ՆԱ ԴԱՐՁԱՎ ԼԵԳԵՆԴ. ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Կան մարդիկ, որոնց մասին շատ դժվար է խոսել անցյալ ժամանակով, քանզի նրանք այնքա՜ն սերտորեն միահյուսված են եղել մեր երկրի պատմությանը, այնքա՜ն լեցուն կյանքով, եռանդուն ու երևելի իրենց մասնագիտական գործունեության մեջ: Ռուբեն Արամի Սահակյանը նրանցից մեկն էր…
Ասել, որ նա փայլուն փաստաբան ու իրավագետ էր, կնշանակի՝ ոչինչ չասել։ Ճիշտ նույն կերպ էլ դժվար է խոսքերով արձանագրել, թե բարոյական ու մասնագիտական ինչպիսի բարձր սկզբունքների տեր էր նա, մինչև վերջ հավատարիմ իր քաղաքացիական դիրքորոշմանը, մեծագույն արիությամբ օժտված մարդ և իր երկրի ճշմարիտ հայրենասեր, հիանալի կազմակերպիչ, որի շնորհիվ կայացավ Հայաստանի Փաստաբանների պալատը։ Հավանաբար, նման մարդկանց ընդհանրապես դժվար է բնութագրել սովորական բորոշիչներով, քանզի նրանք վեր են սովորական հասկացություններից գործունեության բոլոր ոլորտներում. մասնագիտական, քաղաքացիական, մարդկային…
Արամիչ. այսպես էին անվանում նրան ընկերներն ու գործընկերները, որոնց համար նա անսասան հեղինակություն էր։ Լեգենդ. այսպես են անվանում նրան այսօր այն մարդիկ, որոնց հետ կողք-կողքի աշխատել է բոլոր այս տարիներին, նրանք, ում նա այնքա՜ն բան է սովորեցրել և դարձել փաստաբանի ու քաղաքացու օրինակ։ Նա իրոք դարձել է հայկական իրավագիտության լեգենդը, դրա ամենափայլուն, վառ ու գրագետ ներկայացուցիչներից մեկը, իսկական վարպետը։
Կարելի է վստահորեն պնդել, որ Ռուբեն Սահակյանի հեռանալով՝ անցյալի գիրկն անցավ մի ողջ դարաշրջան. հենց նա էր կանգնած անկախ Հայաստանի փաստաբանական ինստիտուտի ձևավորման ակունքներում։ 1988 թվականին նա քաղաքացիական արիություն ցուցաբերեց, մեկնելով Սումգայիթ՝ դատարանում պաշտպանելու փետրվարյան ցեղասպանության զոհերի շահերը։ Գործընկերների հետ միասին աշխատում էր խորհրդային «արդարադատության» աղաղակող անարդարության, մշտական սպառնալիքների, կյանքին սպառնացող իրական վտանգի ծանր պայմաններում, բայց կատարում էր իր մասնագիտական և մարդկային պարտքը։ Նա դարձավ Փաստաբանների պալատի առաջին նախագահը՝ դնելով ամուր, լավ կազմակերպված ու ազդեցիկ կառույցի հիմքերը։ Դաստիարակել է գրագետ փաստաբանների բնավ ոչ մեկ սերունդ, վարել ամենաաղմկալի գործերը, միշտ դրսևորելով իր բարձրագույն պրոֆեսիոնալիզմն ու բացարձակ նվիրվածությունն Իրավունքին։
Ցավոք, մերօրյա Հայաստանում գնալով ավելի է նվազում այն մարդկանց թիվը, որոնց բարձր տրամաչափը թե՛ մասնագիտության, թե՛ քաղաքացիական դիրքորոշման մեջ այդչափ ակնառու և նշանակալիորեն հաստատված լինի տասնամյակներ շարունակ։ Ռուբեն Սահակյանը մեկն էր այն մարդկանցից, որոնք առաջնագծում են եղել միշտ և ամենուր, երբ խոսքը վերաբերել է իրավունքին, օրենքին, բարոյականությանը և Հայրենիքին։ Հայաստանի իրավական ճակատի լավագույն մարտիկներից մեկը, իր գործի ամենատոկուն, ազնիվ ու խիզախ նվիրյալներից մեկը։ Մարդ, որի մասնագիտական կարծիքը միշտ հիմնավորված է եղել Օրենքով, որի դիրքորոշումը բխել է գործի շահերից և միշտ ծառայել պետության շահերին։
Մարդ, որն իրենից հետո թողեց անասելի բարի հիշատակ և հավերժ երախտագիտություն բոլոր նրանց սրտերում, ովքեր ճակատագրի բերումով առնչվել են իր հետ…
Ազգային ժողովի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը նրան անվանել է լեգենդար փաստաբան, փաստաբանի կարգավիճակի և առհասարակ հայրենասերի վաստակավոր օրինակ: «Պատիվ եմ ունեցել լինելու Ռուբեն Արամիչի հետ մեկ թիմում: Հնարավորություն եմ ունեցել իրենից սովորելու: Վայելել եմ իր պես մեծ ընկեր ունենալը, ուժեղացել եմ իր քաջալերման ու գովասանքի յուրաքանչյուր խոսքից...»,- գրել է նա։
«Մարդ, որն իր ողջ կյանքում մնաց սկզբունքային։ Մարդ, որը ոչ միայն փայլուն անձնավորություն էր, այլև առաջնակարգ մասնագետ։ Կարծում եմ, կհամաձայնեն բոլոր որակյալ փաստաբանները, որ Ռուբեն Սահակյանը հետխորհրդային Հայաստանում առաջինն էր, ով հիմք դրեց հայկակական փաստաբանական մտքի դպրոցին… Հաճախ էինք հանդիպում… Ռուբեն Սահակյանը, ամեն ինչից զատ, օժտված էր հումորի բարձր զգացումով։ Ի՞նչ ասեմ, Հայաստանը կորցրեց բարձր անհատականության…»,- գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ռուբեն Արամիչ, մեր ուսուցիչ, մեր մեծ եղբայր, հանգչիր խաղաղությամբ։ Դու մեծատառով մարդ էիր, քո նմաններն էլ չկան։ Ամբողջ կյանքդ տղամարդ ապրեցիր, ոչ մի սկզբունքի չդավաճանեցիր, ոչ մի դժվարության առաջ չկանգնեցիր, պայքարեցիր ու կռվեցիր քո, մեր երազած երկրի համար։ Հայաստանին նվիրեցիր փաստաբանություն, նվիրեցիր իրական փաստաբաններ, քեզ նվիրեցիր Հայաստանին ու չդիմացար Հայաստանի կորստին։ Ինչքան կանք, ինչքան աշխատում ենք, պայքարում ու կռվում ենք, դու ողջ ես, դու մեր հետ ես, քո գործն ապրում է, քո փարոսը միշտ վառ է…». այսպիսի տողեր է նվիրել իր ուսուցչին փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Այս խոսքերին հավելելու ոչինչ չկա... Հայաստանն ապրում է իր պատմության թերևս ամենախառնակ ժամանակներում, և չդիմանալով վշտին՝ հեռանում են լավագույնները։ Եվ այդ կորուստների վերջը դեռ չի երևում…
«Գոլոս Արմենիի»-ի խմբագրակազմը սգում է Ռուբեն Սահակյանի մահը և խորին ցավակցություն հայտնում Ֆլորա Նախշքարյանին և Զարուհի Նախշքարյանին ծանր կորստի կապակցությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-07-31 23:35
-
2023-12-08 11:17
Поздравляем коллег с 18-летием! Добраться до совершеннолетия в бушующем море армянской журналистики и не изменять принципам свободной прессы – большой труд, профессионализм и успех.
-
2023-09-22 11:17
Уважаемые читатели, Все последние дни сайт "Голоса Армении" подвергается мощным хакерским атакам и взломам, мы едва успеваем восстанавливать.
-
2023-05-30 12:16
29 мая вечером скоропостижно скончался председатель Союза деятелей культуры Армении, председатель Союза драматургов Армении, многолетний замредактора журнала "Возни" Гурген БАЛАЯН (Лореци), поэт, художник, патриот своей страны. Он не раз выступал на страницах "ГА".