Последние новости

Դավիթ Բաբայան․ Ժամանակին Արցախը առանցքային դեր է խաղացել իսլամի պատմության մեջ

Արաբական աշխարհը հատուկ նշանակություն է ներկայացնում Արցախի համար: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ արաբական Almotaqaf.com տեղեկատվական-վերլուծական կայքի համար պատմական գիտությունների դոկտոր Ջավադ ալ-Բայդանիին տված հարցազրույցում:

«Արաբների և արաբական քաղաքակրթության հետ մեր փոխհարաբերությունները գնում են դարերի խորքը: Ուզում եմ նշել, օրինակ, որ ժամանակին Արցախը առանցքային դեր է խաղացել իսլամի պատմության մեջ: 9-րդ դարում հենց Արցախը չեզոքացրեց իսլամի առջև երբևէ կանգնած ամենամեծ սպառնալիքներից մեկը` Բաբեկի ապստամբությունը (826-837): Այդ ապստամբության հաջողության դեպքում իսլամական քաղաքակրթությունը, հնարավոր է, այսօր չլիներ։

Ինչ վերաբերում է նորագույն պատմությանը, ապա մենք բոլորս հիանալի հիշում ենք արաբ ժողովուրդների կողմից հայերին մեկնած օգնության ձեռքը՝ թուրքերի կողմից 1915-1923 թվականներին իրականացրած հրեշավոր ցեղասպանության ժամանակ: Տասնյակ հազարավոր հայեր իրենց երկրորդ հայրենիքը գտան այնպիսի արաբական երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը և այլն: Այս երկրները հնարավորություն տվեցին մեր հայրենակիցներին ապահով զգալ իրենց և լիովին ինքնադրսևորվել: Մենք շատ շնորհակալ ենք արաբներին այս ամենի համար:

Այսօր արաբական երկրների հայ համայնքները մեր սփյուռքի ամենակազմակերպված հատվածներից են, որոնք ակտիվորեն նպաստում են մեր ժողովուրդների և պետությունների միջև բարեկամական ու եղբայրական հարաբերությունների հաստատմանը: Այստեղ մեծ հնարավորություններ և աշխատանքի լայն ճակատ կա:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս երկիրը ապակառուցողական, խափանող աշխատանք է տանում տարբեր տարածաշրջաններում, հատկապես իր սահմանների երկայնքով, և դա սպառնալիք է ոչ միայն արաբական երկրների համար: Իր գործողություններով, արմատական և ահաբեկչական խմբերի ակտիվ աջակցությամբ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում ողջ իսլամի համար՝ ներսից խարխլելով համաշխարհային այս մեծ կրոնը: Վստահ եմ, որ արաբական աշխարհն էլ է սա հասկանում»,- ասել է Դավիթ Բաբայանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ