Последние новости

Ալեքսանդր ԿՈՉՈՒԲԱԵՎ. ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ԿԱՆԽԵԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԻՆ

Կարծում եմ, որ վիրավորանքի քրեականացումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ կանխել իշխանությունների արմատական քննադատությունը, քանի որ տեսականորեն ցանկացած կտրուկ հայտարարություն կարող է որպես չափազանց անպարկեշտ որակվել: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է մտածեն և հասկանան, թե ինչու հասարակությունը սկսեց վիրավորել պաշտոնյաներին, ինչու վիրավորանքների շեմը հասավ նրան, որ այն որպես անպարկեշտ են որակում:

Նա նշեց, որ նախկինում դա իրենից այնպիսի սոցիալապես վտանգավոր արարք չէր ներկայացնում, որ անհրաժեշտություն առաջանար քրեականացման համար: «Մենք 10 տարի առաջ ամրագրեցինք, որ այս արարքը սոցիալապես վտանգավոր չէ այնքանով, որպեսզի անհրաժեշտություն առաջանա քրեականացնել և պատիժ սահմանել ազատազրկման տեսքով: Դեռ 2010 թվականին ԵԽԽՎ-ն արձանագրել էր, որ Եվրոպայի խորհրդի երկրները պետք է ջանքեր գործադրեն զրպարտության և վիրավորանքի մասին օրենքների ապաքրեականացման համար, քանի որ դա կապված է խոսքի և ԶԼՄ-ների ազատության սկզբունքի հետ: Բացի այդ, Հայաստանի Սահմանադրական դատարանը նաև հայտարարել է, որ ԶԼՄ -ների ազատության սահմանափակումները չպետք է ազդեն դրանց գործունեության վրա:

Սակայն մենք տեսնում ենք, որ խիստ պատժամիջոցներ են սահմանվում, այդ թվում՝ դրամական տույժերի տեսքով: Լրատվամիջոցների համար դա 1 միլիոն դոլար է, ինչն անհիմն խիստ պատիժ է: Այս օրենքի խստացմամբ մենք շեղվում ենք այն պարտավորություններից, որոնք ստանձնել ենք Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Կարծում եմ, որ համապատասխան արձագանք կլինի միջազգային կազմակերպություններից»,- հավելեց փաստաբանը:

Ըստ Կոչուբաևի՝ օրենքն ունի սահմանադրական դեֆիցիտ. կան իրավական անորոշության հետ կապված խնդիրներ, ուստի նման դեպքերի քննության հետ կապված լրջագույն խնդիրներ կառաջանան:

«Ինչպիսի՞ վարքագիծը ծայրահեղ անպարկեշտ ձևով վիրավորական կհամարվի: Նման գնահատողական արարքը չի կարող քրեականացվել: Այս օրենքի ձևակերպման մեջ դիտավորություն է նկատվում: Եթե ​​նայեք ընդունված օրենքի նպատակներին՝ հաշվի առնելով քաղաքական և իրավական իրողությունները և ով է այդ վիրավորանքների սուբյեկտը, ապա դա բացառապես ուղղված է պաշտոնյաների պաշտպանությանը, քանի որ հասարակական գործունեության հետ կապված ծանր վիրավորանքը հանցագործության որակական հանցակազմ է համարվում»,- ասաց փաստաբանը:

Նա հիշեցրեց, որ, փոփոխությունների համաձայն, անձը կարող է նույնիսկ մինչև երեք ամիս ազատազրկվել այս նորմը խախտելու համար:

«ԶԼՄ-ներով նման խոսքի տարածումը նաև որպես ծանրացնող հանգամանք է դիտվում, և դա հարց է առաջացնում, թե ով է պատասխանատվություն կրելու՝ ԶԼՄ-ի խմբագիրը, ադմինիստրատորը, ՏՏ մասնագետը, լրագրողը, թե՞ այն անձը, ով տվյալ արտահայտությունն արել է: Այս օրենքի իրավակիրառելիության պրակտիկան ոչ մի դրական բան չի խոստանում: Հանցակազմի տեսանկյունից վիրավորում է նա, ով սոցցանցում հրապարակում է համապատասխան հայտարարությունը, բայց օրենքն այնքան անորոշ է, որ եթե ԶԼՄ-ները տարածեն նման գրառում, ապա դրա համար ևս կարող են անցանկալի հետևանքներ առաջանալ: Եթե ​​նայեք եվրոպական միտումներին, ապա ամեն ինչ գնում է նրան, որ պաշտոնյաները պետք է ավելի զուսպ լինեն քննադատության հարցում, քանի որ նրանք պատասխանատվություն են կրում: Քաղաքացիական դատավարության ոլորտում զրպարտության և վիրավորանքի մասին օրենքների խստացումը (տուգանքի բարձրացում մինչև 3 և 6 մլն դրամ) նույնպես անհիմն խիստ պատիժ է: Անհրաժեշտ է պայքարել զրպարտության և վիրավորանքների դեմ, բայց՝ ոչ պատիժների խստացմամբ և քրեական պատասխանատվության ներդրմամբ: Հավանաբար, իշխող ռեժիմին այնքան էլ չի հուզում օրենքի իրավական կողմը: Դա ժողովրդավարության հետընթաց է»,- պարզաբանեց Կոչուբաևը:

Նա ընդգծեց, որ դատավորների տեսանկյունից «վնգստացող դատավորներ» արտահայտությունը չափազանց ծանր վիրավորանք է:

«Տվյալ պաշտոնյան մի քանի անգամ օգտագործել է այդ արտահայտությունը, ինչը ծանրացնող հանգամանք է: Այս արարքի համար նախատեսվում է 1 միլիոն դրամ տուգանք, ինչպես նաև՝ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով: Սակայն բանն այն է, որ այս օրենքն ուղղված չէ պաշտոնատար անձանց դեմ»,- եզրափակեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել վիրավորանքը քրեականացնող օրենքը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ