Последние новости

Հայաստանի հավաքականը հաղթել է «Խաղաղության մարտիկ» ռազմական մրցույթում

Հայաստանում անցկացվող Միջազգային բանակային խաղեր - 2021–ի շրջանակներում, անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթն այսօր ավարտվեց լավագույն թիմերի մրցանակաբաշխությամբ:

Ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Հայաստանի, երկրորդ տեղը Ռուսաստանի, երրորդը` կիսել են Ղազախստանի և Բելառուսի հավաքականները:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման արարողությանը ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։

«Հայ ժողովուրդը դժվար ժամանակներ է ապրում, բայց չնայած դրան, մենք փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի բանակային մրցույթն անցկացվի: Եվ այն կայացավ»,– ասաց նախարարը։

Ինչպես նշեց Կարապետյանը, Միջազգային բանակային խաղերի շրջանակներում անցկացվող մրցումներն արդեն ավանդական են դառնում, մրցույթի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվում է: Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցեց Կատարի պատվիրակությունը` առայժմ` որպես դիտորդ: Նախարարը վստահություն հայտնեց, որ մրցույթը կնպաստի նաև հետագա ռազմական համագործակցությանը:

Իր հերթին, Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը մրցույթն անվանեց «անզիջում պայքար»: Նա շնորհավորեց Հայաստանի հավաքականին հաղթանակի կապակցությամբ:

«Այն, ինչ արեց այս տարի Հայաստանը, ուղղակի անգնահատելի է», - ասաց նա:

Բելառուս դիվանագետը նույնիսկ խոստովանեց, որ հենց սկզբից մեծ հույս էր կապել Հայաստանի հավաքականի հետ:

Միջոցառման ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով մրցույթի կազմակերպիչները պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու անհատականացված նվերներով:

Ռուսական կողմն իր հերթին կազմակերպիչներին նվիրեց անհատականացված «Կալաշնիկով» AK-12 ինքնաձիգներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ