Կոպիրկին․ Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց
Հայաստանում ռուսական ներդրումները, վերջին տվյալներով, ընդհանուր առմամբ կազմում են ավելի քան 2 մլրդ դոլար։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ինչպես նշեց դիվանագետը, Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է մնում՝ ապահովելով երկրի ամբողջ արտաքին առևտրի ավելի քան մեկ քառորդը: Համաշխարհային տնտեսության ընդհանուր անկման պայմաններում երկրներին հաջողվել է խուսափել առևտրային փոխանակման ծավալների լուրջ անկումից։ Այնուամենայնիվ, 2020 թ․-ին ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2,3 մլրդ դոլարը՝ կրճատվելով 9,6 տոկոսով:
«Չնայած այն բանին, որ այս տարվա առաջին եռամսյակում նույնպես փոքր անկում է գրանցվել, կասկած չկա, որ ստեղծված համաճարակաբանական իրավիճակից դուրս գալուն զուգահեռ` ապրանքաշրջանառությունն արագ տեմպերով կվերականգնվի»,-վստահ է Կոպիրկինը։
Դեսպանը նշեց, որ Ռուսաստանը նախկինի պես վստահորեն զբաղեցնում է Հայաստանի տնտեսության մեջ հիմնական օտարերկրյա ներդրողի դիրքը: Հայկական կողմի տվյալներով՝ ռուսական ներդրումները, 2020 թ․-ի երրորդ եռամսյակի դրությամբ, գերազանցել են 2,1 մլրդ ԱՄՆ դոլարը կամ օտարերկրյա համախառն կապիտալ ներդրումների 40 տոկոսը: Դրանցից ուղղակի ներդրումների բաժինը կազմում է 1,7 մլրդ դոլար (որոնք ապահովում են աշխատատեղերը, արտադրությունը) կամ ընդհանուր մասնաբաժնի 41,7 տոկոսը։
Կապիտալ ներդրումների հիմնական ծավալն ուղղված է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են էներգետիկան, բանկերը, մետալուրգիան, շինարարությունը, կապը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ընկերությունների մոտ մեկ երրորդը հենց ռուսական կապիտալով ձեռնարկություններն են (28,6 տոկոս):
Ինչպես նշեց Կոպիրկինը, դինամիկ զարգանում են մարզերի գծով կապերը, այդ գործընթացում ներգրավված են Ռուսաստանի Դաշնության շուրջ 70 սուբյեկտ և Հայաստանի գրեթե բոլոր մարզերը: Ռուսական կողմը, դեսպանի խոսքով, ջանում է ամեն կերպ աջակցել Հայաստանի մարզերի, այդ թվում՝ սահմանամերձ շրջանների դինամիկ զարգացմանը։
«Ինչպես գիտեք, շատ կարևոր նախագիծ է իրականացվում՝ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի արդիականացում և երկարացում 2026 թվականից հետո (առնվազն մինչև 2036 թվականը), որտեղ գլխավոր կապալառու է հանդիսանում «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը»,-նշեց դիվանագետը։
«ԳԼՈՆԱՍՍ» ԲԸ-ն իր հերթին հայ հավանական բիզնես-գործընկերների հետ քննարկում է նավիգացիոն ոլորտում համագործակցության զարգացման և արտակարգ օպերատիվ ծառայությունների սարքավորումների և կանչի համակարգերի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքների ստեղծման հարցերը ՝ Ռուսաստանում գործող պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգի նմանությամբ:
Բացի այդ, համատեղ նախաձեռնություններ են մշակվում ռադիոէլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, արհեստական ինտելեկտի համակարգի (AI), հաջորդ սերնդի կապի համակարգի (5G), մեքենայական տեսողության (վարորդին օգնող ADAS համակարգ), նեյրոնային ցանցի, ծրագրային ապահովման մշակման, էլեկտրոնային բաղադրիչների (հիշողության չիպեր, ինտեգրալ միկրոսխեմներ և այլն) հետ կապված առանձին նախագծերի շուրջ:
Խոսելով ռուսական բիզնեսի մասնակցության համար գրավիչ նախագծերի մասին՝ դիվանագետն առանձնացրեց արդյունաբերական շինարարության այնպիսի նախագծեր, ինչպիսիք են, օրինակ, բազալտե մանրաթելերի և դրանից պատրաստված իրերի արտադրությունը, «Ինժեներական քաղաքի» ստեղծման, գյուղատնտեսության համար բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտադրության ընդլայնման նախագծերը (ԲԱՐՎԱ ընկերության նախագիծը):
Դեսպանի խոսքով ՝ ռուս ներդրողները չեն կարող հաշվի չառնել հանրապետությունում տիրող իրավիճակը։ Այս առումով շատ կարևոր է Հայաստանի կառավարության մոտեցումը ներդրումներին, աշխատանքային պայմանների ստեղծմանը։ Միևնույն ժամանակ, Կոպիրկինի տեսանկյունից, չի կարելի խոսել այն մասին, որ ռուս ներդրողները վախենում են ներդրումներ կատարել Հայաստանում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".