Последние новости

Ֆիզգորոդոկի բնակիչը հացադուլից հետո հայտարարել է նաև ջրադուլ

20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ:  Այս մասին տեղեկանում ենք «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջից:

«Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը»:

Այս մարդու առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն կյանքի խաթարման համար պատասխանատու են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ոստիկանությունը, Դատախազությունը, այն բոլոր պաշտոնյաները, որոնց հանցավոր անգործությունը հանգեցրել է այս հետևանքներին»,- նշված է ֆեյսբուքյան էջում։

Ֆիզգորոդոկի բնակիչներն այսօր նաև բողոքի ակցիաներ են  անցկացնելու. ժամը 11:00  Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ (Տիգրան Մեծ 23/1), որտեղ քննվելու է բնակիչների բողոքարկումը՝ նախկինում քրեական գործ չհարուցելու վերաբերյալ։ Այդ գործի` ժամանակին հարուցվելու դեպքում հնարավոր կլիներ կանխել ապօրինի շինթույլտվության տրամադրումն ու շինաշխատանքների մեկնարկը։

Ժամը 12:00-ին հավաքվելու են  Երևանի քաղաքապետարանի առջև, որտեղ ընթանալու է Ավագանու նիստ։

«Մեր պահանջը Երևանի քաղաքապետարանից նույնն է՝

. անհապաղ կասեցնել ապօրինի շինարարությունը,

.տրամադրել մի տարի շարունակ պահանջվող փաստաթուղթը,

.վերացնել ապօրինի տեղադրված պարիսպը

Ավագանու անդամներից ակնկալում ենք

.դուրս գալ և հանդիպել քաղաքացիներին,

.մեր բողոքը հնչեցնել նիստի ընթացքում և ստանալ կոնկրետ պատասխաններ,

.անել հանրային հայտարարություն՝ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր է՝ հացադուլի մեջ է, որոնցից մեկն անցել է ջրադուլի»,- նշված է «ՖիզԳորոդոկ Երևան»-ում։

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդը 2020 թվականի հունիսի 12-ին հավանության է արժանացրել Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Կառուցապատվող տարածքը գտնվում է Երևանի՝ Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասում: Այն Երևանի ամենականաչ ու պատմություն ունեցող վայրերից է։ Կառուցվել է 1950-ական թվականներին՝ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար։

Հանրային քննարկման դրվելուց հետո նոր նախագիծը հաստատվել է` չնայած թաղամասի բնակիչների մի մասի մտահոգությանը: Տարածքում նախատեսվում է կառուցել 12 հարկանի բարձրահարկ շենք:  Ֆիզգորոդոկի հարակից շենքերի բնակիչները դեմ են 12 հարկանի  շենքի կառուցմանը, նաև նշում են, որ տարածքը ճանաչվել է հուշարձան:

Նրանք պարբերաբար  բողոքի ակցիաներ են իրականացնում:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ