Последние новости

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա

Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը մի մեծ պատկերի փոքր մասն է, Երասխի դեպքերից հետո մենք, կարծես, մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ։ Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

 

«Սա շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում էր Հայաստանի հետ ե՛ւ պատերազմի ընթացքում, ե՛ւ հետպատերազմյան ժամանակահատվածում։ Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, որ արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունենք, ցանկություն էլ չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգը առաջ է տանելու նման կարգի դրսևորումներով։ Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և նա մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը, որը նա ընդունելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա. հայկական շահերին հակասող հերթական փաստաթուղթը ներկայացվելու է որպես փրկություն. այսինքն՝ հասունացվելու է մի վիճակ, որը մատուցվելու ոչ թե պարտություն, այլ փրկություն, ինչը մենք մեկ անգամ արդեն տեսել ենք:

«Ես հիմա ոչնչից չեմ զարմանա, այո, նախապատրաստվում է մի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ինչը կնշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա», ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այս կերպ

Գիտեք, ես հիմա ոչնչից չեմ զարմանա, քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը մարսեց այն ամենը ինչ եղավ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակ, այո նախապատրաստվում է հենց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից, ինչը նշանակում է` պետք է խաչ քաշել Ղարաբաղի վրա:

Լրագրողի հարցին, թե այս իրավիճակում ինչպես մենք պետք է պահենք մեզ, Քոչարյանն ասաց, որ վերջին մի քանի ամիասների ընթացքում, մենք ականատես ենք եղել այնպիսի հայտարարությունների Հայաստանի հասցեին, որոնք անընդունելի են և որոնց Հայաստանը չի արձագանքել:

«Մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այս կերպ: Ավելին ասեմ, այս ամենը օգտագործվում է Հայաստանի կողմից, հենց ներքաղաքական նպատակների համար: Ես կկրկնեմ այդ միտքը` պատերազմից սարսափած ժողովրդին մանիպուլացնել հենց այդ վախերի միջոցով, կառավարվող վախերի միջոցով և դոզան ավելացնելով հասնում ես քո նպատակին ներսում: Իռացիոնալ մտածելակերպ է, բայց երբ աշխատում է վախի բնազդը, ամեն ինչ դառնում է ինչ-որ չափով իռացիոնալ: Ես կարծում եմ` այս գործոնը էական նշանակություն է ունեցել ընտրությունների ընթացքում և ընտրությունների ընթացքի վրա: Ինչ կանեի, ես կասեմ, որ այս կեցվածքը երբեք չէի ունենա և երկրորդը` պարտված, այսպիսի ծնկաչոք վիճակում երբեք չէի հայտնվի»,-ասաց նա:

Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին

Բանակի ներսում էական ոչինչ չի կատարվում,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ «Ավելի շատ խոսակցություններ է գնում ինչ-որ ռեֆորմների մասին, հնարավոր քայլերի մասին, բայց մինչ այսօր մենք չգիտենք մեր կորուստների մասին, և մարդկային հստակ թիվը չի հրապարակվել և նյութական կորուստների մասին: Մենք չգիտենք` ինչ ծրագրեր են իրականացվում բանակը վերականգնելու համար, բանակի մարտունակությունը և չեմ կարծում, որ սա իշխանության համար համար 1 խնդիր է, չի երևում ոչ մի քայլերից, սկսած կադրային քայլերից ի դեպ, որ սա իշխանության համար համար 1 խնդիր է»,-ասաց նա` հավելելով, որ այս վիճակը շարունակվում է նույնիսկ հետընտրական շրջանում:

Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի վերջին պաշտոնանկությունների և նշանակումների հետ կապված, երկրորդ նախագահը հարցրեց, թե ում անունն է շրջանառվում Պաշտպանության նախարարի պաշտոնում և լսելով Արշակ Կարապետյանի անունը, այսպես արձագանքեց. «Բրավո, շնորհավորում եմ, մենք շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ: Այսպես ասենք նույն կարտերի կալոդը այսպես խառնում են և այդ կալոդից ինչ-որ դեմքեր են քաշում»:

Քոչարյանը ասաց, որ ինքը չի կարծում, որ պետք է լուրջ վերաբերվել նման կարգի փոփոխություններին, և սա ընդամենը փոփոխություն է փոփոխության համար:

Հարցին, թե ինչու մեր իշխանությունները չեն խոսում Արցախի ճակաատագրի մասին, այնինչ Ադրբեջանի իշխանությունը հարցը համարվում է փակված, Քոչարյանը պատասխանեց. «Ադրբեջանի նախագահն ու պաշտոնյաները հստակ ասում են, որ իրենք Արցախի հարցը լուծել են և այլևս նման խնդիր իրենք չունեն։ Դուք որևէ ողջամիտ, հասկանալի հայտարարություն կամ մոտեցում լսե՞լ եք, ես չեմ լսել, միգուցե ես եմ բաց թողել։ Չկա հայեցակարգ, չկա մոտեցում, ուղղակի հոսանքի մեջ ընկած գնում ենք, ինչ կլինի վերջում՝ Աստված գիտի մոտավորապես այս բանաձևն է աշխատում»։

Այն, ինչ կատարվել է հոկտեմբեր-նոյեմբերին, հետապնդելու է այս քաղաքական թիմին իրենց ամբողջ կյանքում

Այն պատճառները, որ բերել են ներքաղաքական ճգնաժամի, վերացե՞լ են, իհարկե, չեն վերացել հիմա մեկ հարցի պատասխանը պետք է տանք՝ ընտրությունը ժամանակի մեքենա է, կարող է՞ ժամանակը հետ պտտել, թե չի կարող, հասկանալի է, որ չի կարող։ Հետևաբար՝ այն, ինչ կատարվել է հոկտեմբեր-նոյեմբերին, հետապնդելու է այս քաղաքական թիմին իրենց ամբողջ կյանքում,- ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

«Մոտ 400 հազար մարդ քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք այս իշխանությանը համարում էին դավաճան, կապիտուլյանտ, ապիկար և նման մի շարք այլ հոմանիշներ։ Այս մարդիկ մնացել են Հայաստանում, այս մարդիկ, ի դեպ, իրենց ակտիվությամբ, իրենց գիտակցությամբ, վերլուծելու ունակությամբ մեր բնակչության բավական որակյալ հատվածն են։ Հիմա, ինչպես կարելի է խոսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Ի դեպ, խոսքը տարբեր մոտեցումների մասին չէ, թե ինչ սոցիալական քաղաքականություն է իրականացվում Հայաստանում՝ ավելի լիբերա՞լ, թե՞ ավելի սոցիալիստական։ Խոսքը տարբեր ոլորտներում պետության մասնակցության մասին չէ։ Խոսքը ֆունդամենտալ հարցրերի մասին է, ֆունդամենտալ կորուստների մասին։ Տեսեք, մենք չունենք պատասխաններ մի շարք հարցերի վերաբերյալ՝ ինչպես ենք մենք կորցրել Շուշին, Հադրութը, այդ պատասխանները չունենալու պարագայում հնարավո՞ր է խոսել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Չի կարող այդպիսի բան լինել, միգուցե հիմա փոքր-ինչ ավելի նվազ, մեկ ամսից շատ ավելի սուր հնչեղություն այս ամենը ստանա, բայց, կրկնեմ, ընտրությունը ժամանակի մեքենա չէ, անցյալը չի ջնջում», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

2-րդ նախագահը 400 հազար քաղաքացու այդպիսի կողմնորոշումը բավական լուրջ հանրային ընդվզում է համարում, և չի հավատում, որ նրանցից գոնե մեկն իր կարծիքը փոխելու է, և նրանք այսօր իր բարձրացրած հարցերի պատասխանները պահանջելու են։

«Մենք որևէ ողջամիտ պատասխան, որևէ բացատրություն չենք ստացել, թե ի վերջո այս պատերազմը պլանավորված պարտություն է՞ր, թե՞ ինչ էր, և եթե դուք համարում եք, որ այս տարանջատումը երկրի ներսում այսպիսի հարցի շուրջ, որը, կրկնեմ, ոչ թե սոցիալական, այլ ազգի լինել-չլինելու, պետության լինել-չլինելու հարց է, եթե համարում եք, որ այս տարանջատումը բավարար չէ, այսպես ասենք, երկիրը յուրաքանչյուր պահի նոր քաղաքական ակտիվացման փուլ մտնելու համար, սխալվում եք, այդպես չէ։ Սա մի ական է, որ լինելու է երկրի քաղաքական կյանքում այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունը չի ստացել այդ հարցերի պատասխանները», ասել է ՌՔոչարյանը։

Հետընտրական շրջանում ոռոգման խնդրի շուրջ բողոքի ելույթների թեմայով «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասել է, որ գյուղը այս իշխանության ամենաանտեսած ոլորտն է, և հենց գյուղական բնակավայրերում են նրանք ունեցել ամենաշատ քվեները, ինչը պարադոքս է, և դա ազդակ է բոլոր հաջորդ իշխնությունների համար որքան վատ ես վերաբերվում գյուղի նկատմամբ, այնքան լավ՝ քո քաղաքական հեռանկարների համար։

«Երբ ամենաանտեսված ոլորտն այդպես է քվեարկում այդ իշխանությանը, այլ հետևություն քաղաքական ուժերը չեն անելու, ասելու են, որ կարելի է անտեսել, ոչինչ չանել, ոռոգման հարցերով չզբաղվել, պարարտանյութի, դիզվառելիքի մասին չմտածել, սուբսիդիաների մասին լրջորեն չմտածել, այն, ինչ միշտ արել է այս իշխանությունը, միևնույն է, գյուղացին մեր կողքին է կանգնած լինելու, մեզ է տալու իր քվեն։ Գիտեք, նման կարգի դրսևորումներն այլասերում են քաղաքական դաշտը, որովհետև, բնական է, որ եթե ինչ-որ ոլորտի ուշադրություն չես դարձնում, այդ մարդկանց պետք է կորցնես որպես քաղաքական աջակիցներ։ Իսկ եթե դու ոչինչ չես կորցնում, կարող ես մտածել՝ ինչու պետք է ես իմ ժամանակը, ռեսուրսները ծախսեմ նման բաների համար, եթե անիմաստ է։ Տարանջատումը լավ չէ, բայց քաղաքականության մեջ պրագմատիզմն աշխատում է։ Այո, պետք է ասել՝ պահանջեք իրենցից, բայց ասել՝ դուք արժանի եք այսպիսի իշխանությանը, կոռեկտ չեմ համարում, այնուամենայնիվ, խոսքը մեր ժողովրդի մասին է, մոլորված, սարսափած պատերազմի հետևանքներից, որոշակի իռացիոնալ դաշտի ազդեցության ներքո, նաև սեփական ժողովրդի նկատմամբ տեղեկատվական տեռորի ազդեցության ներքո։ Այս ամենը մի փունջ է կազմում, որի արդյունքում նման դրսևորումներ լինում են», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Չեմ հիշում որևէ ընտրություն, որտեղ երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով հանդես գա

Ուշադիր հետևում է Սահմանադրական դատարանի նիստին, մտքեր էի փոխանակում տարբեր մարդկանց հետ, ուզում էի հասկանալ, թե ինչ տպավորություն է թողնում մարդկանց վրա։ Կարող եմ ասել, որ փաստարկները տպավորիչ էին դիմող կողմերի, և որևէ հակափաստարկ և հիմնավորում մենք չլսեցինք, ՍԴ որոշման մեջ ևս չկան պատասխաններ մի շարք հարցերի, որոնք մենք բարձրացրել էինք նիստի ժամանակ, էլ չեմ ասում, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները բան չունեին ասելու, իսկ դատախազությունը հանդես էր գալիս որպես կառավարության փաստաբան, մուրճը սիմվոլ է, ատելության խոսք չկար, չկային ֆիզիկական հաշվեհարդարի խոսքեր զավեշտալի է, բայց այդպես է։

«Իմ տպավորություններն ընդհանրապես ընտրություններից․․․ Ես չեմ հիշում որևէ ընտրություն, որտեղ այս ծավալի վարչական ռեսուրս է կիրառվել։ Ես չեմ հիշում որևէ ընտրություն, որտեղ երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով հանդես գա։ Չի եղել այդպիսի բան։ Չեմ հիշում ոչ Տեր-Պետրոսյանի կողմից, չեմ հիշում, որ ես երբևէ նման բան արած լինեմ, և չմ հիշում նման կարգի դրսևորումներ 3-րդ նախագահի կողմից։

Եվ երբ սա դատախազությունը համարում է նորմալ, երբ ՍԴ-ն խոստորեն չի անդրադառնում այդ երևույթներին, նշանակում է մեկ բան սա դառնալու է մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մասը։ Եվ այդ վիճակի պատասխանատվությունը և ՍԴ-ի վրա է, և ԿԸՀ-ի վրա է, և դատախազության վրա է։ ԿԸՀ-ն այնպիսի հեշտությամբ էր տալիս կալանավորման համաձայնությունը, որ ուղղակի ապշեցուցիչ է։ Չկա այդպիսի մարմին, գոյություն չունի։ Այս ամենը համադրելով խոսել, թե այս իշխանությունը լեգիտիմ է, ուղղակի ավելարոդ է։ Իհարկե, այս իշխանությունը լեգիտիմություն ձեռք չի բերել այս ընտրությունների արդյունքում։ Այսպիսի որոշում չպետք է լիներ ՍԴ-ի կողմից։ Համեյան դեպս, մամուլում եղել են հրապարակումներ, որ երեք դատավոր դեմ է եղել այս որոշմանը, մյուսներին մարդկայնորեն կարելի է հասկանալ, այսպիսի մթնոլորտում բավարար խիզախություն չունենալը կարելի է հասկանալ, բայց երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության զգացումի տեսանկյւնից, իհարկե, անընկանելի է։

Նույնիսկ որոշ կետերի չանդրադառնալը որոշման մեջ՝ անթույլատրելի է։ Մենք չէինք ասում, որ այս իշխանությունը քիչ ձայներ է ստացել, մենք վիճարկում էինք մոտ 200 հազար ձայներ, բայց այն, ինչ կատարվում էր պետական մարմինների կողմից, բավարար հիմքեր էր տալիս շատ բաներ վերանայել ՍԴ-ի կողմից, և մենք սպասում էինք, որ ՍԴ որոշումը կլինի փոքր-ինչ այլ։ Այո, ձայներ ստացել է այս իշխանությունը, բայց այսպիսի սիստեմատիկ խախտումներ, վախի մթնոլորտ, աննախադեպ էին և ՍԴ-ն դրան պետք է անդրադառնար», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ոչ, ոչ և ոչ, մնալ, պայքարել և աշխատել մեր երկրի համար

Մենք պետք է համեմատենք, թե ինչ գումարներ են ստանում մյուս երկրները ԵՄ Նոր հարևանության ծրագրով, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, բնակչության համամասնությամբ համեմատելով կհասկանանք, դա ծրագրի մի մասն է, թե հատուկ վերաբերմունք կա Հայաստանի նկատմամբ։

«Ես համեմատել եմ, մոտավորապես նույն հարաբերակցության մեջ է։ Բացատրությունը՝ ճգնաժամ, կովիդի դեմ պայքար, նորմալ եմ գնահատում, ուղղակի ամեն ինչ կախված է, թե ինչ կարգի ծրագրեր են լինելու՝ ուղղված երկրի զարգացմա՞նը, թե՞ արևմտյան շահերի ամրապնդման։ Այն, ինչ հայտարարվել է, երկրի տնտեսական զարգացմանն են ուղղված, ինչը ողջունելի է, բայց կան ծրագրեր, որ ունեն քաղաքական երանգներ։ Տեսնում եմ, որ այստեղ փորձ է արվում ներկայացնել որպես հատուկ վերաբերմունք, մինչդեռ ես կասեի հատուկ վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ՝ հակառակ պատկերով։ Տպավորություն է, որ այստեղ կան աշխարհաքաղաքական նպատակներ։ ԱՄՆ-ը միշտ ուշադիր է եղել ժողովրդավարական գործընթացների հանդեպ, բայց երբ դրամաշնորհի հայտարարություն են անում վարչապետի պաշտոնակատարի այն խոսքից հետո, թե բոլոր պաշտոնյաները պետք է կիսեն իշխող ուժի տեսակետները, սա ինձ համար անհասկանալի է։ Միայն ԽՍՀՄ ժամանակ էր, որ պաշտոնյաները պետք է համամիտ լինեն իշխող կուսակցության գաղափարախոսությանը, բայց այն ժամանակ գաղափար կար, հիմա իզմեր չկան, գաղափարախոսություն չկա։ Անհեթեթություն է, որ հրշեջը, թոշակ բաժանող սոցիալական աշխատողը կամ մյուսները պետ է կիսեն իշխող ուժի տեսակետները, հարցը դրված է՝ պատրա՞ստ ես մեզ ծառայել, թե՞ ոչ։ Անթույլատրելի է ողջունել այսպիսի ժողովրդավարությունը», ասել է 2-րդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մենք պետք է վերականգնենք մեր սուբյեկտայնությունը, բայց մինչև հիմա չի տեսնում որևէ քայլ, ուրն ուղղված է այդ նպատակին։

«Սև լճի վերաբերյալ երկրում բավական մեծ աղմուկ էր, թե ինչու ՀՊԿ-ն, Ռուսաստանը չեն միջամտում այդ խնդրին։ Երբ Հայաստանում, Հայաստանի պաշտոնյան հայտարարում է, թե Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չենք սկսելու, հիմա, եթե երկրի ղեկավարն այդպես է մտածում, ինչու պետք է այլ կերպ մտածեն ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը, որոնք Սև լճի մասին չեն էլ լսել։ Հիմա ինչու եք այդ խնդիրը գցում ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի գրպանը։ Ի դեպ, երբ խոսում են տարածքային ամբողջականության մասին, չեն խոսում ինչ-որ տոկոսի մասին, թե եթե 5 տոկոսով են խախտել՝ դա ոչինչ։ Դու պատրաստ չես ոչինչ անել, ուրիշից ես սպասում, որ ինչ-որ բան անեն։ Ուղղակի անհեթեթ է։ Դու հարգանքի նշույլ էլ չես ունենա, պրոտոկոլային կբարևեն, կընդունեն, կժպտան, բայց քո մասին այլ կերպ կմտածեն», ասել է «Հայաստան» դաշինքի ղեկավարը։

Պետք է մնալ և պայքարել երկրի համար, նույնն է, թե ընտանիքիդ, երեխաներիդ, թոռներիդ ապագայի համար, պայքարել, արտագաղթի աճող տեմպերի թեմայով հարցին ի պատասխան ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե բոլոր կարող մարդիկ, մտածող մարդիկ, այս վիճակից ելնելով, պլանավորեն երկիրը լքել, մենք երբեք հրապուրիչ երկիր չենք ունենա։ Եթե այն գլխից պլանավորենք գերդաստանով լքել հայրենիքը․․․ Ոչ, ոչ և ոչ, մնալ, պայքարել և աշխատել մեր երկրի համար», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Այո, հիմա պարզ է արդեն` ովքեր են դառնալու պատգամավորներ

Համոզված եմ, որ պետք է գնալ խորհրդարան,- հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահը` պատասխանելով այն հարցին, թե ինչու պարտվեց դաշինքը:

«Ունենալով խորհրդարանական 2-րդ ֆրակցիան «Հայաստան» դաշինքը բավական լուրջ գործիքակազմ է ձեռք բերելու քաղաքական պայքարի համար:Այո, հիմա պարզ է արդեն` ովքեր են դառնալու պատգամավորներ: Կան պատգամավորական փորձ ունեցող անձինք, կան անձինք, որոնք առաջին անգամ են լինելու խորհրդարանում: Որոշ ժամանակ է պետք իրար հետ աշխատանքին ավելի կազմակերպչական բնույթ հաղորդելու համար: Հիմա դրա վրա աշխատում ենք, հուսով եմ առաջիկա օրերին խմբակցությունը պատրաստ կլինի քաղաքական պայքարի»,-ասաց նա:

Այս իշխանությունը ժողովրդավարության բաստիոնը դարձնում է ժողովրդավարության գերեզմանոց

Քննարկումներ էր գնում ՍԴ-ում և այդ ընթացքում կալանավորվում են մարդիկ ուղղակի շինծու մեղադրանքներով,- ասաց Ռոբերտ Քոչարյանը` անդարադառնալով ետնընտրական բռնաճնշումներին:

«Դուք ուշադրություն դարձրեք բռնաճնշումներին` որ ժամանակահատվածում է դա արվում: Կարծում եմ` դա էական ճնշում է ՍԴ-ի համար, ցույց տալու համար, դուք մտածեք` ինչ որոշում եք կայացնելու, որովհետև այդ ժամանակ քննարկումներ էր գնում ՍԴ-ում և այդ ընթացքում կալանավորվում են մարդիկ ուղղակի շինծու մեղադրանքներով: Արվում է սա նաև սպասվելիք ՏԻՄ ընտրությունների համար, այսպես ասած մեսիջ է, այ ձեզ խելոք պահեք, եթե խելոք չպահեք, յուրաքանչյուրիդ հետ կարող է կատարվել նույնը: Սա էսպես պետք է ասենք` «բարի գալուստ Սադամ Հուսեյնի» Իրաք: Իմ տպավորությունը այն է, որ այս իշխանության ցանկությունը հենց դա է և ժողովրդավարության բաստիոնը դարձնում են ժողովրդավարության գերեզմանոց»,-ասաց նա:

Քոչարյանը վստահություն հայտնեց, որ այս ամենի միջով անցնելուց հետո համայնքապետերը դուրս են գալու ավելի ուժեղացած:

News.am-ի նյութերով

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ