Последние новости

Սև լճի տարածքում ադրբեջանցիները պատրաստվում են ձմեռվան` շինություն են կառուցում. Հակոբյան

Սև լճի տարածքում արդեն ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան` հիմնական շինություններ են կառուցում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` հավելելով, որ ամենաթողության հետևանք է սա։

Նրա խոսքով` նույն ամենաթողության հետևանքով էլ Որոտանի կողքը` ճանապարհի վրա, ադրբեջանցիները ոստիկանական անցակետ են դրել և իրանական բեռնատարերը կանգնեցնում՝ պետտուրք են գանձում։

«ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այդ մասին՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով. սա ինչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե դա ադրբեջանակա՞ն տարածք է։ Էլ չասեմ` նորմալ չէ, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն ժամանակ, երբ համացանցում արդեն տեղեկատվությունը տարածվել է։ Հասկանո՞ւմ եք, չէ, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի պարզապես կարող է կտրի Կապանը»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` Սյունիքում բացի անվտանգային հարցերից, նաև տնտեսական խնդիր կա. հարցն այն է, որ 40 տոկոսից ավել ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից, և սա կարող է վտանգվել։ Հակոբյանը հավելեց` վստահ է, որ Իրանը կարձագանքի այս միջադեպին։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ