Последние новости

Արմեն Գևորգյանի պաշտպանը ինքնաբացարկ կներկայացնի Դանիբեկյանին

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է գրավոր և ծավալուն դիմում ներկայացնել` պահանջելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկը։

«Դատավորը հմուտ չէ և չի կողմնորոշվում` ինչպես վարվի։ Աննա Դանիբեկյանը մտածում է երևի, որ անփոխարինելի է», – ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` խնդիրն այն է, որ դատարանը մինչ օրս չի կողմնորոշվում ինչպես վարվել Արմեն Գևորգյանի` պատգամավոր դառնալու փաստի հետ. վերջինիս պատգամավորական անձեռնմխելիությունը հակասության մեջ է մտնում իր դեմ շարունակվող քրեական հետապնդման հետ։

«Նախորդ նիստին դատարանը ասում էր` պետք է սպասել Սահմանադրական դատարանի պատասխանին այս հարցով։ Սակայն խնդիրն այն է, որ «Հայաստան» դաշինքը ՍԴ չի դիմել Արմեն Գևորգյանի հարցով, այլ դիմել է Սյունիքի համայնքապետերի հարցով»,– ասաց Ալեքսանյանը։

Պաշտպանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը պահանջել է կասեցնել Գևորգյանի դեմ քրեական հետապնդումը, բայց հենց իր` Գևորգյանի պաշտպանական կողմը այլ բան է պահանջում։

 «Մենք ասում են` դատարանը դիմի ՍԴ այս հարցի կապակցությամբ։ Մենք հարց ենք տալիս` Գևորգյանն ունի նոր կարգավիճակ, դատարանն այդտեղ արդյո՞ք խնդիր չի տեսնում քրեական հետապնդման հետ կապված։ Սակայն Դանիբեկյանը կրկին հետաձգում է նիստը, ինչը մենք մերժմանը հավասարազոր ենք համարում»,– ասաց Ալեքսանյանը։

Դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի օգոստոսի 31-ին, ժամը 12։00-ին, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ