Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԵՐԵՍՎԵԼՈՒ Է ՄԻ ՔԱՆԻ ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի հոդվածը ղարաբաղյան բանակցություններում հայկական օրակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին։
Ադրբեջանն իր օրակարգը ձեռքին պատրաստ սպասում է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հարմար պահի, որպեսզի այն դնի սեղանի վրա։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։
Առաջինը դելիմիտացիայի և դեմարկացիայի հավանական փաստաթուղթն է, որն առնչվելու է նաև անկլավների հարցին: Երկրորդը Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի/միջանցքի հարցն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ է։ Երրորդը հայ-ադրբեջանական խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է։
Այս երեքն էլ շատ լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։ Դրանք անխուսափելիորեն պարունակելու են դրույթներ, որոնք չեն բխելու Հայաստանի Հանրապետության անվտանգության և, առհասարակ, շահերից։
Ավելին, խաղաղության համաձայնագիրը կամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ փաստաթուղթը կստորագրի միմիայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Լավագույն դեպքում այդտեղ կարող է մտցվել դրույթ, որով Ղարաբաղի այսօր մնացած մասում հայերին մշակութային ինքնորոշման ինչ-որ տարբերակ տրամադրվի։ Այս փաստաթուղթն իհարկե վերոնշյալ երեքից ամենավտանգավորն է, և առաջին երկուսի իրականացումն ինչ-որ պահից առնչվելու է նաև դրան՝ նախապայմանների ձևով։ Այլ կերպ ասած՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների բացումը և կոմունիկացիաների գործարկումը կապվելու է նաև այս փաստաթղթի ստորագրման հետ։ Եթե նախկինում Թուրքիան և Ադրբեջանը ասում էին, որ Ղարաբաղին հարակից թեկուզ մի քանի տարածքների վերադարձի դեպքում պատրաստ են բացել կոմունիկացիաները, ապա մոտ ապագայում այս երրորդ փաստաթղթի ստորագրումն է լինելու կոմունիկացիաների բացման նախապայմանը։
Տպավորություն է, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավվել այս գործընթացներին։ Դա ակնհայտ դարձավ ընտրարշավի ընթացքում իշխող կուսակցության հնչեցրած հայտարարություններից և մոտեցումներից։
Այս պահին Հայաստանը կարծեք չունի իր սեփական օրակարգը։ Առանց նման օրակարգի՝ վերոնշյալ գործընթացներին ներգրավվելը միանշանակ կտանի անցանկալի արդյունքների և դիվանագիտական, տարածքային ու անվտանգային նորանոր բարդությունների ու կորուստների։
Այս բոլորին Հայաստանը պետք է հակադրի իր ուրույն օրակարգը, որի նվազագույն դրույթները կարող են լինելը հետևյալը․
1. Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ վերադարձ, այդ թվում նրանց, ում նկատմամբ այժմ դատական գործընթացներ կան։
2. Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական բոլոր ուժերի հետքաշում ելակետային դիրքեր։
3. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների՝ որպես քաղաքական միավորի գոյության ընդունում, որը որպես այդպիսին 1994-ի զինադադարի ստորագրումից հետո եղել է միջազգային հանրության կողմից ներկայացված կարգավորման բոլոր փաստաթղթերում (Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության հետևանքների վերացման փաստաթուղթ՝ 1993-1997 (Կազիմիրովի փաստաթուղթ); Փաթեթային առաջարկ՝ 1997; Փուլային առաջարկ՝ 1997; Ընդհանուր պետություն՝ 1998; Քի Վեստ՝ 2001; Մադրիդյան փաստաթուղթ՝ 2004-2008; հետագայում՝ Կազանյան և Լավրովյան փաստաթղթեր)։
4. Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման համար։
Դիվանագիտության մեջ հարցերի ճիշտ, հիմնավոր և ընկալելի ձևակերպումը հիմնական գրավականն է բանակցություններում հաջողության հասնելու համար։ Ծայրահեղ և չհիմնավորված դիրքորոշումները կարող են հարուցել անգամ ամենամոտ դաշնակցի տարակուսանքը, հակառակորդի միանշանակ հակադրումը և միջնորդների պարսավանքը։ Դա անխուսափելիորեն կբերի այդ մոտեցումների վարկաբեկմանը և բանակցությունների ձախողմանը։ Բացառված չէ, որ նման դիրքորոշումների դեպքում հակառակորդը գայթակղություն ունենա վերսկսելու ռազմական գործողությունները։ Դրա օրինակները միջազգային դիվանագիտությունում բազմաթիվ են։ Ինքներս դա տեսանք ու մեր մաշկի վրա զգացինք ոչ վաղ անցյալում։
Առաջարկված հայկական օրակարգում չկա որևէ հարց, որը կարող է հարուցել դիվանագիտական և ռազմական նման հակազդեցություն։ Եթե հարցը չես դնում, դու ընդունում ես քո կորուստը։ Ես չեմ ընդունում տարածված այն տեսակետը, որ ԼՂԻՄ-ի մեր կորցրած տարածքների նկատմամբ մեր պահանջատիրության հարցի բարձրացումը կհանգեցնի ռազմական գործողությունների։ Այո՛, մենք պարտվել ենք պատերազմում, տեսել ենք պատերազմի դաժանագույն հետևանքները, ամեն ինչ պետք է անել դրանից խուսափելու համար, բայց պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի։ Այն պահին, երբ մեր հակառակորդը համոզվի դրանում, մեզանից հենց նրա՛ պահանջատիրությունն է նոր դրսևորումներ ստանալու։
Հայկական օրակարգի վերոնշյալ ձևավորումը, կետ առ կետ քաղաքական, իրավական և պատմական հիմնավորումներն ու դրանց դիվանագիտական արդյունավետ հետապնդման մեխանիզմների մշակումը և վերջապես դրանց համարձակ առաջադրումը մեր պետության այսօրվա գլխավոր հրամայականն են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-25 19:43
Президент Республики Польша прибыл в Республику Армения.
-
2024-11-25 19:41
После долгого перерыва ансамбль «Voices of Artsakh» представил цикл новых песен.
-
2024-11-25 19:39
Генпрокуратура Азербайджана возбудила уголовное дело в отношении военного эксперта Адалята Вердиева за съемку позиций на границе с Арменией.
-
2024-11-25 19:38
Депутат парламента Армении от правящей фракции "Гражданский договор" Овик Агазарян заявил Sputnik Армения, что ему нужно дополнительное время, чтобы решить вопрос со своим мандатом.