Последние новости

Զալկալիանի․ Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակի ձևաչափում

Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակի ձևաչափում աշխարհաքաղաքական կարևոր ենթակառուցվածքային նախագծեր իրագործելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին Անթալյայում (Թուրքիա) Դիվանագիտական ֆորումին ելույթ ունենալիս:

Որպես տարածաշրջանային համագործակցության առավել հաջողված օրինակներ՝ Զալկալիանին ներկայացրել է մի շարք նախագծեր, որոնք իրականացվում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կողմից՝ Հարավային գազատրանսպորտային միջանցքը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և այլն: «Մենք այսօր շատ մեծ հնարավորություններ ունենք: Փաստը, որ նավթի և գազի խողովակներն անցնում են վրացական տարածքով, պրագմատիկ համագործակցության ցուցանիշ է: Կայունությունը կարևոր է տարածաշրջանի զարգացման համար»,-ասել է նախարարը:

Ընդ որում՝ նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական դաշնակիցներն են, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի հետ պատմական և բարեկամական կապերը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

«Դա մեր գործնական համագործակցության գործնական ցուցադրումն է: Հենց այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք այդ ուղերձը հասցնել մեր բոլոր հարևաններին և, հատկապես, մեր հայ գործընկերներին: Մենք պատրաստ ենք աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակի ձևաչափում տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից»,-հայտարարել է Զալկալիանին:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը Վրաստանի համար բացարձակ առաջնահերթություն է: Զալկալիանին նաև նշել է, որ կարևոր է իրագործել կոնկրետ նախագծեր, որոնք պետք է նպաստեն տնտեսական համագործակցության, տրանսպորտային կապերի ընդլայնմանը Կասպից և Սև ծովերի ներուժն օգտագործելու տեսանկյունից: Ընդ որում՝ Վրաստանի վարչապետը պարզաբանել է, որ նշված ձևաչափը նաև ենթադրում է ներգրավել ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Թուրքիային և այլ «խոշոր խաղացողներին», որոնք պատրաստ են օգնել վերոնշյալ նախագծերի զարգացման հարցում:

«Անհնար է ստեղծել տարածաշրջանում կայուն միջավայր առանց կարևոր նախագծերի իրագործման և կապերի ամրապնդման: Իսկ առանց կայունության հնարավոր չի լինի խոսել զարգացման և բարգավաճման մասին: Այսպիսով՝ մեր կողմից մենք գիտակցել ենք, որ պետք է ակտիվորեն աշխատել՝ անգամ չնայած մեր սահմանափակ ռեսուրսներին: Դրա համար լավ օրինակ է հումանիտար համագործակցությունը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վրաստանի վարչապետի և մեր ամերիկյան գործընկերների աջակցությամբ, որը նախատեսում է գերևարվածների ազատում ականապատ տարածքների քարտեզների փոխարեն, ինչը նաև ցույց է տալիս, որ Վրաստանը կարող է անել ավելին: Ես համարում եմ, որ դա այդ գործընթացի լավ սկիզբ է»,-ասել է նախարարը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ