Последние новости

ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՎՈՒՇՅԱՆ. «ԱՄԵՆ ՀԱՅ ՊԵՏՔ Է ԳՏՆԻ ԻՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ԴԵՊԻ ՏՈՒՆ»

Արիավան գյուղը, որն հայտնի է նաև Աղավնո անունով, անմիջապես աչքի է ընկնում Արցախի Հանրապետության սահմանը հատելիս: Գորիսից Ստեփանակերտ տանող մայրուղու աջ կողմում անհնարին է չնկատել կարմիր տանիքներով դեղնավուն տների գեղեցիկ շարանը:

Андраник ЧАВУШЯН: 'КАЖДЫЙ ДОЛЖЕН ЗНАТЬ ДОРОГУ НАЗАД, ДОМОЙ'

ԱՌԱՎԵԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՐԱՎՈՒՄ ՀԱՅԱՏԱՌ ՑՈՒՑԱՆԱԿԸ` Արիավան անվանումով, որը նշանակում է «խիզախ մարդկանց բնակավայր»: Եվ այն արդարացված է. Արիավանը միակ բնակավայրն է, որը տեղացիները պահեցին թե 44-օրյա Արցախյան պատերազմի օրերին, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը ստորագրելուց հետո: Գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի և արիավանցիների տոկունության, կամքի ուժի, հայրենասիրության շնորհիվ հաջողվեց կանխել ադրբեջանցիների սպառնալիքները և արդյունավետ բանակցել խաղաղապահների հետ: Ինչպես կատակով ասում են գյուղացիները՝ Անդրանիկը, ռուսերենի չտիրապետելով, կարողացավ լեզու գտնել ռուսների հետ: Այսօր՝ պատերազմից մի տարի անց, արիավանցիները շարունակում են հսկել գյուղը, իսկ գյուղապետը անում է ամեն ինչ, որ նոր շունչ տա իր փոքրիկ հայրենիքին:

«Որտեղի՞ց եք» - հարցրեցի Անդրանիկին՝ լսելով նրա արևմտահայերենը: Գյուղապետ Չավուշյանը հպարտությամբ պատասխանեց. «Սասունից եմ, որտեղից և ծագում է մեր հանրահայտ «Դավիթ Սասունցի» էպոսը: Դար առաջ թուրքերը ստիպեցին պապերիս լքել հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը: Ես ծնվել եմ Սիրիայում, այնուհետ մենք ընտանիքով տեղափոխվել ենք Լիբանան, որտեղ ես կրթություն ստացա, սկսեցի աշխատել և շարժվել առաջ: Մի անգամ բարեգործական ծրագրով եկա Հայաստան, հետո գնացի Արցախ ու հասկացա. իմ երեխաները պետք է այստեղ ծնվեն: Մենք «քերիբներ» չենք, ինչպես փորձում են ներկայացնել սփյուռքահայերիս թուրքերը, որոնք զավթել են մեր Հայրենիքը: Մենք հարուստ ժառանգություն ունեցող հնագույն ազգ ենք, որը պայքարում է պատմական արդարության և իր պապերի երկրում ապրելու օրինական իրավունքի համար»:

Անդրանիկ Չավուշյանը Արցախ տեղափոխվեց 7 տարի առաջ: Նրա որոշումը չզարմացրեց մորը՝ տիկին Քնարին, որը, չնայած տարիքին և կրկին երկրից երկիր տեղափոխվելու դժվարություններին, հոգու խորքում համաձայնեց որդու հետ:

«Եթե մենք հազարավոր հայերի արյան գնով ազատագրեցինք Արցախը՝ պատմական Հայաստանի մի մասը, մենք պետք է ապրենք այնտեղ՝ մեր նախնիների հողի վրա, զարգացնենք ու շենացնենք այն: Չէ որ հողը ամուր է, երբ այնտեղ ապրում ես, արմատներ թողում»: Անդրանիկի այս խոսքերը վերջնականապես համոզեցին տիկին Քնարին տեղափողվել Հայաստան-Արցախ: Անդրանիկն արդեն հարսնացու էր գտել Հայաստանում: Քրիստինեի հետ միասին նրանք կարճ ժամանակ ապրեցին Բեյրութում, հետո տեղափոխվեցին Երևան, որտեղ ծնվեց նրանց առաջնեկը՝ Քնարիկը, իսկ որդիները՝ Ավետիսը, Իշխանը, Ասպետը և Վահանը ծնունդ առան Արցախում՝ Քրիստինեի նախնիների հողի վրա:

Չավուշյանների նորաստեղծ ընտանիքն անցավ դժվարությունների միջով: Սկզբից տեղավորվեցին Բերձորի կիրճերից մեկում՝ մի աղքատիկ տանը, որի տանիքից անձրև էր լցվում ներս, պարբերաբար ջուրը կտրում էին, ճանապարհը անցանելի չէր մեքենաների համար: Անդրանիկը աշխատում էր հիդրոէլեկտրակայանում, Քրիստինեն և տիկին Քնարը հոգ տանում ընտանիքի առորյայի մասին: Բայց Անդրանիկն անընդհատ կրկնում էր. «Մեր ժողովուրդը արյուն է թափել այս հողի համար, և մենք պետք է այն ապրեցնենք: Մի երկու տարի դիմանանք, ես խոստանում եմ՝ կյանքը կլավանա»: Եվ նա կատարեց իր խոստումը:

Андраник ЧАВУШЯН: 'КАЖДЫЙ ДОЛЖЕН ЗНАТЬ ДОРОГУ НАЗАД, ДОМОЙ'

2017-ին ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՎՈԻՇՅԱՆԸ ԻՐ ԸՆՏԱՆԻՔՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱՂԱՎՆՈ-ԱՐԻԱՎԱՆ: Գյուղում ընդամենը 20 տուն կար, բայց շուտով նրա նախաձեռնության շնորհիվ այստեղ իրականացվեց Արցախում վերաբնակեցման նպատակով բարեգործական ներդրումային Լիբանանի Artsakh Roots Investment (ARI) ծրագիրը: Գյուղի տների քանակը անցավ 60-ից: Արիավանի բնակիչների թիվն էլ աստիճանաբար աճեց, նաև Սփյուռքից հայրենադարձների հաշվին: Անդրանիկը նշանակվեց գյուղապետ և համագյուղացիների հետ միասին սկսեց կերտել գյուղի ապագան:

Գյուղը օրեցօր զարգանում էր, կյանքը բարելավվում, սակայն 44-օրյա պատերազմը խորտակեց ամեն ինչ՝ ստիպելով խաղաղ բնակչությանը բահը փոխարինել զենքով: Թշնամուն դիմակայելը դժվար էր. գյուղի տղամարդկանց մի մասը զոհվեց հայրենիքը պաշտպանելիս, մյուս բնակիչները՝ ծերերի և երեխաների հետ միասին շտապ տեղափոխվեցին Հայաստան, Անդրանիկն էլ մնաց մի խումբ գյուղացիներով, որոնք չհամաձայնեցին լքել գյուղապետին և իրենց տները: Առավոտյան, հենց լսվում էին թշնամու առաջին կրակոցները, Չավուշյանը տարհանում էր կանանց և երեխաներին հարևան Տեղ գյուղ (Արիավանում ապաստարան չկա մինչ այսօր) և արագ վերադառնում դիրքերը, որ պաշտպանի Արիավանը թուրք-ադրբեջանցիներից: Երեկոյան, երբ մարտական գործողությունները դադարում էին, նա կրկին գնում էր Տեղ ու ետ բերում մարդկանց իրենց տները: Եվ այդպես պատերազմի ամեն 44 օրը:

Պահեստավորված մթերքի մի մասը Անդրանիկն ուղարկել էր Բերձոր` թշնամու արկերից փախցնելու և բերձորցիներին աջակցելու համար: Նա ականապատեց գյուղի շրջակայքը, որպեսզի արգելափակի ադրբեջանա-թուրքական զորքերի և վարձկանների ներխուժումը գյուղ: Գիշերային ժամերին նա բարձրանում էր անտառ, տեղ–տեղ կրակում, որպեսզի տպավորություն ստեղծի, որ այնտեղ լիքը հայեր կան։ Թշնամին երկու անգամ փորձեց մտնել գյուղ, բայց, ինչպես Անդրանիկն է ասում, «թուրքերի բախտը չբերեց, երկու անգամն էլ ես տեղում էի»:

Խիզախ Արիավանը մնաց կանգուն, բայց քաղաքական որոշումներից դուրս: Այսօր գյուղի կարգավիճակը անորոշ է: Ու՞մ է այն պատկանում: Այս հարցին Չավուշյանը մեկ պատասխան ունի. դարեր ի վեր այստեղ հայեր են ապրել, Ղարաբաղ-Արցախը ազատագրվել է, այլ ոչ թե օկուպացվել, ինչպես փորձում է ներկայացնել պաշտոնական Բաքուն, այստեղ ինքը՝ Անդրանիկը և մնացած գյուղացիները կառուցել են իրենց տները, ծառեր տնկել, երեխաներ ունեցել և թարմ արմատներ թողել հայոց հինավուրց հողում:

«Եվ պատմականորեն և փաստացի սա հայկական հող է, ու մենք՝ արիավանցիներս, մտադիր չենք այն զիջել թշնամուն: Մենք խաղաղ ժողովուրդ ենք, մեր հերոսները պայքարում են հանուն Հայրենիքի, պաշտպանում են իրենց կանանց և երեխաներին, այլ ոչ թե երիտասարդների և ծերերի գլուխները կտրում, կացնահարում քնած մարդկանց: Մենք «սաֆարովներ» չենք, մենք հայեր ենք՝ խաղաղություն ու ընկերություն գնահատող: Բայց ով սուրով մեզ մոտ գա, սրով կկորչի, - ասում է գյուղապետը և շարունակում, հիշեցնելով ռուս խաղաղապահների 5-ամյա ներկայության մասին որոշումը. – Մեկ տարին անցավ, բայց դեռ 4 տարի խաղաղապահները այստեղ են լինելու և, կարծում եմ, մենք կարող ենք հանգիստ ապրել մեր տներում: Իսկ ինչ կլինի գալիք տարիների ընթացքում՝ Աստված գիտի: Միգուցե Էրդողանը ճանապարհ բռնի իր Ալլահի մոտ, Ադրբեջանն էլ պայթի իր ներքին հակասություններից... Ուզում են մեզ՝ հայերիս և Արիավանը տալ Ադրբեջանի՞ն: Թող տան: Մենք միևնմույն է չենք հեռանալու մեր գյուղից: Արիավանը հայկական հող է և վերջ»:

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՎՈՒՇՅԱՆԸ անմիջապես անցավ գյուղը վերականգնելու գործին: Սկսեց դպրոցից, որը սեպտեմբերի 1-ին իր դռները բացեց ոչ միայն Արիավանի, այլ նաև Բերձորի երեխաների առջև, ում ծնողները ցանկություն հայտնեցին իրենց որդիներին ու դստրերին դաստիարակել Արիավանի խիզախ և անկոտրում ոգով: Ստեփանակերտից Արիավան տեղափոխվեց նաև երիտասարդ՝ անգլերեն լեզվի ուսուցչուհին, որը պատրաստ է ապրել այստեղ և կրթել մանուկ արիավանցիներին: Գյուղում բացվեց բուժկետ, որի ծառայություններից հարկ եղած դեպքում կարող են օգտվել նաև խաղաղապահները: Գյուղացիներից ոմանք վերադարձան իրենց տները, մնացածներին գյուղապետը սպասում է, հավատալով, որ նրանց հայրենասիրությունը դեռ չի պակասել: Անդրանիկի ընկերներն ու մտերիմները հումանիտար օգնություն են ցուցաբերում գյուղին, սակայն նա այդքան էլ կողմ չէ խնդիրների նման լուծմանը: Նա մի չինական ասացվածք է կրկնում. եթե մարդուն ձուկ ես տալիս՝ նրան մի անգամ ես կերակրւմ, եթե ձկնորսություն ես սովորեցնում՝ ապա մշտապես ապահովում ես սնունդով:

«Ես մտադիր եմ փոքր բիզնեսի զարկ տալ Արիավանում: Օրինակ, հիմնել կար ու ձևի արհեստանոց, որի կազմակերպման մեծ փորձ ունի մասնագիտությամբ տնտեսագետ իմ կինը՝ Քրիստինեն: Սկզբում կարող ենք այնտեղ բանվորական ձեռնոցներ կարել, բաճկոններ կամ այլ անհրաժեշտ իրեր, արտահանել մեր ապրանքը Հայասատանի և Արցախի գյուղեր ու քաղաքներ: Ուզում եմ նաև Արիավանում թոնրատուն հիմնել: Հաց և լավաշ կթխենք, ես ինքս կտանեմ այն Գորիս, նաև Տեղ և մոտակա այլ գյուղեր, հացի մի մասից էլ մեր գյուղացիները կօգտվեն: Իսկ վաճառքից գոյացած եկամտով նորից ալյուր կգնենք ու հացթուխներին աշխատավարձ կտանք: Մենք պետք է սովորենք ինքներս գումար աշխատել և մեր հոգսերը հոգալ, իսկ հետոն կյանքը ցույց կտա», - ասում է Անդրանիկ Չավուշյանը:

Կարմիր Խաչի կոմիտեի աջակցությամբ գյուղը սերմացու է ստացել. գյուղացիները արդեն ցանել են այն, շուտով բերքն էլ կհավաքեն: ԱՄՆ-ից մեր հայրենակից Արսեն Շիրվանյանը հավի ճտեր է բերել Արիավան, և այսօր գյուղը հավի մսի և հավկիթի կարիք չունի: Պատերազմից հետո ջրի հետ կապված լուրջ խնդիր կար, բայց Անդրանիկին հաջողվեց իր անձնական կապերի միջոցով այն լուծել: Այժմ գյուղը մթերային խանութի, նաև մանկապարտեզի կարիք ունի. երեխաների թիվը պաշտոնապես թույլ է տալիս նախակրթարան հաստատություն ունենալ Արիավանում: Գյուղում ապրում է 45 ընտանիք, որոնցից շատերը բազմազավակ են: Անդրանիկը փորձում է լուծել տների ներքին վերանորոգման հարցը: Պետական որոշում է պետք, քանի որ գյուղի տները Արցախի Հանրապետության կառավարության հաշվեկշռի վրա են: Իսկ հետո հնարավոր կլինի գյուղը վերաբնակեցնել, չէ որ հարյուրավոր հայ ընտանիքներ պատերազմի հետևանքով մնացին անտուն:

Արիավանի կարգավիճակի վերաբերյալ ԱՀ իշխանությունների պաշտոնական որոշման բացակայության պատճառով շատ հարցեր մնում են չլուծված: Չավուշյանը դիմել է ԱՀ կառավարություն՝ ջրամատակարարման, ապաստարաններ ստեղծելու, մանկապարտեզ բացելու հարցերով և դրական պատասխան է ստացել դեռ առաջին կետի հետ կապված: Ինչ վերաբերում է արհեստանոցին ու թոնրատանը՝ միջոցներ են պետք, բայց քանի դեռ գյուղի կարգավիճակը որոշված չէ, չի կարգավորվում և ներդրումների հարցը:

«Պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Եթե մարդիկ կապված լինեն հողին, նրանք երբեք չեն լքի այն: Ես ուզում եմ, որ մենք` հայերս, միշտ ապրենք Արիավանում և չլքենք գյուղը, - պնդում է Անդրանիկը: - Կառավարությունը այսօր սուբսիդիդավորում է Հայաստան տեղահանված արցախցիների՝ գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Ճիշտ կլինի նաև ֆինանսավորել այն մարդկանց, ովքեր մնացել են Արցախում և ովքեր, վստահ եմ, շուտով կվերադառնան իրենց տները»:

Անդրանիկ Չավուշյանը Արիավանում շարունակում է պահպանել ավանդույթները: Այս ամռանը գյուղում Վարդավառ անցկացվեց՝ Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերից եկած հյուրերի մասնակցությամբ: Շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին գյուղապետը նամակ է տանում խաղաղապահներին, որ թույլատվություն ստանա այցելելու անցակետի հետևում գտնվող գյուղի եկեղեցին: Արիավանները՝ մեծ ու փոքր, եկեղեցում աղոթք են անում, մոմեր վառում... Անդրանիկը նաև պատրաստվում է մի այլ քրիստոնեական ծեսի, որը մեծ անակնկալ կլինի գյուղացիների համար:

«Երբ ես որոշեցի Արցախ տեղափոխվել Բեյրութից, որտեղ զբաղվում էի ոսկերչությամբ, բոլորը ասում էին. «Դու տուն-տեղ, շրջապատ, աշխատանք ունես, լավ փող ես վաստակում, հանգիստ ապրում ես; Ինչու՞ ես ուզում գնալ այստեղից, այն էլ Արցախ»: Ես բացատրեցի, որ հարցը փողը չէ, ոչ էլ աշխատանքը, պաշտոնը, այլ հայրենիքի հանդեպ սերը, այն հավատը, որ ցեղասպանության զոհ դարձած մեր նախնիներն ու Արցախում զոհված տղաները կկարողանան հպարտությամբ նայել մեզ երկնքից, եթե մենք վերածնենք Հայրենիքը, պահանջատեր լինենք նրա նկատմամբ: Ես դեմ եմ, որ մարդիկ այրեն իրենց տները և լքեն գյուղերը: Տները պետք է ամուր կանգնեն հողի վրա որպեսզի ամեն հայ կարողանա գտնել իր վերադարձի ճանապարհը՝ դեպի տուն»։

Լուսանկարներ՝ Հայկ ՊԱՊԻԿՅԱՆ

Երևան-Արիավան-Երևան

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОНОЛОГ ФРУНЗИКА МКРТЧЯНА 40 ЛЕТ СПУСТЯ
    2025-04-19 10:41

    В 1984 году известному киноведу, редактору, сценаристу Роберту Матосяну было сделано предложение, от которого он не мог отказаться по ряду причин. Предложение сделал не кто-нибудь, а сам Фрунзик Мкртчян – всенародно любимый и к тому времени высокорейтинговый актер СССР, чья слава давно вышла за пределы страны. Роберт и Фрунз были дружны, и отказать родному человеку в личной просьбе Матосян не мог и не хотел.

  • СОЮЗ КАМНЕОБРАБОТЧИКОВ АРМЕНИИ ЗАДАЕТ СТАРТ
    2025-04-19 10:22

    В Армении создано новое профессиональное объединение, взявшее на себя миссию развития традиционной профессии, которой наши предки занимались издревле. Речь о добыче и обработке камня, его использовании в строительстве, искусстве и других сферах. Союз камнеобработчиков Армении, как названа организация, был презентован в Ереване в присутствии представителей профессий, чья работа связана с камнем как напрямую, так и опосредованно. Поздравить основателей Союза пришли аккредитованные в Армении послы Индии, Италии, Ирана и других стран. Как отметил ведущий мероприятия Артур Гегамян, это страны, с которыми планируется организация программ по обмену опытом, что станет важным стимулом для развития сферы обработки камня в Армении. На мероприятии присутствовали представители Благотворительного фонда «Дети Армении» (COAF), Международной школы лидерства и развития профессий «Матена», бизнес-клубов и компаний, ассоциаций, общественных организаций, вузов и международных организаций.

  • КИНО КАЗАХСТАНА НА АРМЯНСКОМ ЭКРАНЕ
    2025-04-18 10:46

    Кинематограф Казахстана становится все более популярным. За последние годы онлайн порталы, предназначенные для просмотра фильмов, все больше пополняют свои базы фильмами казахских режиссеров. Более того, многожанровое казахское кино отмечено высоким рейтингом и имеет многочисленные просмотры.

  • ФОНД ВИВА: ПОМОЖЕМ ПАЦИЕНТАМ ЧЕРЕЗ ЭКРАН
    2025-04-15 10:12

    12 апреля в селе Цав региона Сюник Армении откроется первый телемедицинский пункт, оснащенный современным оборудованием для онлайн-консультаций, диагностики и мониторинга здоровья в реальном времени. Новый проект, инициированный и претворяемый в жизнь Благотворительным фондом ВИВА (Врачи И  Волонтеры – для Армении) даст возможность жителям Цава, находящегося недалеко от границы, получать квалифицированную медицинскую помощь через видеосвязь и тем самым свести к минимуму необходимость ездить к врачам в отдаленные города.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ