Последние новости

Տիրան Լոքմագյոզյան․ Մեր կառավարությունը մեր երկիրը նորից ծախել է

«100 տարի հետո նույն մտածելակերպն է և նույն ծրագիրն է աշխատում Թուրանի ծրագիրը։ Այն ամենը, ինչը կատարվում է Թուրքիայի կողմից, Թուրանի ծրագիրն իրագործելուն է ուղղված։ Նրանց պատկերացմամբ՝ իրենք շատ են մոտեցել Մեծ Թուրանը կազմելուն, որովհետև իրենց այստեղ դրա համար միայն մի ճանապարհ է պետք», - լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Ստեղծված այս իրավիճակում Հայաստանի տարածքների, ճանապարհների կամ «միջանցքների» նկատմամբ թշնամի պետությունների հավակնություններն ու հայտարարությունները, ըստ թուրքագետի, ՀՀ գործող իշխանությունները հասարակությանը ձևափոխված են ներկայացնում։

«Մեր կառավարությունը մեզ շատ բաներ փորձեց համոզել, հետո ճիշտ հակառակը ստացվեց։ Արդեն որքան ժամանակ է՝ կառավարությունը փորձում է թշնամու կողմից ուղիղ ասված խոսքերը մեղմացնելով՝ մեզ ներկայացնել։ Հիմա, եթե մեր կառավարությունը մեզ ասում է՝ ոչ, «միջանցքի» մասին խոսք չի գնացել և չի գնում, ես դրանից ավելի շատ եմ վախենում։ Եթե ասում է՝ «միջանցք» չկա, չի լինելու, վստահ եմ, որ «միջանցք» կա և լինելու է, այսինքն՝ «միջանցքի» մասին խոսք է գնում։ Եվ իզուր չէ, որ Էրդողանն այնտեղից ասում է՝ Հայաստանի կողմից դրական ազդակներ կան», - ասաց Տիրան Լոքմագյոզյանը։

Թուրքագետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է Թուրքիայից եկող «դրական ազդակներից» խոսում, որոնք, սակայն, տեսանելի չեն։

«Դա ցույց է տալիս, որ Թուրքիայի և Հայաստանի միջև գաղտնի պայմանավորվածություններ կան, գաղտնի տեսակցություններ են լինում։ Այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը դիմեց Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ հանդիպելուհամար։ Եթե ներքին օղակներում գործն ավարտված չէ, այդպիսի բան չի կարող լինել։ Ի՞նչ են անելու, եթե հանդիպեն։ Վերին օղակները վերջին գործն անողն են, վերջին ստորագրությունը դնողն են։ Գործն անում են ներքևի օղակներով։ Եթե վերևի օղակներն իրար հետ խոսելու են կամ կողմերից մեկն ասում է՝ ժամանակը եկել է իրար հետ հանդիպելու, հո սուրճ խմելու համար չե՞ն հանդիպում»,- նշեց Լոքմագյոզյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի նախագահը իր հետ հանդիպելու մասին Փաշինյանի առաջարկից հետո է միայն խոսել Հայաստանից եկող «դրական ազդակների» մասին։

«Նշանակում է՝ մեր կառավարությունը մեր երկիրը նորից ծախել է, ինչ-որ բաներ հանձնում է», - նշեց թուրքագետը, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ