Последние новости

Լեպեխին․ 99 տոկոսով համոզված եմ, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա է հայտնվելու

99 տոկոսով համոզված եմ, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա է հայտնվելու: Այս մասին News.am-ի հետ հարցազրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը:

Նա պարզաբանել է, որ ռազմաբազայի հայտնվելը համակարգային բնույթ ունի:

Դա, նրա խոսքով, կապված է ոչ միայն այն բանի հետ, որ Թուրքիայի համար կարևոր է Ադրբեջանում (Հարավային Կովկասի տարածքում) ամրապնդվելը, այլ նաև կարևոր է հարձակողական քաղաքականության ցուցադրման տեսանկյունից, ընդ որում, այնպիսի քաղաքականության, որը պտուղներ է տալիս:

«Թուրքիայի համար, որն այսօր իր հովանու ներքո թյուրքական պետությունների համախմբման գիծ է հետապնդում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, շատ կարևոր է ուժեղացնել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի երկրներում, ինչպես նաև Կովկասում՝ ներառյալ Հյուսիսային Կովկասը», - ընդգծել է Լեպեխինը:

Հետևաբար, Անկարայի համար սկզբունքային նշանակություն ունի ցանկացած քայլ, որը ցուցադրում է Թուրքիայի ուժը և Ռուսաստանի թուլությունը, նշել է փորձագետը:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանում ուղղակի արձագանք չի լինի Ադրբեջանում թուրքական բազայի առաջացման հարցի շուրջ: Ցավոք, Մոսկվայում մշակված չէ վեկտորը, որն ուղղված է թուրքական էքսպանսիային հակազդելուն: Հակառակը, մենք հաճախ ենք տեսնում չհամաձայնեցված և անտարամաբանական գործողություններ Ռուսաստանի կողմից Թուրքիայի ուղղությամբ: Ըստ ամենայնի՝ դա կապված է համատեղ տնտեսական հետաքրքրությունների հետ (գազի փոխադրում, ԱԷԿ-ի կառուցում և այլն): Թուրքական կորպորացիաների ազդեցությունը, որոնք ամրապդնվել են ՌԴ-ում, հանգեցնում են նրան, որ Ռուսաստանը չունի հստակ արտահայտված և կոշտ դիրքորոշում Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղություններով թուրքական էքսպանսիայի շուրջ: Անհրաժեշտ է, սակայն, նկատել, որ այդ վտանգն աստիճանաբար գիտակցվում է», - հավելել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը ստորագրել էին այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որից հետո Էրդողանը չէր բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հիմնումը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ