Последние новости

«Փաստինֆո»․ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀՔԾ-Ն ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՕԲՅԵԿՏԻՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ն խուսափում է օբյեկտիվ քննություն իրականացնելուց և հրաժարվել է հարցաքննել «Շանթի Յուրա» մականունով հայտնի՝ Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի հիմքում դրված է բացառապես Վարշամ Ղարիբյանի ցուցմունքն առ այն, թե Վարշամ Ղարիբյանն իր մասնակցությամբ և առնչությամբ քննվող քրեական գործերով Աղվան Հովսեփյանի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու և ապագայում այդ գործերով իր օգտին կոնկրետ գործողություններ կատարելու համար նրա հանձնարարությամբ «Երևան» հեռուստաընկերության 50 բաժնետոմսը նվիրաբերել է վերջինիս որդուն՝ Ա.Հովսեփյանին։ Ըստ Վարշամ Ղարիբյանի՝ իր վերաբերյալ քննվել են տարբեր քրեական գործեր, որոնց շրջանակներում ունեցել է մեղադրյալի, տուժողի դատավարական կարգավիճակներ, որոնց վարույթը կասեցվել է։

Թեև մեղադրանքի հիմքում դրվել է բացառապես Ղարիբյանի ցուցմունքը, վարույթն իրականացնող մարմինը չի ստուգել վերջինիս ցուցմունքի արժանահավատությունը և անմիջապես մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին, ուստի պաշտպանության կողմը փորձել էր «շտկել» իրավապահների սխալը և միջնորդություն ներկայացրել՝ պահանջելով ՀՔԾ-ից՝ վկայի կարգավիճակով հարցաքննել Վարշամ Ղարիբյանի առնչությամբ քննված քրեական գործերով քրեական հետապնդման մարմինների իրավասու ներկայացուցիչներին՝ քննիչներին, դատախազին, վարչության պետին։

Սակայն ՀՔԾ քննիչը հետաձգել է «Շանթի Յուրա» մականունով հայտնի՝ Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին հարցաքննելու մասին միջնորդության լուծումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա գնահատմամբ՝ ՀՔԾ-ն խուսափում է օբյեկտիվ քննություն իրականացնելուց, որովհետև օբյեկտիվ գտնվելու դեպքում պետք է լսի Ղարիբյանի վերաբերյալ քրեական գործերով դատախազներին, քննիչներին։

«Քննիչը, դա չանելով, ուղղակի ունի այն մտավախությունը, որ ճշմարտությունը կբացահայտվի և քննիչին ոչինչ չի մնա անելու, քան այդ դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելը։ Իսկ եթե այս ամենը չի անում դա գիտակցելով, ուրեմն անաչառ և օբյեկտիվ չի մոտենում այդ գործի քննությանը »,- նշեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։ Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որևէ փաստացի օրինակ մատնանշելու։

«Փաստինֆո»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ