Последние новости

ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը, արձագանքելով ադրբեջանական կողմի բողոքին, ուժի մեջ է թողել ՄԻԵԴ-ի մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ճանաչվել Բաքվի բանտում հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինի ապօրինի ձերբակալման, խոշտանգումների և սպանության փորձի համար: Դատարանը Բաքվին պարտավորեցրել է իսրայելցի Լապշինին 30 000 եվրոյի չափով դրամական փոխհատուցում վճարել:

«Իհարկե, ես ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանը նման որոշում է կայացրել»,- DW-ին ասել է Ալեքսանդր Լապշինը: Միևնույն ժամանակ, նա տարօրինակ է համարում, որ Բաքուն դիմել է դատարան՝ գործը վերանայելու համար «Չէ որ ՄԻԵԴ-ը, որպես կանոն, համարյա 99 տոկոս դեպքերում, չի հրաժարվում իր ընդունած որոշումներից»։

«Իմ «հանցագործությունն» այն էր, որ 2011 թվականին, որպես զբոսաշրջիկ, ես այցելեցի չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- ասել է Լապշինը: Նրա խոսքով, մինչ այդ ինքը եղել էր աշխարհի ավելի քան 150 երկրներում՝ բոլոր մայրցամաքներում, և նույնիսկ մտքով չի անցել, որ այդ ուղևորությունից հինգ տարի անց իր հանդեպ միջազգային հետախուզում կարող են հայտարարել:

Բլոգերի կարծիքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններին դուր չեն եկել սոցիալական ցանցերում հրապարակումները, որոնք տեսել են Լապշինի հարյուր հազարավոր բաժանորդներ: Նա մեղադրել են ոչ միայն առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնության պարզապես սահմանը հատելու, այլև «անջատողականությանը սատարելու» և «Ադրբեջանում գործող իշխանությունը տապալելու կոչերի» մեջ:

2016 թվականին Լապշինը Ադրբեջանի հայցով ձերբակալվել էր Մինսկում: Երկու ամիս անց, որն անցկացրել էր տեղի բանտերից մեկում, Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական հանձնարարությամբ հանձնվել էր Բաքվին: Մեկ տարի անց Բաքվի դատարանը, չապացուցված համարելով կառավարության տապալման և անջատողականությանը աջակցելու վերաբերյալ բլոգերին առաջադրված մեղադրանքները, նրան մեղավոր էր ճանաչել Ղարաբաղ «անօրինական այցելելու» մեջ: Մեղադրող կողմը նրա համար վեցուկես տարվա ազատազրկում էր պահանջել, սակայն դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման:

Չնայած այն բանին, որ Իսրայելը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրամիությունը պաշտպանեցին բլոգերին, նա յոթ ամիս անցկացրեց բանտում: Նրան խոշտանգել են, արգելել օգտվել հեռախոսից, գրել և կարդալ, իսկ միակ գիրքը, որը նրան տվել են, Ղուրանն է եղել, չնայած Լապշինը հրեա է:

«Յոթ ամիս անց հարձակման ենթարկվեցի»,- DW-ին պատմել է Ալեքսանդր Լապշինը: «Պահակները փորձեցին սպանել ինձ, չնայած հետագայում իշխանությունները փորձեցին միջադեպը ներկայացնել որպես ինքնասպանության փորձ»: Լապշինը չորս օր կոմայի մեջ է անցկացրել, որից հետո նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում է շնորհել և չարտերային չվերթով ուղարկել Թել Ավիվ: Հայրենիքում փորձաքննությունը հաստատել է բլոգերի սպանության փորձի փաստը:

2018-ին Լապշինը բողոքել է ՄԻԵԴ-ին՝ մեղադրելով Ադրբեջանին անօրինական ազատազրկման, բանտում վատ վերաբերմունքի և սպանության փորձի մեջ: Մոտ երեք տարի պահանջվեց, մինչև ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին և նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին, տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ