել:

«Երկու կողմերն էլ պարտավոր են համագործակցելու պարտավորություն վերցնել իրենց վրա և հասանելի տեղեկատվություն փոխանակել` արդյունավետ ականազերծումը շարունակելու և հետագա ողբերգությունները կանխելու համար: Նրանք նաև պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն փոխադարձ վստահության և հաշտեցման հիմնական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ՝ սկսած մնացած բոլոր գերիների ազատ արձակումից, հրահրող հռետորաբանությունից հրաժարվելուց, վիճահարույց սահմանային շրջաններից զորքերը հեռացնելուց և հակամարտության երկարաժամկետ կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վերսկսումից։

Ցամաքային ականներն իրենց բնույթով անխտիր գործողության զենք են, որոնք չեն կարող տարբերակել քաղաքացիական և ռազմական թիրախները, և ցավալի է այն փաստը, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն հանդիսանում 1997թ. «Հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայի (Օտտավայի պայմանագիր) մասնակից:

Մենք կոչ ենք անում կողմերին պայմանավորվել Կոնվենցիային միաժամանակ միանալու մասին՝ ոչ միայն որպես վստահության ամրապնդման միջոց, և առաջարկել նրանց հրապարակավ հայտարարել հնարավորինս շուտ նման համատեղ քայլ կատարելու պատրաստակամության մասին»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ