Последние новости

Թղթին գրվածն ու իրականում տեղի ունեցողը տարբեր բաներ են. Զառաֆյանը` սիգի որսի մասին

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի վերահսկողությունը շատ դեպքերում պատշաճ չի իրականացվում, իսկ այն տվյալներն ու տեղեկությունները, որոնք ներկայացվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը կարող են և չարտացոլել իրական պատկերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։

«Մենք չգիտենք, թե ինչ ծավալների որս է իրականացվել։ Մենք չունենք փաստեր, չունենք ձկնորսության ծավալների մասին ոչ մի նորմալ հաշվարկ։ Այդ հաշվարկներն արվում են զուտ փաստաթղթավորված, իսկ այն, ինչ գրված է թղթի վրա և այն, ինչ տեղի է ունենում իրականում, տարբեր իրողություններ են»,- ասաց նա։

Մինչև արդյունագործական ձկնորսության թույլատրելի ծավալն ավելացնելու և որսի ժամկետի երկարաձգման որոշումը Շրջակա միջավայրի նախարարությունը պարտավոր էր վերահսկողություն իրականացնել և երաշխիքներ ներկայացնել այդ վերահսկողության համար անհրաժեշտ մեխանիզմներ ու ռեսուրսներ ունենալու մասին:

«Պարզ չէ՞, որ ձկնորսները հայտի մեջ որ ինչ-որ քանակ են նշել, մյուս քանակն անօրինական են որսացել։ Հիմա էլ երևի պահանջել են ծավալներն ավելացնել, նախարարությունն էլ բավարարել է այդ պահանջը»,- նշեց բնապահպանը։

Նրա խոսքով` ներկայումս շուկայում մեկ սիգը վաճառվում է 100-200 դրամով, ինչը վկայում է սիգի նկատմամբ պահանջարկի բացակայության մասին։ Բնապահպանի կարծիքով` նման իրավիճակում կառավարությունը պետք է սեպտեմբերի մեկից դադարեցներ որսը։

«Հիմա պետք է փակեին, երբ նորից պահանջարկ լիներ պարտավոր էին նոր հաշվարկ անել, տեսնեին օրինական և անօրինական ինչքան պաշար ունենք, նոր որոշում ընդունեին, իսկ հիմա մինչև հոկտեմբեր այնքան կհանեն մինչև այդ պաշարները սպառվեն։ Դա՞ ենք ուզում»,- հավելեց Զառաֆյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ