Последние новости

Արմեն Գևորգյանի փաստաբանը միջնորդել է դատավոր Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին

Նախկին փոխվարչապետ, այժմ՝ պատգամավոր Արմեն Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն է ներկայացրել։

Նիստի սկզբում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը (առաջին անգամ է մասնակցում) դատարանին հանձնեց իր մասնակցության փաստաթղթերը։ Դատավորը ճշտեց՝ ստացե՞լ է արդյոք նա դեռևս սեպտեմբերի վերջին ուղարկված նյութերը։ Փաստաբանը պատասխանեց՝ ոչ, ավելացնելով, որ այժմ դա չէ ամենակարևորը, քանի որ նա մտադիր է միջնորդություն ներկայացնել դատավորի ինքնաբացարկի մասին։

Փաստաբանը հիշեցրեց, որ կարևորագույն պայման են դատավորի օբյեկտիվությունը և անաչառությունը։ Սուբյեկտիվ տպավորության մասով փաստաբանը նշեց իր և մյուս փաստաբանների, Արմեն Գևորգյանի տիկնոջ (որի բժշկական տվյալները դատավոր Աննա Դանիբեկյանն առանց թույլտվության հրապարակեց դատարանում) տպավորությունը։

Օբյեկտիվ հանգամանքների մասով փաստաբանը հիշեցրեց, որ անցած տարվա մարտ-ապրիլին, երբ բարձրացված էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցը, լուրեր տարածվեցին այն մասին, որ դատավորը քթի վիրահատության է գնում։ Փաստաբանը այս հարցը բարձրացրեց մամուլի ասուլիսում, հետո հաջորդեց ԲԴԽ կոչը՝ քննարկել փաստաբանի պահվածքը, նա կասկածվեց դատավորի անձնական և բժշկական տվյալները հրապարակելու մեջ։ «Բանը դատարանի մեջ է։ Վստահ եմ, որ Դուք տեսել եք դատարան հրավիրվածների մեջ (այնուամենայնիվ, որպես վկա) իմ ազգանունը»,- նշեց փաստաբանը։ Ալեքսանդր Կոչուբաևը դատավոր Դանիբեկյանի կողմնակալ վերաբերմունքի այլ օրինակներ էլ բերեց, արդեն այլ գործերով։

«Եվ այս գործով էլ Ձեր վերաբերմունքը առաջ է բերում բազմաթիվ հարցեր»,- նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ քանիցս խնդրել է փոխել նիստի օրը՝ ամեն անգամ մերժում ստանալով։

«Տարօրինակ համառությամբ Դուք հնարավորություն չեք տալիս մասնակցել նիստին։ Եվ չեք ցանկանում տրամադրել գործի հատորները՝ վկայակոչելով, թե փոխանցվել են գործին «վերաբերողները»։ Դա Դուք չեք որոշում։ Եվ սա նույնպես վկայում է իմ հանդեպ Ձեր վերաբերմունքի մասին»,- ընդգծեց փաստաբանը։ Նա հիշեցրեց, որ յոթ տասնյակ հատորներին ծանոթանալու համար դատարանը հատկացնում է յոթ օր։ «Դուք չեք կարող քննել այս գործն իմ մասնակցությամբ, քանի որ այլ գործով մենք Ձեզ հետ տարբեր կողմերում ենք, մանավանդ որ ես այն գործով դատարանում դեռ չեմ հարցաքննվել, և Դուք կարող եք օգտագործել դա։ Եվ ես արդեն նկարագրեցի Ձեր վերաբերմունքն իմ նկատմամբ»,- շարունակեց փաստաբանը։ Կանխելով հարցը, թե ինչու է այդ դեպքում նա ինքը մտել դատավարության մեջ, Կոչուբաևը հիշեցրեց, որ արդեն երեք տարի համագործակցում է Արմեն Գևորգյանի հետ, վաղուց է ներկայացնում նրա իրավունքները, և նրանք նպատակահարմար են գտել իր մասնակցությունը դատավարությանը։

«Այսօր Ձեր ծննդյան օրն է։ Ինքներդ Ձեզ նվեր արեք, ինքնաբացարկ տվեք»,- հորդորեց փաստաբանը։

Լսելով Կոչուբաւեին՝ դատավորը դիմեց փաստաբան Լուսինե Սահակյանին՝ հիշեցնելով, որ նա ևս պատրաստվում էր միջնորդություն ներկայացնել դատավորի ինքնաբացարկի մասին։ Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ վատառողջ է և իր համար դժվար է խոսելը, և հաշվի առնելով գործընկերոջ նեևրկայացրած հիմնավորված միջնորդությունը՝ նա ձեռնպահ կմնա իր միջնորդությունը ներկայացնելուց՝ այն հույսով, որ դատավորը կգնա օրինական ճանապարհով և ինքնաբացարկ կտա։ «Դուք այդ միջնորդությունը մերժելու հնարավորություն չունեք։ Իսկ եթե դատարանը գնա անօրինական ճանապարհով, հաջորդ նիստին ես միջնորդություն կներկայացնեմ ձեր ինքնաբացարկի մասին»,- ասաց Սահակյանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նույնպես միջնորդություն ներկայացրեց դատավորի ինքնաբացարկի մասին։ Նա ուշադրություն հրավիրեց մասնակիցների հանդեպ դատավորի բացասական վերաբերմունքի վրա, ինչը դրսևորվում է կոնկրետ որոշումներում, ավելի ճիշտ՝ այն բանում, որ դատավորը հետևողականություն չի ցուցաբերում՝ անկանոն, միմյանց հակասող որոշումներ ընդունելով։ «Ձեր պրոֆեսիոնալ հատկանիշները ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Եվ դա բացասաբար է բնութագրում ընդունվող որոշումները»,- ընդգծեց փաստաբանը՝ դատարանի անհետևողական որոշումների մի քանի օրինակներ բերելով. «Դատարանը կարող է փոխել տեսակետը, բայց դա պետք է մոտիվացված լինի»։ Փաստաբանի կարծիքով՝ եզրակացությունն այն է, որ դատավորը ինքնուրույն չի կայացնում վճիռները, այլ ըստ ազդանշանների, որոնք հաճախ կապված են ոչ դատական քաղաքական իրադարձությունների հետ։ Խուդոյանի խոսքով՝ այս ամենը վկայում է դատարանի սուբյեկտիվ վերաբերմունքի մասին և ինքնաբացարկի հիմք է հանդիսանում։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը առաջին միջնորդության հիմնավորումն անվանեց պրիմիտիվ և անհեթեթ։ Դատախազը բավական մանրամասն և հանգիստ պարզաբանեց իր տեսակետը՝ մի քանի անգամ կրկնելով «պրիմիտիվ» բառը։ Երկրորդ միջնորդության հիմնավորումները, շարունակեց դատախազը, բազմիցս քննարկվել են։ «Դրա համար կարծում եմ, հարկ չկա, որ դատարանը գնա խորհրդակցական սենյակ։ Ես պնդում եմ, որ տեղի է ունենում պաշտպանության կողմից իրավունքի չարաշահում և խնդրում եմ դատարանին փաստել սա»,- ասաց դատախազը՝ անհրաժեշտ համարելով մեղադրական եզրակացության ամփոփիչ մասի հրապարակումը։

Ի պատասխան՝ փաստաբան Կոչուբաևը խնդրեց դատախազին վերալսել ձայնագրությունը՝ փոխելու համար կարծիքը իր ներկայացրած փաստարկների «պրիմիտիվության» մասին։

Կողմերին լսելով՝ դատավորը սկսեց հետաքրքրվել, թե ինչու է փաստաբան Կոչուբաևը, խոսելով վերոնշյալ մեկ այլ գործի մասին, որտեղ Դանիբեկյանը հանդես է գալիս որպես տուժող (պատմություն՝ կապված քթի վիրահատության հետ), իրեն անվանել պաշտպանության վկա։ Փաստաբանը ստիպված էր պարզաբանել, որ դա իրավագիտության մեջ լայնորեն օգտագործվող տերմին է։

Փաստաբան Հայկ Ալումյանը իր ելույթը կենտրոնացրեց դատախազի «պրիմիտիվության» մասին հայտարարության վրա և հիշեցրեց հենց դատախազ Բաղդասարյանի գործողությունները, որը միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի մասին այն բանի հիման վրա, որ հենց դատավորին զրպարտել էին։ Ընդ որում՝ Պապոյանը միջորդությունը բավարարեց։ Համեմատեք և համոզվեք, թե ով է ներկայացնում պրիմիտիվ միջնորդություններ, առաջարկեց փաստաբանը՝ փաստելով, որ մեղադրող կողմը մշտապես պաշտպանությանն է վերագրում սեփական թերությունները։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16.00-ին, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ