Последние новости

Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք

Թուրքիան 2020 թ. սեպտեմբերից արգելում է հայկական գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք, սակայն դա անում է առանց հիմնավորման:

Նշենք, որ մեր երկրում գրանցված բոլոր քաղաքացիական օդանավերը կրում են ICAO-ի կողմից հաստատված ՀՀ ազգային նիշը՝ EK: Իսկ պետական ոչ ռազմական օդանավերի վրա գրվում է «Հայաստան» (Armenia) կամ «Հայաստանի Հանրապետություն» (Republic of Armenia): Օգոստոսի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված է 19 քաղաքացիական օդանավ և 1 պետական օդանավ, որը կառավարական բորտն է:

Քաղավիացիայի և պետական ոչ ռազմական ավիացիայի վերահսկող մարմինը ՀՀ քաղավիացիայի կոմիտեն է: Վերջինիս հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ինչ արգելքներ են գործել հակամարտող կողմերի օդային տարածքներում միմյանց հանդեպ:

Այսպիսով՝ կոմիտեն հայտնել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության մասնակից դարձած Թուրքիայի կողմից որևէ աերոնավիգացիոն տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակվել հայկական գրանցումով (EK) օդանավերի մուտքը իր երկինք արգելելու մասին, սակայն 2020 թ. սեպտեմբերի 9-ից, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն ընդդեմ Արցախի ու Հայաստանի դեռ պատերազմ չէր սանձազերծել, հայկական գրանցումով օդանավերի թռիչքները մեր արևմտյան հարևանի օդային տարածքով արգելվել են՝ առանց հիմնավորման: Այլ կերպ ասած՝ սեպտեմբերի 9-ից Թուրքիան Հայաստանի տարածքը շրջափակել է ոչ միայն ցամաքից, այլև օդից՝ ցույց տալով իր ակնհայտ թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բայց պաշտոնապես չի ծանուցել արգելքի մասին:

Չհայտարարված արգելքի փաստացի կիրառումը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիան մերժել է հայկական օդանավ շահագործողների հարցումները իր երկնքով թռիչքներ կատարելու վերաբերյալ: Առաջին մերժումը եղել է սեպտեմբերի 9-ին, ապա՝ նույն ամսվա 18-ին, 25-ին և 2021 թ. մարտի 19-ին ու 23-ին:

Քաղավիացիայի կոմիտեն նշում է, որ համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան, ինչպես ասվեց, նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակել: Այսինքն՝ թղթի վրա արգելք չկա, բայց իրականում կիրառվում է:

ՔԱԿ-ի փոխանցմամբ՝ վերջին անգամ Թուրքիան իր երկնքով հայկական քաղաքացիական օդանավի թռիչքի թույլտվություն տվել է 2020 թ. օգոստոսի 29-ին, ինչից հետո բոլոր հարցումները մերժել է:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական միակ ինքնաթիռին, ապա անցյալ տարվա հուլիսի 24-ին Թուրքիան մերժել է այս օդանավի տարանցիկ (տրանզիտ) տեխնիկական թռիչքը, և այս նախադեպից հետո ՀՀ պետական օդանավի թռիչքներն այլևս Թուրքիայի տարածքով չեն պլանավորվում, այսինքն՝ 2020 թ. ամառվանից Հայաստանի կառավարական բորտը այլ երկրներ մեկնելիս շրջանցում է Թուրքիայի օդային տարածքը:

Բայց կոմիտեի պատասխանների ֆոնին պիտի նշենք, որ այս տարվա փետրվարի 20-ին հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության «Boeing 737-300» ինքնաթիռը (գրանցումը՝ EK-FAA) բուլղարական Վառնայից Թուրքիայի տարածքով թռել էր դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այսինքն՝ փաստացի Թուրքիայի օդով տարանցիկ թռիչք է եղել, այլ հարց է, թե ինչպես է դա տեղի ունեցել, ինչպես է Թուրքիան թույլատրել չվերթը: Հիշեցնենք, որ խոսքը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից դեպի ուկրաինական Գոստոմել թռիչքի իրավունք ունեցող օդանավի մասին է, որը, սակայն, փետրվարի 19-ին անօրինական ձևով Տալլինից թռել էր դեպի Վառնա, իսկ հաջորդ օրը նույնկերպ հայտնվել Իրանում: «Fly Armenia Airways»-ում այս առումով ևս զարմացած են:  

Իմիջիայլոց, որևէ երկրի օդային տարածքի օգտագործումը վճարովի է (օդանավի աերոնավիգացիոն սպասարկման վճար ըստ անցած կիլոմետրերի), այլ կերպ ասած՝ որքան մեծ է օդանավերի հոսքը տվյալ պետության երկնքում, այնքան շահում է այդ պետությունը:

ՔԱԿ-ին հարցրել էինք, թե արդյոք թուրքական արգելքին ի պատասխան հայկական կողմը հայելային ձևով արգելել է այս երկրի ազգային նիշով (TC) օդանավերի մուտքը մեր երկինք, և եթե ոչ, ապա ինչու: Կոմիտեն պատասխանել է, որ ինքն արգելքներ չի սահմանել՝ ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթներով առ այն, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ:

Հայտնի է նաև, որ հայկական և ադրբեջանական (4K) գրանցումով օդանավերը միմյանց երկինք չեն մտնում, բայց ՔԱԿ-ը նշում է, որ երկու ավիացիոն իշխանությունների կողմից միմյանց նկատմամբ սահմանված չեն արգելքներ իրենց օդային տարածքը օգտագործելու համար: Կոմիտեն նկատել է, որ օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին: Այսինքն՝ ավիաընկերություններն են որոշում յուրաքանչյուր թռիչքի երթուղին: Ըստ ՔԱԿ-ի՝ ադրբեջանական գրանցումով օդանավերը ՀՀ երկինք չեն մտել 2014 թվականից, իսկ հայկական օդանավերը չեն օգտագործում այդ երկրի օդային տարածքը, քանի որ դրա ուղղությամբ (դեպի արևելք) թռիչքների պահանջարկ չկա, տեղեկացնում է Hetq.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ